Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ լռություն

Փետրվար 26,1999 00:00
lrutyun

 ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը՝ Հայաստանում հայտնաբերված ՍՊԻԴ-ը բուժող դեղամիջոցի մասին, առայժմ զուսպ արձագանքի է արժանացել։

Նախագահի մամուլի խոսնակն այդ մասին թերահավատ ժպիտով արտահայտվեց, առողջապահության նախարարը որեւէ դիրքորոշում առայժմ չդրսեւորեց։ Ասպարեզից անհետացավ նաեւ ՍՊԻԴ-ի կենտրոնի տնօրենը։

Հաշվի առնելով աշխարհում ՍՊԻԴ-ի տարածման տեմպերը, հիվանդների չափազանց մեծ թիվը, գոնե լրագրողներս, ակնկալում էինք մեծ հետաքրքրություն՝ հատկապես դրսից։ Սակայն «արտասահմանն» առայժմ լռում է։ Արտգործնախարարության լրատվականից ճշտեցինք, որ դրսից այս հարցով ոչ ոք չի անհանգստացրել։ ՆԳ եւ ԱԱ նախարարության լրատվության վարչության պետ Միքայել Գրիգորյանն էլ ասաց, որ գոնե ինքը նման ինֆորմացիա չունի. այսինքն՝ վերոնշյալ հարցով ոչ ոք իրեն չի դիմել։

Անկախ նրանից՝ արտասահմանցիները որքանով լուրջ կամ թերահավատությամբ են ընդունում մեր հայտարարությունները, ամեն դեպքում չզլացան ներկայացնել իրենց վերաբերմունքն «Առավոտին»։ Իսկ վերաբերմունքը՝ ուշադրությամբ մամուլում հայտնված տեղեկատվությանը հետեւելն է։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հույս հայտնեց, որ ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը։ Սակայն պաշտոնական դիմում մեր կառավարությանը կամ որեւէ նախարարության, ինչպես նշեց մամուլի կցորդը, չի եղել։ Պաշտոնապես որեւէ հետաքրքրություն չի դրսեւորել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը հանրապետությունում չէ եւ նրա կարծիքն իմանալը հետաձգվեց մինչեւ երկուշաբթի։ Սակայն մեր ունեցած տեղեկություններով, մյուս շաբաթվա ընթացքում հայկական կողմից այս հարցում կմտնի որոշակի հստակություն։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728