Ձեռքս դանդա՜ղ սահեցնելով գրքի ողորկ կազմով՝ տենդագին բացեցի սկզբից առաջին էջը, ապա՝ երկրորդը, երրորդը, չորրորդը, մինչեւ հասա նպատակիս՝ բացելով վերջին՝ 121-րդ էջը։ Այրվող դեմքս սուզելով վերջին էջի մեջ՝ անհուսալիորեն փորձում էի հասկանալ՝ մի՞թե սա է հայկական առաջին սիրավեպը՝ Կարինե Աղաբեկյանի «Սիրո հասունացումը»։
Սիրավեպի համաշխարհային պատմության մեջ 20-րդ դարավերջին այս ժանրը ամենաընթերցվողն է։ Ու այս թեմայով գրողները՝ բացի հերոսներին վերջում ամուսնացնելուց, ամենամանրամասն նկարագրության են արժանացնում նրանց սիրո եւ կրքի բոլոր նյուանսները, որքան էլ դրանք առաջին հայացքից անամոթ թվան։
Հայկական սիրավեպի ավանգարդին հավակնող «Սիրո հասունացման» մեջ (զուտ հետաքրքրությունից) ողջ խմբագրությունով փորձեցինք գտնել բաց տեսարաններ։ Այդպիսիք մեզ երկար փնտրտուքից հետո անգամ չհաջողվեց գտնել։ Հերոսները՝ Լիլիթն ու Մհերը, նախ մնում են «ժամանակին» խափանված վերելակում։ Հետո, շատ էջեր անց, Մհերը երկար արձակում էր Լիլիթի վերարկուն՝ կոճակ առ կոճակ, ապա Լիլիթն է արձակում Մհերի վերնաշապիկի կոճակները եւ ձեռքը դնում տղայի կրծքին։ Տղայի եւ աղջկա հանդիպումները նկարագրված են շատ մանրամասն, բայց հենց որ նրանք թեթեւ գրկախառնվում են, ամեն ինչ վերջանում է։ Լիլիթն իր կրքոտության վրա է զարմանում, Մհերը՝ նրա միամտության։ «Վերելակը կանգ առավ, եւ նրանք գնացին դեպի աղջկա համարը։ Մհերն անմիջապես նստեց բազմոցին եւ Լիլիթին գոգն առնելով՝ կարոտագին սեղմեց կրծքին։
– (…) Հիմա մանրամասն պատմիր ամեն բան։ Քեզ այդ հաղթանակը (առաջին մրցանակ ստանալը) դժվա՞ր տրվեց»։
Կարդացեք նաև
Լիլիթի պատմությունից հետո նրանք միմյանց «բարի գիշեր» են մաղթում, եւ Մհերը գնում է իր համարը։
Քանի որ սիրավեպի սյուժեն իրական է եւ դեպքերը շարադրված են այնպես, ինչպես որ իրականում են եղել, մենք մեզ իրավունք չենք վերապահում անդրադառնալ գրքի գեղարվեստական արժանիքներին կամ դեպքերի զարգացման տրամաբանությանը։ Պարզապես այս պատմությունը հայ «դասական» սիրավեպին հավակնելուց շատ հեռու է։ «Աղջկա պարանոցը, որտեղ խենթացած թպրտում էր զարկերակը» համբուրելը, երեւի ցավոք, բայց այլեւս հետաքրքիր չէ։
ԼԻԼԻ՜Թ ԱՎԱԳՅԱՆ