Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԵՋ ՊԱՏԵՀԱՊԱՇՏՆԵՐ, ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ԿԱՆ

Փետրվար 26,1999 00:00
Andranik Margaryan

Հանրապետության նախագահն արդեն սկսել է իր հանդիպումները «խոշոր» կուսակցությունների հետ։ Շարքի առաջին հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էր, որի նախագահ Անդրանիկ Մարգարյանը երեկ «Մամուլի ազգային ակումբի» հյուրն էր։

Պրն Մարգարյանի ասածի եւ նախագահի լրատվական ծառայության պաշտոնական տեղեկատվության միջեւ էական տարբերություններ (ոճական եւ բովանդակային առումներով) չեղան։ Հանդիպման ընթացքում հանրապետականները նախագահին հայտնել են իրենց անհագուրդ ցանկությունը առաջիկա ընտրություններին երկրում վստահության մթնոլորտ ստեղծելու վերաբերյալ։ Այնպիսի մթնոլորտ, որը նման չլինի 95-96 թթ. մթնոլորտին։ Պրն Մարգարյանն այս պարագայում կարեւորեց ժողովրդի պատմական դերն ու սահմանադրական իրավունքները։ Նա նաեւ նախագահին իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ «Կատարվում են քայլեր, որոնք համահունչ են նախագահի նախընտրական ծրագրերին, բայց դրանք պատշաճ չեն լուսաբանում նախագահի աշխատակազմն ու կառավարությունը»։

Որպես այդպիսին նա նշեց աղետի գոտու ծրագրի իրագործումը, ներդրումների ակտիվացումը, հաջողությունները օրինականության պահպանման շրջանում։ Որպես վերջինիս ապացույց ասվեց. «Վերջին իրադարձությունները դա են ցույց տալիս»։ Թե՛ նախագահը, թե՛ հանրապետականները երկուստեք հայտնել են իրենց վճռականությունը՝ բացահայտելու Արծրուն Մարգարյանի (նաեւ՝ Վահրամ Խորխոռունու) սպանությունները։ Ըստ պրն Մարգարյանի՝ ամենահավանական է այն, որ Արսեն Խաչատրյանը սպանությունը կատարել է ինչ-ինչ ուժերի դրդմամբ։ Տեսականորեն չբացառվեց նաեւ, որ Արսեն Խաչատրյանը իր վրա է վերցրել սպանությունը ճնշման տակ։

Առաջիկա ընտրություններին հանրապետականները պատրաստ են համագործակցել բոլոր կուսակցությունների հետ (նամանավանդ Դեմիրճյանի կուսակցության հետ- Լ. Ա.)։ Հանրապետականները՝ ի տարբերություն այլ կուսակցությունների, կասկած չունեն, որ Քոչարյանը լեգիտիմ նախագահ է։ Ինչ վերաբերում է իրենց կուսակցությունն «իշխանական» համարելուն, պրն Մարգարյանը նշեց, որ միայն Վազգեն Սարգսյանն ու Դավիթ Զադոյանն են կառավարության անդամ։

Պատգամավոր Ռուբեն Հակոբյանի առաջարկությունը՝ թաղապետերին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու վերաբերյալ, պրն Մարգարյանն ըստ էության անտրամաբանական համարեց։ Նրանց (թաղապետերին) ընտրում է ժողովուրդը, ուրեմն «առաջադրվող պատգամավորներն էլ պետք է վայր դնեն իրենց մանդատները, քանի որ իրենք էլ են ընտրված ժողովրդի կողմից»։ Իսկ «Աղվան Հովսեփյանը շատ վատ ներկայացրեց իր ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ միջնորդությունը, ո՛չ համոզիչ»։

Թեեւ պրն Մարգարյանն իրենց կուսակցությունն էլիտար համարեց («այն առումով, որ կուսակցության անդամներն իրենց հետեւից կարող են հազարների տանել»), սակայն լրագրողներից մեկն այն կարծիքը հայտնեց, թե հանրապետական կուսակցությանն անդամագրվածները կուսակցափոխության հարուստ փորձ ունեն։ Օրինակ՝ Դավիթ Զադոյանը կոմունիստ է եղել, ապա ՀՀՇ-ական, հետո՝ երկրապահ, այժմ՝ հանրապետական։ Նույնը՝ մասամբ նաեւ Վազգեն Սարգսյանը։ «Պրն Մարգարյան, մտավախություն չունե՞ք, որ եթե ընտրություններին պարտություն կրեք, եւ հաղթի, ասենք, Դեմիրճյանի կուսակցությունը, հանրապետականների շարքերը արագ կնոսրանան»։ Նման մտավախություն Անդրանիկ Մարգարյանը չհայտնեց։ «Այո, կան պատեհապաշտներ (նկատի չունեմ պրն Զադոյանին), որոնց առջեւ փակել ճանապարհները մեզ չհաջողվեց՝ անկախ մեր ջանքերից»։

Մեր այն հարցին, թե իրենց հետ այլ կուսակցությունները ցանկություն հայտնե՞լ են համագործակցելու, մասնավորապես՝ ժողովրդական կուսակցությունը, պրն Մարգարյանը դրական պատասխան տվեց եւ ավելացրեց. «Կարող ենք միանգամից կլոր սեղան հրավիրել, սակայն այս 7 տարվա փորձը ցույց է տվել, որ քաղաքական որոշումները կլոր սեղանների շուրջ չեն որոշվում»։

Ինչ խոսք, այդպես է. քաղաքական որոշումները կայացվում են կուլիսներում, ուր սեղանները (առավել եւս՝ կլոր) ոչ մի դեր էլ չունեն։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728