Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց Անգլիայում Wilton Park-ի կազմակերպած միջազգային խորհրդաժողովին՝ «Turkey։ A Future in Europe?»
Հայաստանի Հանրապետություն, Երեւան, 25 փետրվարի, 1999թ.- Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ս/թ.փետրվարի 15-21-ը մասնակցեց Մեծ Բրիտանիայի Արտգործնախարարության Wilton Park կենտրոնի կազմակերպած տարեկան խորհրդաժողովների շարքին մաս կազմող «Թուրքիա՝ ապագա՞ Եվրոպայում» թեմայով միջազգային գիտաժողովին։ Ներկա էին նաեւ եվրոպական երկրների դիվանագիտական եւ զինվորական ներկայացուցիչներ, Թուրքիայից, Հունաստանից, Կիպրոսից ու հյուսիսային Կիպրոսից եկած պաշտոնական եւ մտավորական պատվիրակներ։ Հայաստանից հրավիրված էր միայն Րաֆֆի Հովհաննիսյանը։
Քննության առնելով Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության նպատակահարմարությունը, խորհրդաժողովը կենտրոնացավ այդ երկրի ներքաղաքական, քրդական եւ այլ փոքրամասնությունների, մարդու իրավունքների խնդիրների վրա, ինչպես նաեւ զննեց Թուրքիայի քաղաքականությունը՝ Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի, Ռուսաստանի եւ տարածաշրջանի նկատմամբ։
«Թեեւ թուրք պաշտոնական մոտեցումները քննարկումների ժամանակ գերառկա էին՝ իրենց երկրի «պաշարման մտայնությունը» պայմանավորելով արտաքին գործոններով (օրինակ՝ հայկական «ագրեսիա», հույն-հայկական «առասպելաբանություն», արաբական ազգայնականություն, իրանական արմատականություն), սակայն այս գծի կրողներն իրենց արժանի պատասխանը ստացան ոչ միայն հայ եւ որոշ եվրոպացի պատվիրակների, այլ նաեւ մի շարք թուրք գիտնականների կողմից»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
«Խորհրդաժողովի ընթացքն ու բովանդակությունը փաստագրեցին, որ Հայաստանը նման ասպարեզներում պիտի մշտաներկա լինի՝ իր ազգային շահը պաշտպանելու համար, եւ միաժամանակ՝ եվրոպացիներին, հույներին եւ քուրդերին զուգահեռ, ծրագրային հարաբերություններ իրականացնի թուրք այդ գիտակից շերտի հետ, որն այսօր՝ թեեւ փոքրամասնական, այնուամենայնիվ առավել բանական, ինքնաքննադատ ու արդարամիտ այլընտրանք է ներկայացնում Թուրքիայում իշխող ավանդական, այլամերժ քաղաքականությանը»։
ՌԱՀՀԿ