Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶԱՆՈՒՄ ԵՎ ՄԵՐ ՇՈՒՐՋ

Փետրվար 26,1999 00:00
ojalan

Հարցազրույց ՊԱԿ-ի պաշտոնաթող գնդապետ, այդ կառույցի քաղաքական հակահետախուզության վերջին պետ Գեւորգ Սարգսյանցի հետ։ Նկատի առնելով նրա աշխատանքային փորձը, զրույցի հրավիրեցինք Աբդուլլահ Օջալանի ձերբակալմանը հետեւած իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար։

-Նախ ասեմ՝ հետեւելով ԶԼՄ-ներին այն տպավորությունն եմ ստացել, որ Թուրքիան անմիջապես իմանում էր, թե ինչ շարժեր էր կատարում Աբդուլլահ Օջալանը։ Թեպետ նա, ասենք մեկ երկրից մյուսը տեղափոխվելիս շատ գաղտնի բնակարաններում էր տեղավորվում, սակայն Մոսկվայում անգամ նրա գտնվելու վայրը շատ արագ հայտնի էր դառնում։ Այստեղ հարկ է նշել մի շատ հետաքրքիր հանգամանք. մի քանի անգամ փորձ եղավ Օջալանի «մենաստանը հայտնաբերել» Հայաստանում կամ Ղարաբաղում։ Նույնիսկ Թուրքիան խիստ նոտայով դիմեց ՀՀ ԱԳՆ-ին։ Բոլոր դեպքերում, արհեստականորեն ստեղծվում էին ինչ-որ հանգամանքներ, որպեսզի Թուրքիան հնարավորություն ունենա, այսպես ասենք՝ Հայաստանի նկատմամբ դժգոհություն արտահայտել։ Երբ դա համադրում ենք այսօրվա իրավիճակի հետ, երբ այլեւս ձերբակալված է Աբդուլլահ Օջալանը, ապա պետք է արձանագրենք, որ ԱՊՀ տարածքում քրդական շարժումն իր առավել ակտիվ դրսեւորումներն է ստանում՝ ընդհուպ մինչեւ հացադուլ եւ ինքնահրկիզում, բացառապես Մոսկվայում եւ Հայաստանում։ Սա շատ հետաքրքիր հանգամանք է։

Հայտնի է, որ մեծաքանակ քրդեր բնակվում են ինչպես Վրաստանում, այնպես էլ Ադրբեջանում։ Այնտեղ եւս քրդական համայնքները կազմակերպված են։ Ոչ Ադրբեջանում, եւ ոչ էլ Վրաստանում նմանատիպ գործողություններ չեն կատարվել, կամ էլ եթե կատարվել են, դրանց աշխարհը անհաղորդ է մնացել եւ միջազգային հանրությունն այդպիսի ելույթներ չի արձանագրել։

Հարկ է արձանագրել մեկ հանգամանք եւս. մինչեւ այսօր քրդերը որեւէ պահանջ չէին դնում Հայաստանի իշխանությունների առջեւ։ Հայաստանի հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունները միշտ էլ հնարավորություն ունեցել են քրդական շարժման նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտել։ Բայց իշխանությունները չեզոք դիրք էին բռնել, իհարկե, նկատի ունենալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, որպեսզի հանկարծ մեղադրանք չներկայացվի Թուրքիայի ներքին գործերին խառնվելու միտում ունենալու մեջ։ Այսօր քրդերը Հայաստանի իշխանություններից պահանջում են, որպեսզի նրանք սատար կանգնեն քրդական հարցին՝ հիշեցնելով, որ եթե դարասկզբին կոտորած է եղել հայերի նկատմամբ, ապա դա այսօր իրականացվում է քրդերի նկատմամբ։ Ասվում է, թե մեր եղբայր ժողովուրդներ լինելու հանգամանքը պետք է ազդեցություն ունենա, որպեսզի Հայաստանի իշխանություններն ի նպաստ քրդերի որոշակի գործողություններ կատարեն։

Միգուցե քրդական աշխատավորական կուսակցության մեջ ընդգրկված են թուրքական, ինչպես նաեւ այլ թուրքամետ պետությունների հատուկ ծառայությունների գործակալներ, առաջին հերթին, իհարկե, Կենտրոնական հետախուզական վարչությունը նկատի ունեմ, որոնք դրդում են այդ գործողությունները կազմակերպել Հայաստանում։

Իհարկե, սա միայն վարկած է։ Բայց նմանատիպ գործողությունները, մեղմ ասած, չեն նպաստում Հայաստանի ներքին քաղաքական առողջ մթնոլորտի պահպանմանը։ Միաժամանակ, Ադրբեջանի եւ Վրաստանի քրդական համայնքների պասիվ վիճակը ցույց է տալիս, որ նշված արտաքին ուժերին ձեռնտու չէ վատթարացնել Ադրբեջանի եւ Վրաստանի ներքին քաղաքական իրավիճակը, քանի որ այդ պետությունները, այսպես ասենք՝ ՆԱՏՕ-ամետ եւ թուրքամետ քաղաքականություն են վարում։

Այստեղ կա նաեւ Ռուսաստան-Հայաստան-Իրան հարաբերությունների խնդիրը։ Երկար ժամանակ է խոսվում, որ կա Հյուսիսային Ադրբեջան եւ Հարավային Ադրբեջան։ Իրանական Ադրբեջանում 60-ական թվականներին շատ մեծ շարժում ծայր առավ, ընդհուպ մինչեւ ինքնավարության պահանջը։ Շահ Ռեզա Փեհլեվիի ժամանակներում ԱՄՆ-ը շահագրգիռ չէր, որպեսզի ազերա-քրդական շարժումը հաջող ընթացք ունենա, որովհետեւ դա կարող էր հանգեցնել տարածքային փոփոխությունների՝ հօգուտ Խորհրդային Միության։ Ազերիների եւ քրդերի, որոնք էթնիկապես ոչ մի ընդհանուր եզր չունեն, միասնական շարժումը մեկ անգամ եւս վկայում է, որ դա հրահրվել էր արտաքին ուժերի կողմից։ Այսօր բոլորիս հայտնի է Միացյալ Նահանգների հակաիրանական դիրքորոշումը։ Իրանի հետ խնդիրներ ունի նաեւ Թուրքիան։ Ռուսաստանը եւս իր շահերն ունի Իրանում՝ թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական։ Ատոմակայանի կառուցման պատճառով վեճ է առաջացել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ, եւ վերջինս բողոքում է, թե Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում Իրանը միջուկային զենք ունենալու հնարավորություն կստանա։ Ստացվում է համագործակցության առանցք՝ Մոսկվա-Թեհրան, որում Հայաստանը մի հանգույց է, մի բանալի՝ կամարի քար բանալին է, որը եթե հանես՝ կամարը փուլ կգա։ Ում ձեռքին որ այդ բանալին լինի՝ նա էլ այս տարածքում վերահսկողություն կունենա երկրաքաղաքական միջավայրի վրա։ Հայաստանն է այդ քար բանալին։

– Պարոն Սարգսյանց, արդյո՞ք, նաեւ արտաքին ուժերի ներգործությամբ են պայմանավորված պառակտումները ավանդական կուսակցություններում՝ ՍԴՀԿ-ում եւ ՌԱԿ-ում։

– Իհարկե, ավանդական կուսակցությունները երկար տարիներ գործելով Սփյուռքում, տարբեր երկրներում, չէին կարող լինել տվյալ երկրի կամ աշխարհակալ պետությունների հատուկ ծառայությունների ուշադրությունից դուրս։ Քանի որ Խորհրդային Միությունում կար Հայաստան երկիր, որի դեմ հնարավորություն կար Սփյուռքի մեր կազմակերպությունների միջոցով աշխատել, ուստի բնական է, որ հատուկ ծառայությունները զբաղվեին հայկական համայնքներով՝ առաջին հերթին ավանդական կուսակցություններում աշխատելով։ Իսկ եթե խոսքն այսօրվա պառակտումների մասին է, ապա վերոնշյալին կարելի է գումարել իշխանատենչությունը, աթոռատենչությունը, ինչը բնորոշ է մարդ էակին։ Առաջիկայում նոր ընտրություններ են, եւ դժվար թե այս տարի հնարավորություններն ավելի շատ լինեն, քան եղել են մինչ այսօր։ Ավելի մեծ կլինեն կազմակերպված ուժի եւ գումար տնօրինողների հնարավորությունները, իսկ իդեալական տարբերակը՝ այդ երկուսի համադրումն է։

Բոլոր դեպքերում, չի կարող այնպես պատահել, երբ մեր շուրջը ալեկոծված լինի, իսկ Հայաստանում ամեն ինչ կայուն։ Դա անհնար է, բնության մեջ այդպես չի լինում։ Իսկ երբ աշխարհում եւ մասնավորապես տարածաշրջանում նման խոշոր եւ սուր ընթացքներ ունեցող իրադարձություններ են կատարվում, անկախ նրանից, դրանք հրահրված են, թե ինքնաբուխ, այդ ամբողջն ազդում է նաեւ Հայաստանի վրա, որովհետեւ մեր երկիրն էլ բոլոր պետությունների պես մի սուբյեկտ է, որը ենթարկվում է ընդհանուր տիեզերական եւ երկրային օրինաչափություններին։ Աշխարհով մեկ գոյություն ունեցող ալեկոծություններով կարելի է բացատրել նաեւ ինչպես մեր Ազգային ժողովում, այնպես էլ խորհրդարան-կառավարություն հարաբերություններում եղած պառակտումները։ Իհարկե, այս ամբողջը նաեւ նախընտրական պայքարի թեժ լիցք է պարունակում։

– Իսկ ի՞նչ եք կարծում, պառակտման վտանգ մեր մյուս ավանդական կուսակցությանը՝ ՀՅԴ-ին կամ մյուս ազդեցիկ կուսակցություններին սպասվո՞ւմ է։

-Եթե խոսքը ՀՅԴ-ի մասին է, միանշանակ որեւէ բան չեմ կարող ասել՝ կլինի՞ պառակտում, թե՞ ոչ։ Բայց միարժեք է, որ այսօր Դաշնակցությունը ճգնաժամ է ապրում՝ առաջնորդի ճգնաժամ։ Քանի դեռ Մարուխյանը ողջ էր, չկար որեւէ խնդիր, իսկ այսօր առաջին դեմքի դիրքի համար պայքար անպայմանորեն պետք է մղվի։ Ինչ-որ մեկն անպայմանորեն պետք է առաջին դեմք դառնա։ Գուցեեւ այդ պայքարն ի հայտ բերի նաեւ հարաբերությունների որակական նոր հատկանիշներ՝ Երկիր-Սփյուռք կուսակցական շրջանակներում կարող են ինչ-որ ճշգրտումներ կատարվել։ Սա մեկ։ Երկրորդը՝ կարող են խնդիրներ առաջանալ նաեւ Սփյուռքում՝ էլի աթոռապայքարի բովանդակությամբ։ Այս հանգամանքն էլ չպետք է անտեսվի, մանավանդ որ, ես լսել եմ (չգիտեմ որքանով է դա ճիշտ), թե ՀՅԴ բյուրոն պետք է վերականգնվի Լիբանանում։ Իսկ ո՞վ է լինելու բյուրոյի ղեկավարը։ Այս հարցում եւս պայքար է լինելու։ Իսկ արտասահմանում ՀՅԴ-ի մեջ մեծամասնության կողմից միանշանակորեն ընդունված լիդեր չկա։

Զրույցը վարեց

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728