Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ՈՒՄ ՎԱՏ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՑ ԱԶԱՏՎՈ՞ՒՄ ԵՆ

Փետրվար 25,1999 00:00
eph

Մայր բուհի ուսանողները, որ միշտ իրենք են ստիպված եղել պատասխանել իրենց դասախոս՝ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հարցերին, երեկ բացառիկ հնարավորություն էին ստացել հենց նրան «հարցաքննելու»։ Էս գլխից փաստենք, որ առիթից օգտվելու այնքան շնորհք չունեցան, թե նախարարին մի լավ նեղը գցեն։ Դեռ հակառակը, նախարարից, ընդ որում՝ արդարացիորեն, իրենց «բաժին հասավ»։

ԵՊՀ-ի ուսանողական արհկոմի եւ բանասիրական ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնած հանդիպման գլխավոր նպատակը «Կրթության մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։ Վերջինս արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ում, այնպես որ նախարարի գնահատականը, թե «երեւի բավականին ուշացած է այս հանդիպումը», տեղին էր։ Սակայն դա փոխհատուցվեց այն հույսով, որ «այս հանդիպումը կունենա որակական ավելի բարձր աստիճան»՝ ավելի վաղ Երեւանի մանկավարժական ինստիտուտում կայացած նման հանդիպման համեմատ։ Բայց հաջորդ խոսքերից պարզ դարձավ, որ հանդիպման որակը ոչ թե բուհի որակով է պայմանավորված, այլ որ «նախարարությունն արդեն ունի հստակ պատկերացում մեր բուհական քաղաքականության հիմնադրույթների վերաբերյալ», նաեւ երիտասարդության հարցերի վերաբերյալ։

Վերջինի առնչությամբ նախարարը դիտողություն արեց. «Երիտասարդությունը, որպես կազմակերպված միավոր, Հայաստանում, ցավոք սրտի, հանդես է գալիս միայն ուսանողության դերում»։ Տարիքային այս շերտի շահերն ուսանողությունն է միայն պաշտպանում, այն էլ՝ թերի, ու այս հարցում դեռ շատ անելիք կա։ Ձեւի առումով գրեթե բոլոր բուհերն ունեն ուսանողական կազմակերպություններ, բայց բովանդակություն չկա։ Դրանք «հիմնականում պարփակված են. իրենք իրենց մեջ եւ չեն կարողանում վայելել ընդհանուրի վստահությունը»։ Ավելին, դրանք «բյուրոկրատանալու», բուհերի ղեկավարության անկամ կցորդը դառնալու միտում են դրսեւորում։ Նախարարը սովորեցրեց, թե ուսանողները ինչ պիտի անեն, որպեսզի ազդեցիկ ուժ դառնան ու կարողանան իրենց շահերը պաշտպանել։ Այս հարցում պետական ատյանների դերը չմոռացվեց ու կարեւորվեց ուսխորհուրդներին ռեալ լծակներ տալու անհրաժեշտությունը։ Նախարարի հավաստմամբ իրենք մտադիր են ուսանողական հանրակացարանների ղեկավարումն ամբողջովին հանձնել ուսխորհուրդներին։

Բայց այս ամենից առավել մայր բուհի ուսանողությանը ԵՊՀ-ին տրվելիք հատուկ կարգավիճակի հարցն էր մտահոգում ու հիմնականում հենց այս թեմայի շուրջն էին պտտվում։ Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը, որի մեջ մտնում է շուրջ 40 ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություն, նույնիսկ հանդես եկավ նման պահանջ-խնդրանքով։ Անգամ փորձ արվեց «թասիբի գցել» նախարարին, թե դաշնակցական իշխանությունները 80 տարի առաջ հիմնեցին համալսարանը, իսկ դաշնակցական նախարարը, որը նաեւ այդ բուհի դասախոս է, նրան հատուկ կարգավիճակ տալու ջատագով չէ։ Սակայն նախարարը սադրանքին դիմացավ ու առանց կոմպլեքսների հիմնավորեց՝ «վիճակները համեմատելի չեն», քանի որ 1919-ին նորաստեղծ Հայաստանի առաջին ու միակ բուհի մասին էր խոսքը, իսկ այսօր ունենք «շատ հզոր բուհական համակարգ»։ Եվ հետո, ի՞նչ է նշանակում հատուկ կարգավիճակ։ Նման հասկացություն նաեւ այլ երկրների օրենսդրության մեջ չկա, «կան կարգավիճակների աստիճաններ՝ ինքնավարություն, մասնակի ինքնավարություն, ինքնավարությունից զրկված…»։ ԵՊՀ-ի ուզածը ձեւակերպելով այսպես, թե «օրենքում շեշտվի, որ մեր համալսարանը մայր բուհն է եւ իբրեւ մայր բուհ ինքը որոշակի բազիսային արժեք է մեր կրթական համակարգի համար»՝ կոչ արեց «եկեք համալսարանական խնդիրներն այնպես դնենք, որ մյուս խոշոր հաստատություններին, որոնցից յուրաքանչյուրն ազգային արժեք է, չվիրավորենք»։

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ «Կրթության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Եվրահամայնքի փորձագետների պաշտոնական եզրակացությունում շեշտվում է՝ «օրենքում պիտի հստակ ֆիքսվի համալսարանական ինքնավարություն հասկացությունը եւ նրա հիմնական սկզբունքները»։ ԵՊՀ-ի դասախոսների եւ ուսանողների լոբբինգն այս հարցում դրական որակեց, բայց՝ որպես այդ խավերի ակտիվանալու նշան, նաեւ կոչ արեց՝ «համալսարանական հայրենասիրությունն այսպես արտահայտվի նաեւ ներքին պրոբլեմներում, որ այս նույն ձեւով ուսխորհուրդը մի օր քննարկեր մեր համալսարանի ներքին խնդիրները եւ ուղղեր այս դրական էմոցիան ավելի գործնական ճանապարհով»։ Այսինքն, որ համալսարանական «ազգայնականությունը» շատ ավելի լուրջ պրոբլեմների լուծմանը նպաստի։ «Մայր բուհը մեկ ֆիքսված նախադասությամբ չէ, որ պիտի մայր բուհ լինի», այլ իր որակի մասին պիտի մտածի եւ իր «գերակայությունը այլ բուհերի համեմատ» ռեալ որակով ու բովանդակությամբ ապացուցի։ Իսկ ուսանողները պիտի դրան աջակցեն, նպաստեն թերությունների վերացմանը, ասենք՝ կաշառք չտան, որովհետեւ դրա համար գլխավոր մեղավորը հենց ուսանողներն են, ոչ դասախոսները։ Նախարարն էլ խոստանում է նման հարցերում միշտ ուսանողների «թիկունքին կանգնել», այլապես՝ «նախարարն իր տեղում չէ»։

Այստեղ թերեւս տեղին է մեջբերել ուսանողներից մեկի տված գրավոր հարցն ամբողջությամբ. «Ուսանողները գրեթե ոչ մի իրական իրավունք չունեն հրաժարվել վատ դասախոսից։ Հարցը ոչ թե համակրանք-հակակրանքի մասին է, այլ այն, որ դասախոսությունն անհետաքրքիր է, ձանձրալի։ Համալսարանի դասախոսը պարտադրում է գնել իր գրած գիրքը, որն ուսանողներին կարող է նույնիսկ պետք չգալ՝ սպառնալով ապագա քննություններ-ստուգարքներով։ Բոլոր բողոքները մնում են անպատասխան։ Ուսանողներին պետք չեն թղթի վրա գրված օրենքները։ Ի՞նչ կարծիքի եք գրեթե հարյուրամյա դասախոսների մասին»։ Հարցը փոխանցելով հանդիպումը վարող ուսխորհուրդների ներկայացուցիչներին՝ նախարարը այն մատուցեց իբրեւ վառ օրինակ այն իրողության, որ ուսանողների շահերը պաշտպանելու կոչված ուսխորհուրդներն ու ուսարհկոմներն իրականում ձեւական բնույթ են կրում։

Հարցը պարզաբանելու պատասխանատվությունից չխուսափեց ԵՊՀ-ի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, որի խոսքի հիմնական շեշտը դարձյալ ուսանողության հասցեին քննադատությունն էր։ Նախ արդարացավ. «Համալսարանում վատ դասախոսներից մենք ազատվում ենք միայն եւ միայն այն դեպքում, երբ ունենք ձեր (ուսանողների- Ն. Հ.) աջակցությունը եւ վերջին երկու-երեք տարիներին մենք մի քանի հոգուց ազատվել ենք»։ Բայց «կշտամբեց» ուսանողներին ոչ թե նման հարց տալու, այլ այն դեպքի համար, երբ գրել էին, որ ուզում են այս դասախոսից ազատվել, հետո իրենց խոսքից հրաժարվել՝ ռեկտորին «դնելով ամենավատ վիճակում»։ Նա ուսանողներին կոչ արեց իրենց տեղյակ պահել այն դասախոսների մասին, որոնք կպարտադրեն իրենց գրքերը ուսանողներին։ «Հարյուրամյա դասախոսների» պրոբլեմը ընդունեց՝ դա սոցիալական հարց որակելով։

Գալիք խորհրդարանական ընտրությունների շեմին՝ նախարարը մի կարեւոր հարց էլ «մեջտեղ հանեց»։ Ուսանողությունն այն «յուղոտ պատառն» է, որ քաղաքական ուժերը կձգտեն իրենց շահերին ծառայեցնել։ Բայց ուսանողությունն այն դաշտն է, որ «չպիտի ենթարկվի կուսակցական շահարկումներին» ու պիտի լինի ապաքաղաքականացված։ «Ուսանողներն ազատ են ստեղծել իրենց գաղափարական կազմակերպությունները, ներգրավվել տարբեր շարժումներում, բայց՝ իրենց դասաժամերից դուրս, եւ կրթական հաստատություններում քննարկվելու են ուսանողության խնդիրները»։ Սրան ի պատասխան, ուսանողներից մեկն ընդվզեց. «Ի՞նչ բացասական բան կա, եթե քաղաքական դաշտում առկա պրոբլեմների քննարկմանը կամ լուծմանը նաեւ ուսանողներ են մասնակցում»։ Սա տեղիք տվեց նախարարին ճշտելու իր չհասկացված միտքը։ Խոսքը ուսանողներին քաղաքական կյանքից հեռացնելու մասին չէ, այլ՝ «համալսարանն իբրեւ ամբողջական կառույց չի կարող լինել գաղափարախոսության վայր»։ Այլ կերպ ասած՝ պետք է ոչ թե քաղաքական ուժերն օգտագործեն ուսանողներին, այլ՝ ճիշտ հակառակը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728