Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԳԱՌՆԻՆ՝ ԱՆՈՒՍՈՒՑԻՉ

Փետրվար 25,1999 00:00
garni

Նշանավոր բնակավայրերի ցանկում Գառնին մի առանձնահատուկ տեղ է գրավում։ Հայաստանի մեծ գյուղերից է, ունի 1700 տնտեսություն։ Գյուղն ունի երկու դպրոց, երկու գրադարան։ Մեկի գրապահոցում պահպանվում է 16.000 կտոր գիրք, իսկ մանկականում՝ 10.000։ Մանկական գրադարանի շենքային պայմաններն այնքան էլ մխիթարական չեն, այն առայժմ տեղավորված է նախկին սովխոզի գրասենյակի շենքում։ Գրադարանի վարիչ Մանյա Կարապետյանի հավաստմամբ, 1993-ից ի վեր ոչ մի գիրք չեն ստացել։

Գառնիում ակտիվ է մշակութային կյանքը։ Գառնեցիներն ամեն տարի նշում են եկեղեցական եւ ազգային տոները։ Գյուղում ավանդաբար անցկացվում է երգի փառատոն։ Մշակույթի տանը գործում են պարի, ձեռագործության խմբակները, ինչպես նաեւ բժշկական դասընթացները, որտեղ ուսուցումն ութ ամսով է, իսկ ավարտողներին տրվում է վկայական։ Գյուղում վաղուց (շուրջ 25 տարի) գործում է սպորտդպրոցը՝ ձյուդոյի, սամբոյի, ըմբշամարտի եւ կարատեի խմբերով։ Պարապում են 4-5 մարզիչներ՝ բոլորն էլ բարձրագույն մասնագիտական կրթությամբ։ Գառնեցի մարզիկներից Արեւիկ Կարապետյանը ձյուդոյից նվաճել է Հայաստանի, իսկ սամբոյից՝ աշխարհի չեմպիոնի կոչումը։ Այժմ սովորում է ֆիզկուլտուրայի ինստիտուտում, սակայն մարզական պարապմունքների համար անհրաժեշտ պայմաններ չունի։ Գառնիում դեռեւս խորհրդային տարիներից գործում է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի ու քանոնի բաժիններով։

Գյուղում անցյալ տարի բացվել է գորգագործության «Գառնի» անունը կրող արտադրամասը, որտեղ աշխատում են չորս վարպետներ եւ մեկ տասնյակ աշակերտներ։ Գորգերը կրում են «Գառնի» պիտակը։

Գործազրկությունն ու սոցիալական լարվածությունն այստեղ եւս իրենց զգացնել են տալիս ամեն քայլափոխի։ Վերջին տարիներին գյուղից որոշ գաղթ է տեղի ունեցել։ Գառնիում քաղաքական կյանքը նույնպես իրեն զգացնել է տալիս։ Գործում են Հայաստանի գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցությունների տեղական խմբերն ու մասնաճյուղերը։ Հատկապես ակտիվ են դաշնակներն ու կոմունիստները։ Արցախյան ազատամարտում զոհվել են 12 գառնեցի ազատամարտիկներ, որոնց աճյուններն ամփոփված են առանձին գերեզմանոցում։

Տարեց գառնեցիները գանգատվում են, որ, ի տարբերություն նախորդ տարիների, գյուղում հազվադեպ են հյուրընկալվում հանրապետության անվանի գրողներն ու արվեստագետները։ Նշեցին նաեւ, որ գյուղի դպրոցները կարիք են զգում օտար եւ ռուսաց լեզուների որակյալ մասնագետների, ու հարկ համարեցին իրենց այդ խնդրանքին թերթի միջոցով տալ հասարակական հնչեղություն։

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728