Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնյակի գործարանի ֆրանսիացի տնօրենը նախընտրում է ռուսերենը

Փետրվար 25,1999 00:00
Pier Larech

«Փետրվարին մոսկովյան վեցերորդ միջազգային «Պրոդէքսպո-99» տոնավաճառում բրենդիի «Արարատ» գործարանի «Նաիրի» եւ «Դվին» կոնյակները նվաճեցին «ոսկե» եւ «արծաթե» մեդալներ։ «Դրսում՝ մրցանակներ, իսկ ներսում՝ տակավին լուծված չէ բրենդիի «Արարատ» ապրանքանիշի նկատմամբ մեր մենաշնորհի խնդիրը»,- ասաց տնօրեն Պիեռ Լառեչը։

Չկա իրավական դաշտ, որն էլ խթանում է կեղծարարությունները։ Որպես ապացույց ներկայացրեց տարբեր վաճառակետերից, խանութներից արկղերով բռնագրավված տարաձեւ դիզայնի կոնյակի մեծ քանակությունը։ Ի դեպ, Պ. Լառեչը որքան հետեւողական, նույնքան էլ զգուշավոր է, երեւույթի վրա հրավիրելով միայն ՆԳ մարմինների ուշադրությունը։ Լրագրողները, թերեւս, «արջի ծառայություն» կարող են մատուցել։ Հունիսին տնօրենն ակնկալում է ՀՀ կառավարության հետ ապրանքանիշին վերաբերող հիմնահարցի վերջնական կարգավորումը, հակառակ դեպքում, ասաց. «Մենք կհեռանանք, բայց եկել ենք մնալու, գնալը նպատակ չէ»։ Սպիրտի պաշարները ապրանքանիշից հետո երկրորդ պայմանն էին կոնյակի գործարքում։ Անբավարարվածության զգացում չունեն այս առիթով։ Իսկ երբ ակնարկեցի, թե լուրեր են պտտվում որպես ժառանգություն ստացած սպիրտի սակավ պաշարների մասին, պատասխանեց. «Կոնյակի արտադրության մեջ ամենուր՝ լինի Ֆրանսիայում, թե Հայաստանում, տեղի է ունենում կոնյակի սպիրտի 3-4 տոկոս կորուստ, գոլորշիացում, որը կոչվում է «հրեշտակների բաժին»։

Առայժմ տեսականու փոփոխություն չի նախատեսվում։ Պահպանվում է նախկին՝ հինգաստղանի եւ մինչեւ 70 տարվա 12 տեսակավոր կոնյակների թողարկումը՝ օրական 18 հազար շիշ։ Ի դեպ, արտադրանքի 20 տոկոսն է միայն իրացվում տեղական շուկայում։ Կոնյակի որակի բարձր գամմա ապահովող նախագծեր կան, որոնց մասին չցանկացավ ծավալվել։ Հունվարին Արմավիրում վերագործարկվել է թորման արտադրամասը, որը հինգ տարի չէր գործել։ Քիչ ծանրաբեռնվածության պատճառով թորման կետը փակվել է Բուրաստանի կոնյակի գործարանում։ Առանց հանգստյան օրերի աշխատող Երեւանի կոնյակի գործարանում այսօր պարապուրդում գտնվող բանվորներ կան։ Շշալցման արտադրամասում կրճատվելու է 38 աշխատատեղ, փոխարենը կարիք ունեն որակյալ տակառագործների։

«Ֆրանսերենի իմացությունը պարտադիր պայման կլինի՞, արդյոք, գործարան ընդունվելու համար» հարցին Պիեռ Լառեչը պատասխանեց. «Եթե ոչ պարտադիր, ապա ցանկալի։ Աշխատողներից շուրջ 50 հոգի արդեն ցանկություն է հայտնել ֆրանսերեն սովորելու, որոնց համար դասընթացներ ենք ուզում կազմակերպել։ Բացառված չէ, որ այստեղ աշխատող բանվորը վաղը հայտնվի Բելգիայի կամ Ֆրանսիայի կոնյակի արտադրությունում»։

Հետո «Դուք առանց հայերենի իմացության կկարողանա՞ք հաջողել ձեր գործերը Հայաստանում» հարցին պատասխանեց. «Թեեւ լեզուների նկատմամբ առանձնակի հակում չունեմ, սակայն նախընտրում եմ ռուսերենը, քանի որ հայկական բրենդիի ամենամեծ շուկան ռուսականն է»։

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ի՜նչ նրբանկատ են ֆրանսիացիները, երբ խոսում են կոնյակի սպիրտի հնարավոր պակասի մասին։ Պարզվում է, հրեշտակներն անտարբեր չեն կոնյակի նման ազնվագույն ըմպելիքի հանդեպ։ Բայց, մյուս կողմից, որքա՜ն գործնական են ապրանքանիշի մենաշնորհին տիրանալու գործում։ Ու նույնքա՜ն կոպիտ, երբ ոտնահարում են մեր ոսկեղենիկ մայրենին պաշտպանող «ՀՀ օրենքը լեզվի մասին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728