Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԽՈՍՔԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ

Փետրվար 25,1999 00:00

ՄԱՆՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԽՈՍՔԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ «Հայագրոբանկին» դիտելով որպես վայելուչ, պետական օրենքներն ու կարգը հարգող, ֆիրմայի արժանապատվությունն ամեն ինչից վեր դասող լուրջ կազմակերպություն, համապատասխան պայմանագիր կնքելով, Ապարանի շրջկոոպը 1995 թ. ընթացքում ձեռք բերեց 750,0 հազար դրամի արժեթղթեր (ակցիա), որի տարեկան շահույթը (դիվիդենդ) կազմեց 180 տոկոս։ Պարտավորությունների նկատմամբ բարեխիղճ լինելու դեպքում բանկը 1996 թ. մարտ ամսին Ապարանի շրջկոոպին պետք է հատկացներ ազնիվ ճանապարհով ձեռք բերված 1.084,5 հազար դրամ գումարը։ Սակայն այդ գումարը մինչեւ այժմ մեզ չի հատկացվել։ Անհուսալի գործընկերոջ ցածր վարկի հետեւանքով, 1996 թ. ապրիլին շրջկոոպն ստիպված եղավ հետ ստանալ արժետոմսերի 750,0 հազար դրամ գումարը՝ բանկի կողմից շարունակ «գցվելուց» խուսափելու համար։ Հաշվարկները ցույց են տալիս, որ այս պատճառով բանկի շորթումը 1998 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 1.355,6 դրամ։ Դրա փոխարեն բանկն ամենայն հաշվենկատությամբ նույն՝ 1995 թ. ընթացքում կազմակերպությանը հատկացված վարկի դիմաց գանձել է 5.275,6 հազար դրամ վարկային տոկոս։ Եվ եթե բանկը մեզ չխաբեր ու բաժնետոմսերի ձեռքբերման համար չներդրվեր 750,0 հազար դրամ գումար, ապա այդքանով պակաս կլիներ մեր վարկավորումը եւ, որպես վարկային տոկոսներ, բանկին կվճարվեր 1.865,3 հազար դրամ պակաս գումար։ Նկատելի է, թե որքան մեծ է եղել «Հայագրոբանկի» վաստակը մեր կազմակերպությանը կիսասնանկ վիճակի հասցնելու, բյուջեի պարտքերը ժամանակին չվճարելու հետեւանքով տույժեր ու տուգանքներ վճարելու, մեկ աշխատողի միջին աշխատավարձը ընդամենը 2500 դրամի հասցնելու եւ ընդհանրապես կազմակերպության աշխատանքները կաթվածահար անելու ուղղությամբ։ Շրջկոոպի վարչությունը խնդրում է ու պահանջում՝ մեկ ամսվա ընթացքում վճարել 1998 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեցած 1.355,6 հազար դրամ գումարն ամբողջությամբ, իսկ 1998 թ. դիվիդենդները հաշվարկելուց հետո, դարձյալ մեկ ամսվա ընթացքում, վճարել վերոհիշյալ գումարի չափով դիվիդենդը։ Մեր օրինական գումարները նշված ժամկետում չվերադարձնելու դեպքում վարչությունը կձեռնարկի հնարավոր բոլոր քայլերը՝ սկսած զանգվածային լրատվության միջոցներով հարցի հասարակայնացմամբ, մինչեւ ուրիշների ֆինանսական միջոցները խաբեությամբ շորթելու համար բանկին հանրապետական դատախազության զանգվածային միջոցով պատասխանատվության ենթարկելը։ Իսկ հետագա սկանդալների, ինչպես նաեւ հանրապետական զանգվածային լրատվության բոլոր միջոցներով բանկի վարկանիշին հասցվող բարոյական վնասի ամբողջ պատասխանատվությունը մնում է բանկի ղեկավարության վրա։ Մ. ԱՎԴԱԼՅԱՆ Ապարանի շրջկոոպի վարչության նախագահ Փաստորեն, խնդիրը նույնն է։ Ե՛վ բաժնետիրական բանկերում, ե՛ւ բաժնետիրական ընկերություններում մանր սեփականատերերի իրավունքները պաշտպանված չեն։ Ձայնի իրավունք չունեցող մանր բաժնետերերը սովորաբար օրինական կարգով իրենց անունից լիազորում են ԲԸ գործադիր կառույցների աշխատակիցներին։ Վերջիններիս քվեարկությունը ընդհանուր ժողովներում վերահսկվում է խոշոր բաժնետերերի (տերերի) կողմից։ Իսկ մանր ավանդատուները մնում են կոտրած տաշտակի առաջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել