Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների մեխանիկան

Փետրվար 25,1999 00:00

Ընտրությունների մեխանիկան Իսկ մեզ պե՞տք են ազատ, արդար ընտրություններ Արդեն հինգ տարի է՝ Հայաստանի թիվ 1 խնդիրը ազատ, արդար ընտրություններ անցկացնելն է: Այս խնդիրն այն աստիճան է սրվել, որ մարդկանց արդեն թվում է, թե դա ինչ-որ անհասանելի, անհնարին բան է: Եվ մարդիկ այդպես մտածելու իրավունք ունեն, որովհետեւ իրենց աչքով են տեսել ու իրենց մաշկի վրա զգացել ընտրությունների ողջ ծանրությունը: Այսօր էլ ամենամեծ աղմուկը ապագա ընտրությունների շուրջ է: Ի՞նչ է կատարվում: Սակայն հարց է առաջանում, որը կարծես որեւէ մեկն առայժմ չի բարձրացրել՝ իսկ մեզ պե՞տք են ազատ, արդար ընտրություններ: Այն, որ մարդն ունի ընտրելու իրավունք՝ սահմանված է ոչ միայն երկրային օրենքներով ու սահմանադրություններով, այլեւ երկնային պատվիրաններով: Ընտրության իրավունքը ամենամեծ շնորհներից է, որ Տերը պարգեւել է մարդուն: Եվ մարդու ամեն մի քայլափոխը ընտրություն է՝ իր կամքով ու իր խղճին համապատասխան: Այդ թվում նաեւ՝ երբ նա ընտրում է իր նման մեկին որպես պատգամավոր կամ համայնքապետ կամ նախագահ: Ոմանք սա համարում են սրբապղծություն, ոմանք՝ զարգացման նախապայման, ոմանք՝ Տիրոջ սահմանած կարգ: Սակայն ինչպես էլ որ սա համարվի՝ խնդիրը ինքը ընտրությունն է՝ իր նման մեկին իրեն ղեկավար: Եվ ահա այստեղ սկսվում է կամ սրբապղծությունը, կամ զարգացումը, կամ կարգը: Վերադառնանք բարձրացված հարցին՝ մեզ պե՞տք են ազատ, արդար ընտրություններ: Ավելի ստույգ՝ նրանց, ովքեր ի պաշտոնե առնչվում են ընտրություններին եւ ցանկանում են ընտրվել, նրանց, ովքեր կոչված են առաջնորդել ազգը: Պարզվում է՝ ոչ: Իսկ ի՞նչ է իրականում կատարվում: Սկսած 1995թ. խորհրդարանական ընտրություններից, ավելի ճիշտ՝ ընտրարշավից, ամեն անգամ նախընտրական շրջանում քաղաքական ուժերը հասարակական կարծիքը նախապատրաստում են այն բանին, որ ընտրությունները կեղծվելու են: Հայաստանի կուսակցություններն այս հարցում հասել են աներեւակայելի հմտության՝ արդեն ընտրությունների շեմին բոլորը համոզված են, որ ընտրությունները կեղծված են: Այս մթնոլորտում արդեն տեղի է ունենում քաղաքական ուժերի սակարկությունը՝ պատգամավորական տեղերի, պաշտոնների եւ քաղաքական դերաբաշխման շուրջ: Ինչպես ասում են, պղտոր ու կանգնած ջրում ձուկն ավելի հեշտ է որսվում: Ազատ եւ արդար ընտրությունների դեպքում սա հնարավոր չէ իրագործել, ավելի շուտ՝ Հայաստանի քաղաքական համակարգը չի տիրապետում այն ժամանակակից տեխնոլոգիաներին, որոնց կիրառմամբ հնարավոր է միաժամանակ իրագործել թե ազատ ընտրությունները, թե դերաբաշխումը, ինչպես քաղաքակիրթ երկրներում: Ներկայում կատարվում է նույնը. քաղաքական ուժերը սկսել են հասարակական կարծիքը պատրաստել նրան, որ խորհրդարանի ապագա ընտրությունները կեղծվելու են: Այստեղ էական չէ արդեն, որ ներկայում ՀՀՇ-ն է դա անում, նախկինում այսօրվա իշխանական կուսակցություններն էին անում: Խնդիրն այն է, որ մենք հինգ տարում ոչ մի քայլ առաջ չենք գնացել: Եվ այսպիսով՝ բոլորս դեպի ընտրություններ. շքերթի հրամանատարը նորին մեծություն աչքակապությունն է: ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել