Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼԵՎՍ ՆՄԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԻ՛ ԳՆԱՑԵՔ

Փետրվար 25,1999 00:00
domino

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահին

Միանգամայն հեռու ենք մեր սոցիալական դժվարությունների արմատները Ձեր եւ երկրի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարման մեջ տեսնելուց։ Նույնքան հեռու ենք մեր պետականության վերականգնումն ու ութնամյա գոյությունը նախագահներիդ իմաստնությամբ կամ շարժման տրամաբանությամբ պայմանավորելուց (դարասկզբին Հայաստանի հետ անկախություն ստացած տարածաշրջանային երկրները մեզ հետ էլ կորցրին այն, իսկ դարավերջին չենք կորցնում դարձյալ մյուսների պես)։ Հասկանում ենք, որ կանցնեն տասնամյակներ, դարեր, կմոռացվեն երեկվա եւ այսօրվա ցուրտը, խավարը, թերսնումը, տնտեսության փլուզումը, մշակույթի եւ գիտության ամլացումը, սոցիալական դժվարությունները, նույնիսկ արտագաղթը, իսկ Արցախի եւ հարակից հայկական տարածքների ազատագրումը կդառնա ժամանակաշրջանի դեմքը եւ անանց արժեք։

Այդ կարգի ամեն կորուստ վերականգնելի է, սակայն ազգային էության ոլորտի կորուստներն ամենեւին էլ օբյեկտիվ ռեալությունների արդյունք չեն, եւ դրանցից խուսափելը միանգամայն հնարավոր էր եւ է։ Նախագահական նախընտրական պայքարում նախորդների վրա ցեխ չշպրտելը, ժառանգությունից չհրաժարվելը, արժանապատիվ կեցվածքը շատերիս հույս ներշնչեց, որ Ձեզ կհաջողվի մեր պատմության մի հակասականորեն հերոսական, բայցեւ՝ իր առաքելությունը կատարած փուլն անցավ, անցնցում շրջել՝ առաջնորդելով մեզ դեպի պետական շինարարության նոր աստիճան։ Մեկ տարի անց՝ այսօր էլ ուզում ենք հավատալ, որ այն Ձեզ դեռեւս կհաջողվի, թեեւ մեկ տարին էլ քիչ չէ։ Շատերս ուրախացանք, երբ մեր առաջին նախագահն իր վճռորոշ դերը խաղաց Սփյուռքահայ հատվածից Ամենայն Հայոց Կաթողիկոս ունենալու գործում, երբ Դուք, Արցախյան հատվածից, դարձաք վարչապետ, ապա՝ նախագահ։ Մտածում էինք, որ հայաստանցի-սփյուռքահայ, հայաստանցի-արցախցի եւ այլ ներդրված ու վտանգավոր բաժանումներն այլեւս չեն գործի։ Մինչդեռ այսօր անհանգստանալու լուրջ պատճառներ կան։

Մեծարգո՛ նախագահ, թախանձագին խնդրում ենք, Դուք գոնե այլեւս նման բաժանումների մի՛ գնացեք։ Դուք ամբողջ պետության ղեկավարն եք, Դուք ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահն եք։ 20-րդ դարի նշանավոր դեմքերից մեկը՝ Քեմալը, իրեն Աթաթուրք (թուրքերի հայր) կոչեց, ու նրան հաջողվեց չգոյությունից հզոր, աշխարհիկ պետություն սարքել։ Նախագահը պարտավոր է հոր՝ սիրող հայացքով նայել բոլորին, անկախ այն բանից՝ իր քաղաքական հակառակորդնե՞րն են, թե՞ հենարանը։ Մարդկային թուլությունները ներելի են բոլորին, բայց ոչ ամբողջ պատասխանատվությունը ստանձնած արքաներին։ Սիրելի նախագահ, ամենեւին պետք չէ չարության որոշակի չափաբաժին պարունակող տոնով ազգը բաժանել «մոսկա»-ների եւ «փղերի»։ Միայն մատերիալիստական մարքսիզմն է որակի չափման միավոր ընդունում քանակը. մենք 3-րդ հազարամյակի նախաշեմին ենք, իսկ Հայաստանը պրովինցիա չէ։ Այդպես չափում էր մեր քաղաքական այրերից մեկը, երբ մեր փոքր թվակազմը հաշվի առնելով՝ մեզ վերապահում էր «մոսկա»-ի դերը, իսկ այդ «մոսկա»-ն հաղթեց «լույսի թագավորություն» Ադրբեջանին։

Այդպես դարասկզբին մեր կանոնավոր բանակները բազում անգամներ լքեցին ռազմադաշտերը, իսկ ղարաբաղցի մահապարտների փոքրաթիվ խմբերը կանգնեցին, կռվեցին եւ հաղթեցին. հիմա ի՞նչ, թվաքանակի պատճառով «մոսկա՞» անվանել նրանց։ Հույն ժողովրդի մի ամբողջ ժամանակահատվածի մասին այսօր հիշում են միայն «մոսկա»-յաչափ 300 սպարտացիներով։ Մի «մոսկա»-յաչափ հրեական բանակը 6 օրվա ընթացքում ծնկի բերեց մի քանի արաբական երկրների բանակների։ Երբ Դուք՝ փոքրիկ երկրի մեր նախագահդ, Հայոց ցեղասպանությունից բավականին արժանապատվորեն խոսեցիք (թեեւ մենք միանշանակորեն դեմ ենք հայոց բացառապես ներազգային հարցը հերթական անգամ միջազգային դատ դարձնելու նախորդ դարի կղերական դիվանագիտությանը) հզոր տերությունների նախագահների առջեւ, Ձեզ նույնիսկ ծափահարեցին, քանի որ փոքրիկ Հայաստանը ՄԱԿ-ի իրավահավասար անդամներից է եւ ոչ «մոսկա»։ Թումանյանն ասում էր. «Միշտ ուժեղից ուժեղը կա, իսկ ամենից ուժեղը՝ ՄԱՀ» (խոսքը Միջազգային արժութային հիմնադրամի մասին չէ)։

Սիրելի նախագահ, այդպիսի մատերիալիստական բաժանումները ծնում են անբնական այն հոգեբանական մթնոլորտը, որտեղ բնականորեն առաջանում է հակադրվելու, «ղարաբաղցի-հայաստանցի», «մոսկա-փիղ», «հայ-շուռ տված հայ» խեղումը։ Խնդրում ենք՝ մնացեք բարձունքում. Դուք աշխարհին ներկայանալու մեր դեմքն եք, Դուք շարքային քաղաքացու օրինակն եք։ Մեզ պետական մտածողության, օրինաչափ ժառանգորդման օրինակը տվեք։ Չափազանց անկեղծորեն ուզում ենք հավատալ, որ Ձեր վերջին ելույթների պարագայում պարզապես սխալ խորհուրդներ էին տվել, երբ առաջին անգամ խոսեցիք «կլիզմայի», հաջորդ անգամ՝ պարտված քաղաքական ուժի ղեկավարի՝ ՀՀ քաղաքացու «մեջքից ներքեւ»՝ հետույքի մասին։ Հայաստանում սեռական նման պաթոլոգիա երբեք չի եղել. դեռեւս 1927-ին կնոջ պատճառով դատապարտված Չարենցը Երեւանի ուղղիչ տանը արվամոլության համար պատիժը կրող միայն ադրբեջանցու է հիշում. տղամարդկության մասին հայաստանյան պատկերացումները գրեթե միշտ ասպետականության հետ են ասոցիացվել։

Սիրելի՛ նախագահ, մենք համաձայն ենք, որ ավելի ծանր սոցիալական վիճակում հայտնվենք, միայն թե, եթե պետք է, Ձեր փոխարեն թող այլ պաշտոնյաներ օտարերկրյա դեսպանատանը ստորագրեն ֆուտբոլի գնդակի վրա, թող այլ պաշտոնյաներ մինչեւ ինքնաթիռի ուղեսրահ ուղեկցեն մեզ համար թեկուզեւ շատ ցանկալի հյուրերին։ Թախանձագին խնդրում ենք ժողովրդին «կլիզմա» անելու ախտանիշն արգելել բոլորին, այդ թվում նրանց, ովքեր տաբելային կամ ապօրինի զենքի վրա (ի դեպ, դատախազությունն արդեն պարզե՞լ է, թե ում ատրճանակն էր Գառնի գյուղի գայթաքարը) հրապարակային երդման արարողություններ են սարքում… Այսօր միայն Դուք Ձեր նախագահական բարձունքից հնարավորություն ունեք կանխելու ընկածին խփելու կնաբարոյության, ժառանգությունից հրաժարվելու եւ ամեն անգամ զրոյից սկսելու հեղափոխականության, թունավոր վրիժառության մթնոլորտի ձեւավորումը։ Ո՞ր հայրն է վրեժ լուծում իր զավակից՝ վատ արարքի համար. նա միայն պատժում է, եթե Տարաս Բուլբա կամ Վահան Մամիկոնյան չէ, ո՞ր զավակն է վրեժ լուծում հորից, եթե Պավլիկ Մորոզով չէ, ո՞ր ընկերն է վրեժ լուծում զինակցից, եթե Յակոբին չէ։ Մենք ամենայն իրավունքով Ձեզանի՛ց ենք ակնկալում հանդուրժողականություն, շրջահայացություն, քաղաքակիրթ հարաբերությունների երաշխավորում։

Մեծարգո նախագահ, համոզված ենք, որ Ձեր շրջապատում շատերն այս բաց նամակը որակելու են որպես Ձեր դեմ ուղղված քայլ։ Համոզված ենք, որ ընդդիմադիր շատերը, նկատի ունենալով Ձեզ հասցեագրված որակումների չափազանց հարգալիցությունը, այս բաց նամակը որակելու են որպես քծնանք։ Համարեք, որ ոչ մեկն էլ մերձ չէ ճշմարտությանը։ Ճշմարտությունն այն է, որ Դուք մեր երկրի նախագահն եք, եւ, անկախ Ձեր անձից, մեր վերաբերմունքը լինելու էր օրինապաշտ, քաղաքացիական եւ հարգալից։ Ճշմարտությունն այն է, որ Դուք մեր երկրի նախագահն եք, եւ մենք իրավունք ունենք Ձեզնից պահանջելու ցանկացած հարցի պատասխան։ Եվ որպեսզի ասվածի անկողմնակալությունն ու անկեղծությունը կասկածելի չթվան, որպեսզի տողատակերում ակնկալիքներ չփնտրվեն, հայտարարում ենք, որ գիտակցում ենք, թե այսօրը չէ, այլ վաղվա օրն է մերը՝ պահպանողականությանը, ուստի կուսակցությունն այսօր լայնածավալ ընտրությունների չի էլ նախապատրաստվելու։ Պարզապես տանուլ չտաք մեր պետության այսօրը, իսկ վաղը մենք կկերտենք, եւ կկերտենք լուսավոր, առանց կիրառելու մատերիալիզմի եւս մի քստմնելի օրենք՝ բացասման բացասման օրենքը։ Մենք որդին եւ տերն ենք մեր ողջ պատմության, մեր հայրենիքի, որն ամենեւին էլ դատարկ հնչյուն չէ։ Իսկ այդ Հայրենիքը միայն մեկ անուն ունի՝ արժանապատի՛վ Հայաստան։

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728