ՀՀՇ առաջիկա համագումարը նախատեսված է մարտի 5-ին։ Անկասկած, եթե ՀՀՇ-ն իշխանություն լիներ, վաղօրոք հեռուստատեսությունն ու ռադիոն վերոհիշյալ համագումարի նախապատրաստական աշխատանքները կլուսաբանեին, մի քանի գովազդի վարպետներ եւ մուլտիպլիկատորներ էլ հատուկ համագումարային հոլովակներ կպատրաստեին։ Բայց անցան այն ժամանակները, երբ «անոնք ներկա էին», իսկ ՀՀՇ-ն կանգնեց շարասյան վերջում։
Անկախ այս ամենից, արդեն ընդդիմադիր կուսակցություն ՀՀՇ-ն պատրաստվում է իր համագումարին։ Ստիպված ենք օգտագործել ծամծմված մի արտահայտություն եւ ասել՝ լուրեր են պտտվում, թե ՀՀՇ համագումարը մարտի 5-ին տեղի չի ունենա, եւ ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանն էլ չի վերադառնա։ Թողնենք լուրերն այսպես պտտվեն, իսկ մենք գանք ու ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանին մի քանի հարց տանք.
-Ի՞նչ կասեք Վանո Սիրադեղյանի առողջական վիճակի եւ նրա վերադարձի մասին։ Ասեմ, որ ակնկալում ենք առավել թարմ տեղեկություն։
-Նոր տեղեկություն չկա, այն է, ինչ-որ մենք ասել ենք, որ ախտորոշման փուլում է, կոմպլեքս ստուգում է անցնում, եւ եթե ամեն ինչ բարեհաջող լինի, այսինքն սրտի վիրահատության խնդիրը չլինի, ես համոզված եմ, որ Վանո Սիրադեղյանը մինչեւ մարտի 5-ը կգա։
Կարդացեք նաև
-Անձամբ դո՞ւք եք խոսել նրա հետ։
-Ես չեմ խոսել անձամբ։
-Իսկ ո՞վ է խոսել։
-Արարատ Զուրաբյանը։
-Իսկ համագումարի նախապատրաստական փուլն ինչպե՞ս է ընթանում։
-Համագումարի հետ կապված ասեմ. տարածքային կազմակերպությունների ժողովներն արդեն վերջացրել ենք, մարտի 5-ին կանենք, գուցե մի 2-3 օրվա շեղում լինի՝ կապված տեխնիկական խնդիրների հետ, բայց դեռեւս ոչինչ չկա։
-Կուսակցության անդամների թվի նվազում, գուցե՝ ավելացո՞ւմ…
-Բնականաբար ինչ-որ չափով նվազել է այն բուֆերային մասը, որը միշտ ինչ-որ պատեհապաշտության հետեւից է գնում։ Բայց նորմալ վիճակ է, ինչ-որ խնդիր չկա։ Մենք 10-ից 1-ին ենք ընտրում համագումարի պատվիրակ։
-Իսկ ո՞ր դահլիճում եք նախատեսում անցկացնել համագումարը։
-Մենք դիմել ենք կառավարության մեծ դահլիճի համար՝ Մելիք-Ադամյան։ Ոչ մի խնդիր չկա։
-Սպասվո՞ւմ է պատվիրակություն Արցախից։
-Մենք ունենք 50 տարածքային կազմակերպություններ, բոլորից պատվիրակություններ կլինեն։ Արցախում կազմակերպություն չունենք։
-Տեղական կառույցները համագումարի նախապատրաստվելու եւ ընդհանրապես աշխատանքի ընթացքում որեւէ խոչընդոտի, արգելքի չե՞ն հանդիպում։
-Չէ, այդ ամենն արդեն անցել ենք, փաստորեն, այս մեկ տարվա ընթացքում գոնե նրանք, ովքեր աշխատում էին, հեռացվել են իրենց աշխատանքից, էլ տեղ չկա, այսպես ասած խոչընդոտներ անելու։ Ժողովները նորմալ ընթանում են, բարդություններ կան՝ ֆինանսական, տեխնիկական, բայց լուծվում են։ Սովորում ենք ընդդիմություն լինել։
-Խորհրդարանական առաջիկա ընտրություններից ի՞նչ ակնկալիք ունեք, քանի՞ տեղ կարող եք կամ կուզեիք ունենալ։
-Քանի որ վստահ եմ, ընտրությունները նորմալ չեն անցնի, այսինքն՝ արդար եւ այլն, հիմա կանխատեսումներ անելը շատ բարդ է։ Բայց, վստահ եմ, որ մասնակցության դեպքում 5%-ը հանգիստ կանցնի։
-Հնարավո՞ր է ՀՀՇ-ի դաշինքը այլ կուսակցությունների հետ։
-Կոնսուլտացիաներ գնում են, չեն բացառվում։ Լիբերալ-ժողովրդավարական գաղափարներ դավանող ցանկացած կուսակցության հետ հնարավոր է։ Պրոցեսը գնում է, քանի որ կոնսուլտացիաների շրջան է, ավելին չեմ կարող ասել։
Հարցազրույցը՝
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ