Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆ. «ՍԼԱՔԱՎԱՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ»

Փետրվար 25,1999 00:00
babken ararkcyan

«Այն, ինչ տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի հետ, արտառոց երեւույթ է ոչ միայն մեր խորհրդարանի, այլեւ պառլամենտարիզմի պատմության մեջ ընդհանրապես»,- այսպես սկսեց իր դատողությունները նշյալ փաստաթղթին վերաբերող մեր զրույցում ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը։

«Առաջին իսկ պահից ԸՕ-ի ընդունման գործընթացը ուղեկցվեց Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտումներով»։

Կար ԸՕ-ի 3 նախագիծ։ Դրանցից մեկը պաշտպանում էին ԱԺ-ում ներկայացված բոլոր կուսակցությունները, մյուսը՝ բացառապես «Երկրապահ» պատգամավորական խումբը։ Երրորդ նախագիծը, որը հեղինակել էր պատգամավոր Դավիթ Մաթեւոսյանը, «ԱԺ կանոնակարգ» օրենքի խախտումով, իսկ Բաբկեն Արարքցյանն այս հանգամանքը հատկապես շեշտադրեց, ընդհանրապես քննարկման չարժանացավ։ ԱԺ նախկին նախագահի մատուցմամբ, ԸՕ-ի հիմք ընդունվելուց անցումը դեպի առաջին ընթերցում, նույնպես կատարվեց կանոնակարգի խախտումներով։

Անցյալ տարվա նոյեմբերի 11-ին «Հանրապետություն» խմբակցությունն արձանագրելով այդ բոլոր խախտումները, եկավ եզրակացության՝ «ԸՕ-ն առաջին ընթերցմամբ չի ընդունվել։ Խմբակցությունը հայտարարեց, որ ԱԺ-ն պարտավոր է վերացնել օրինախախտումը եւ հիմք ընդունված նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել կանոնակարգի պահանջներին համապատասխան»։

Հակառակ պարագայում՝ իրենք խոստանում էին դադարեցնել մասնակցությունը ԸՕ-ի քննարկումներին, դա համարելով անիմաստ գործ։ Այդպես էլ պատահեց։

Այսքանն ամփոփելուց հետո Բաբկեն Արարքցյանը ներկայացրեց ԸՕ-ի երկրորդ ընթերցման ժամանակ տեղ գտած խախտումները եւս։ Ամփոփաթերթիկներում հիշատակված են այնպիսի մարդկանց եւ կազմակերպությունների անուններ, որոնք չունեին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք. «Բանն այն է, որ դա հասնում է զավեշտի. առաջարկությունների հեղինակներ վերտառության տակ գրված է՝ ԿԸՀ անդամ, որի անուն-ազգանունը նշված չէ»։

Սա շղարշ էր, ցույց տալու, ինչպես պարոն Արարքցյանը ձեւակերպեց, թե ԸՕ-ն ժողովրդավարական քննարկում է անցել, մինչդեռ հայտնի է, որ դրա ամենակարեւոր արտահայտությունը հենց օրենքի պահպանումն է։

Այս ամենը նշանակում է, որ ԸՕ-ի երկրորդ ընթերցումը նույնպես ուղեկցվել է Սահմանադրության խախտումներով։ Պարոն Արարքցյանն ասաց նաեւ, որ էլի բազմաթիվ այսպիսի օրինակներ կարող է մատնանշել։ Ասենք, երկրորդ եւ երրորդ ընթերցումներին ԸՕ-ն ներկայացվել է «Երկրապահ» պատգամավորական խումբ» մակագրությամբ, մինչդեռ դրա իրավունքը խմբերին եւ խմբակցություններին տրված չէ։ «Այս բոլոր խախտումները չէին կարող չունենալ տրամաբանական ավարտ»։

Այս հիմքով էլ Բաբկեն Արարքցյանն անդրադարձավ վերջին օրերին ԸՕ-ի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին։ Նա հարկ համարեց նշել, որ ուղղումներն ամփոփող «Պաշտոնական տեղեկագրում» «փաղաքշորեն տպագրվել են վրիպակները։ Բառը շատ լավ է ընտրված»։

Նախ ներկայացվեցին առաջին հայացքից նկատված բացթողումները. «Օրինակ՝ գրված է 48 բառանոց մի նախադասություն, որը չպիտի լիներ տեքստում։ Եվ հակառակը՝ չկա, ասենք, 20 բառանոց մի նախադասություն, որը պետք է լիներ, եւ այդ վրիպակ կոչվածների թիվն անցնում է չորս տասնյակից»։ Վրիպակը ստորակետի բացթողումն է կամ տառասխալը, բայց, տվյալ դեպքում, գործ ունենք բովանդակային փոփոխության հետ։ Հայտնի չէ նաեւ, վրիպակների ժողովածուն հանրապետության նախագահի կողմից ստորագրվա՞ծ է, թե՞ ոչ։ Ուստի, առաջանում են բազմաթիվ հարցեր. «Ի՞նչ տեքստ է ԱԺ-ից ուղարկվել նախագահին, ի՞նչ տեքստ է նա ստացել եւ ստորագրել, որտե՞ղ են կատարվել այս փոփոխությունները։ Դրանք այնպիսիք չեն, որ տեխնիկական աշխատողի պատճառով տեղ գտնեն։ Սահմանադրության եւ օրենքների խախտումներով ընդունված օրենքը չի կարող համարվել այդպիսին։ Այդ պատճառով եմ ես ասել, որ սա ոչ թե ԸՕ է, այլ ԱԺ պատգամավորների նշանակման կարգ։ Պատահական չէ, որ քաղաքական շրջանակներում այսօր քննարկվում է ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը։

Այսօր զանազան մարդիկ փորձում են այս ամենը բարդել ինչ-որ սլաքավարների, տեխնիկական աշխատողների կամ պատգամավորի վրա՝ հայտարարելով, թե նա գերազանցել է իր լիազորությունները։ Դա անհեթեթություն է»։

Այսքանից հետո Բաբկեն Արարքցյանը տվեց իր եզրակացությունը՝ օրենսգրքի ճակատագիրը պետք է որոշի ԱԺ-ն, եւ խնդրի հանգուցալուծման մեջ առաջին հերթին պետք է շահագրգիռ լինեն հատկապես օրենսգրքի հեղինակներն ու այն պահպանող ուժերը։

Արձանագրելով, թե դեպքերի նման ընթացք ոչ ոք չէր կարող նախատեսել՝ թե հետին պլան կմղվի օրենքի բովանդակային կողմը, Բաբկեն Արարքցյանը ներկայացրեց օրենսգրքում տեղ գտած մի շարք անընդունելի դրույթներ, որոնք արդար ընտրությունների հնարավորության հույս չեն թողնում։

Օրենքի այն դրույթը, որը սահմանում է, թե հանձնաժողովների կազմի երեք անդամին նշանակում է կառավարությունը՝ ոչ մի սահմանափակում չունի։ Նրանք «կարող են լինել նույն կուսակցության անդամներ կամ զորահավաքային հանձնաժողովի անդամներ, կամ տարբեր պաշտոնյաներ, որոնք անմիջական ազդեցություն կարող են ունենալ բնակչության վրա»։

Դա անթույլատրելի է, որովհետեւ կարող են նշանակվել համապատասխան կողմնորոշման մարդիկ եւ ուժերից մեկը մեծամասնություն կունենա հանձնաժողովներում։

Խոցելի է նաեւ խորհրդարանական կուսակցություններին 30 հազար ստորագրություն հավաքել պարտադրող դրույթը. «Հաջորդ դրույթը՝ մյուս կուսակցությունները պետք է հավաքեն ոչ պակաս, քան 30 հազար ստորագրություն եւ պետք է այդ ստորագրությունները դրվեն աճուրդի։ Իշխանությունները կարող են միջամտել որեւէ կուսակցության օգտին կամ դեմ»։ Փաստորեն, միացվում են ընտրություններին մասնակցելու եւ հանձնաժողովներում վերահսկողության համար ընդգրկվելու մեխանիզմները, մինչդեռ դրանք զուգահեռ գործընթացներ են եւ կարող է լինել կուսակցություն, որը չի ցանկանում մասնակցել ընտրություններին, բայց ուզում է վերահսկել դրանք։

Այս ամենի արդյունքում Բաբկեն Արարքցյանը հանգել է հետեւյալ եզրակացության. «Իմ կարծիքով, Սահմանադրության եւ օրենքների խախտումներով ընդունված այս փաստաթուղթը չի կարող ճանաչվել օրենք։ Իսկ բովանդակության առումով այն չի կարող ապահովել ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728