Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ԵՊՀ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ կտրականապես հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե Հայաստանի ո՞ր ոչ պետական բուհերը կստանան պետական կարգավիճակ։ Ի արդարացում նախարարը սրտնեղեց, որ բավականին լուրջ շահարկվել է անզգուշորեն ասված իր այն կանխատեսումը, թե ութսունչորս ոչ պետական բուհերից լավագույն դեպքում 4-5-ը կստանան պետական կարգավիճակ։ Շահարկման գործում իրենց լուման են ներդրել նաեւ Եվրահամայնքի փորձագետները, որոնք առիթը բաց չեն թողել նախարարի այդ գնահատականը հատուկ ընդգծել «Կրթության մասին» օրենքի նախագծի մասին իրենց պաշտոնական եզրակացությունում։ Այդ ամենով հանդերձ, անշուշտ, հուսադրող է, որ նախարարը նույն վճռականությամբ փորձում է պատնեշներ դնել զանազան կասկածելի մասնավոր բուհերի համար՝ դիմագրավելով ներքին եւ արտաքին «լոբբինգին»։
Հանդիպման մանրամասները՝ 8-րդ էջում։
ՎԱՏ ԼՈՒՐ
Իր պաշտոնավարության 8-ամսյակը Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը նշեց միջոցառումների առատությամբ, որը, հավանաբար, կոչված էր ապացուցել իր գործունեության արգասաբերությունը եւ համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին։ Նման միջոցառումների շարքում էր ֆոտո եւ հեռուստախցիկների առջեւ զանազան ժապավեններ կտրելը։ Վերջին՝ 13-րդ ժապավենը, մարզպետը կտրեց Ապարանի Արայի գյուղի մշակույթի տան դռան առջեւ։ Սակայն, ավաղ, «Հայլուրը» չկարողացավ պատշաճ խոշորությամբ եւ տեւողությամբ ցուցադրել ժապավեն կտրող պրն Կարապետյանի դեմքը։ Իր ազգանվեր գործունեությունը Հայաստանի հանրությանը ցցուն կերպով չներկայացնելու համար մարզպետն աշխատանքից հեռացրեց իր լրատվական բաժնի պետին։