Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ֆլեշը» եւ «Փնթին» պաշտպանության

Փետրվար 25,1999 00:00
harkatu

Չենք կասկածում, որ մեր վարչապետ Արմեն Դարբինյանը մտահոգ է հայ գործարարների պաշտպանվածությամբ, եւ թերեւս այդ է պատճառը, որ հավաքելով նրանց առաջարկեց «մուծվել»՝ երաշխավորելով, որ այդ դեպքում նրանց այլեւս ոչ ոք չի անհանգստացնի։

Ոչինչ, որ այդ մտահոգությունը մինչեւ վերջ չըմբռնեցին պետական մտահոգություն չունեցող որոշ գործիչներ եւ գործարարներ։ Դրա մասին արդեն մասամբ գրվել է։ Սակայն նույն հանդիպման մասնակից գործարարների համար այդքան էլ պարզ չէր, թե ինչու այդ հանդիպմանը չէին մասնակցում Հայաստանի, իրոք, ամենախոշոր հարկատուները։

Խոսքն առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի («Դոդի Գագո»), Գագիկ Սաֆարյանի, «Փնթի Սամոյի» եւ «Ֆլեշ Բարսեղի» մասին է (վերջին երկու գործարարների ազգանունները մեզ չհաջողվեց ճշտել, քանի որ նրանց այդպես են ճանաչում ոչ միայն գործընկեր գործարարները, այլ նույնիսկ հայ պաշտոնյաները)։ Հարկատու Ծառուկյանը «Կոտայք» գարեջրի գործարանի խոշոր փայատերերից է եւ միաժամանակ զբաղվում է սիգարետի, կահույքի, դեղորայքի, խմիչքի ներմուծմամբ։ Հարկատու Սաֆարյանը, բացի ավիատոմսերի վաճառքի շուկան վերահսկելուց, զբաղված է նաեւ մեծաքանակ ապրանքների ներմուծմամբ։ Ֆլեշ Բարսեղին է վերագրվում Հայաստան բենզինի ներկրման մենաշնորհը։ Ըստ որոշ լուրերի, նրա կամքով են որոշվում Հայաստանում բենզինի եւ մյուս վառելանյութերի մեծածախ վաճառքի եւ, բնականաբար, մանրածախ գները։ Փնթի Սամոյին է վերագրվում օղու, սպիրտի, մսի, լվացքի փոշու, սուրճի ներկրման մենաշնորհը։

Ըստ հայ գործարարների, նշված մարդիկ պետք է որ լինեին Հայաստանի ամենամեծ հարկատուները (եթե, իհարկե, նրանք ընդհանրապես հարկեր մուծում են)։ Նրանց բացակայությունը բացատրվում է նրանով, որ այս մարդիկ հարկային եւ մաքսային մարմինների հետ որեւէ խնդիր չունեն, եւ, բնականաբար, չէին կարող ունենալ վարչապետի կամ հանդիպման մասնակից Պաշտպանության նախարարի հովանավորության կարիքը։ Նրանց հետ կապվելու եւ իրենցից պարզաբանումներ ստանալու մեր փորձերն անհաջողության մատնվեցին։ Ի տարբերություն նախորդ իշխանությունների միանշանակ օժանդակությունը վայելող հանրահայտ գործարարների, այսօրվա «ֆավորիտները» աշխատում են մնալ ստվերում։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728