Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՐԵԹԵ ԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Փետրվար 25,1999 00:00
Azgayin joxov

Երեկ վերջապես հաջողվեց շարունակել շուրջ երկու շաբաթ առաջ ընդմիջված արտահերթ նիստը։

Քննարկվեց «Տիգրան Նաղդալյանի մասին» օրենքը

Շարունակեցին մտքեր փոխանակել «Հայաստանի ազգային հեռուստատեսություն, Հայաստանի ազգային ռադիո» ՊԲԸ կառավարման մասին» չարչրկված օրենքի շուրջ, որն առավել ՀԱՀ-ի վերաբերյալ գնահատականների առիթ էր։ Խոսրով Հարությունյանը գտնում էր, որ վերջին շրջանում հեռուստատեսության մակարդակը բավական բարձրացել է. «Այն լրատվությունը, որ ստանում ենք՝ կազմակերպման եւ որակի տեսանկյունից ավելի հետաքրքրական է դարձել եւ ավելի դիտարժան»։ ԱԺ նախագահը որպես խնդիր դիտարկեց հեռուստատեսության միջոցով առավել հավասարակշռված քաղաքականություն իրականացնելը, հասարակական կարծիք ձեւավորելը. «Ինձ համար հարց է. ՀԱՀ-ի տնօրենը քաղաքական դե՞մք է, թե՞ ոչ։ Սա քաղաքակա՞ն պաշտոն է, թե՞ ոչ։ Այսինքն, արդյոք այդ պետական պաշտոնյան սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտվա՞ծ է»։

Ռուբեն Հակոբյանն էլ էր համաձայն, որ հեռուստատեսությունը բավական բարեփոխվել է։ Չափանիշը մասնավորապես հետեւյալն էր, որ նախկինում իրենց հնարավորություն չեն տվել հեռուստատեսությամբ խոսել գոնե 1 րոպե, իսկ այժմ «քաղաքական քարտեզի որոշակի արտացոլումը համեմատաբար շատ ավելի լավ է դրված, քան 1-2 տարի առաջ»։ Իհարկե, շատ ավելի համոզիչ կլիներ, եթե սա ասեր ոչ թե իշխանամետ, այլ ընդդիմադիր որեւէ կուսակցության ներկայացուցիչ։ Մինչդեռ վերջիններս հակառակն են պնդում։

«Այսպես կոչված Ազգային հեռուստատեսությունն այսօր 3 խնդիր է կատարում՝ Դաշնակցության գաղափարախոսության քարոզչություն, Ռոբերտ Քոչարյանի գովազդ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների վարկաբեկում»,- հայտարարեց Պետրոս Մաքեյանը։

… Ի վերջո, այս օրինագծի քվեարկությունն էլ հետաձգվեց։ Փորձենք կանխատեսել. այն չի ընդունվելու, բայց փոխարենը ժամանակ անց հեռուստատեսության բաժնետերերի խորհրդում ընդգրկվելու են նաեւ ԱԺ-ի ներկայացուցիչները (ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ էր)։ Ի դեպ, այս խորհուրդն էլ որեւէ կապ չունի հեռուստատեսությունում քաղաքականության իրականացման հետ եւ ձեւական մի մարմին է։ Բաժնետերերի խորհրդում ընդգրկված է նաեւ «Առավոտի» գլխավոր խմբագիրը եւ չեմ կարծում, թե նա է թելադրում այն քաղաքականությունը, երբ «Հայլուրն», ասենք, մամուլի տեսություն հաղորդելիս բոլոր հրապարակումները զուսպ ու չեզոք ներկայացնելով՝ մեղադրական մեկնաբանություններ է շարադրում միայն Բաբկեն Արարքցյանի՝ «Առավոտին» տված հարցազրույցի առնչությամբ։

Նորից կոնյակի, «Արմենիա» հյուրանոցի եւ ՀԱՈՒ-ի մասին

Վերջապես սկսեցին քննարկել նաեւ այս բազմաչարչար հաստատությունների գործունեության եւ սեփականաշնորհման գործընթացներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։ Զեկուցողի՝ Վահագն Խաչատրյանի եւ ոչ մի տվյալ առայժմ սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանը չի հերքել։

Այսպես, Վահագն Խաչատրյանը կոնյակի գործարանի վաճառքին առնչվող խնդիրների շարքում նշեց, թե «Պեռնո Ռիկարի» բիզնես պլանով նախատեսվածն արդեն իսկ չի կատարվել. «Իրացումը տարեկան պիտի 15%-ով ավելանար, սակայն ընդհակառակը՝ պակասել է»։ Եվ սեփականաշնորհման նախարարն էլ հաստատեց, որ կոնյակի վաճառքը կրճատվել է։ Առայժմ որեւէ անդրադարձ չի եղել Վահագն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե «Պեռնո Ռիկարի» համար Հայաստանի շուկայում մենաշնորհ դիրք ապահովելու համար կոնյակ արտադրող այլ ձեռնարկությունների 10-15 տարով տրված արտոնագրերը հունվարի 1-ից չեղյալ են հայտարարվել։

Մինչդեռ, խոստումների համաձայն, «Պեռնո Ռիկարը» հայկական կոնյակը ոչ միայն եվրոպական եւ ասիական շուկա չի մտցրել, այլեւ, հասկանալի պատճառներով, իր դիրքերը զիջել է նաեւ ռուսական շուկայում։ «Հիմնական ուշադրությունը սփյուռքահայ գաղութների վրա են դարձրել։ Մարդիկ են գործուղել, որ այնտեղ պայմանագրեր կնքեն, բայց առայժմ հաջողության չեն հասել»,- ասաց պրն Խաչատրյանը։- Համենայնդեպս, «Պեռնո Ռիկարն» այսօր լուրջ կապիտալ ներդրումներ չի կատարում, որ Հայաստանի կոնյակը որեւէ մեծ շուկա մտնի»։ Խնդիրներ կային նաեւ «Արմենիա» հյուրանոցի վերաբերյալ։ Մասնավորապես հայտարարվեց, որ արդեն իսկ 70 աշխատատեղ է կրճատվել։

Բայց առավել հետաքրքիր էին «Հայկական ավիաուղիներին» վերաբերող բացահայտումները։ Վահագն Խաչատրյանի ներկայացրած թվերի համաձայն՝ 1 տարվա ընթացքում ՀԱՈՒ-ի շահութաբերությունը շուրջ 10 անգամ պակասել է, եւ այսօր այն վնասով աշխատող ընկերություն է։ Սեփականաշնորհման նախարարն այդ տվյալներն էլ հաստատեց։

Քննարկման նյութ էին նաեւ ՀԱՈՒ-ում 1997-98-ին իրականացված կառուցվածքային փոփոխությունները, որոնց հետեւանքով շահութաբեր երկու ձեռնարկությունները (տեխնիկական սպասարկման եւ օդանավերում մատուցվող սննդի) առանձնացվել են։ «Ըստ իմ տեղեկությունների, երբ դրանք առանձնացան, որպես մենաշնորհային դիրք ունեցողներ՝ իրենց ծառայությունների գները բավականին բարձրացրել են՝ «бортпитание»-ն 3-4 անգամ նույնիսկ»,- ասաց Վահագն Խաչատրյանը։

Կասկած չկա, որ հետաքրքրական այլ մանրամասներ էլ ի հայտ կգան, եթե քննարկումներն այսօր շարունակվեն (ինչին խիստ կասկածում ենք)։ Վահագն Խաչատրյանը վստահ էր, որ նշված երեք գործարքներում էլ յուրացումների փաստեր կան, եւ հանձնաժողովին երկու ամիսը բավական կլիներ եզրակացություն կազմելու համար։ Իսկ ԱԺ նախագահի եւ կառավարության տեսակետներն էին, որ այս խնդիրների ուսումնասիրությունը ճիշտ կլիներ հանձնարարել ԱԺ վերահսկիչ պալատին։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728