Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕՋԱԼԱՆԱՑՈՒՄ

Փետրվար 25,1999 00:00
ojalan

Քրդական շարժումը երեկ կազմակերպեց իր հերթական հանրահավաքը, կրկին պահանջելով ազատ արձակել PKK առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։ Այս անգամ Հայաստանում բնակվող քրդերը հավաքվել էին Ազատության հրապարակում, եւ թերեւս, այդ պատճառով վանկարկում էին «Պայքար, պայքար, պայքար»։

Ի տարբերություն նախորդ հանրահավաքների, այս մեկը տարբերվում էր իր բազմամարդությամբ՝ մոտ 2-3 հազար մարդ։ Ազատության հրապարակում «Թուրքիա՝ տեռորիստ, Թուրքիա՝ ֆաշիստ» վանկարկելուց հետո քրդերը PKK-ի դրոշներով, Օջալանի դիմանկարներով եւ «Մենք բոլորս օջալաններ ենք» ցուցապաստառներով սկսեցին բարձրանալ Բաղրամյան պողոտայով։ Այս երթը շատ էր հիշեցնում 1996 թ. սեպտեմբերյան երթը, սակայն այն հասավ մինչեւ Հայաստանում Ամերիկյան դեսպանատուն։ Քրդերը նույն կոչերը վանկարկեցին Ամերիկյան դեսպանատան դիմաց՝ բաժանված լինելով 70-80 հայ ոստիկաններից կազմված պատնեշով։ Դեսպանատնից այս երթը շարունակվեց մինչեւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ։

Նույն ոստիկաններն այս անգամ արդեն ՄԱԿ-ի գրասենյակի առաջ էին, եւ չէին թողնում՝ քուրդ ցուցարարներին գրկախառնվել քուրդ հացադուլավորների հետ։ Ցուցարարները ընթերցեցին Միավորված ազգերի կազմակերպությանն ուղղված դիմումը։ Քուրդ ցուցարարներին իր աջակցությունը հայտնեց Աղասի Արշակյանը, հավանաբար, լիահույս, որ անկախ Քուրդիստանի ստեղծվելուց հետո այն կմտնի Ռուսաստան-Բելառուսի մեջ։

Քրդական շարժման ղեկավարները շատ լավ հասկանում են, որ Օջալանի ազատ արձակման կամ արդար դատավարության խնդիրը Հայաստանում չէ, որ որոշվում է։ Սակայն վերջին տասնօրյակի ցույցերի տրամաբանությունը հստակորեն ցույց է տալիս, որ այդ հանրահավաքներն ավելի ու ավելի բազմամարդ են դառնում։ Ցույցերը եւ պայքարի կոչերը հայաստանաբնակ քրդերի մոտ ազգային ինքնագիտակցություն եւ համախմբվածություն են առաջացնում։ Քրդական շարժման ղեկավարներից մեկն ասաց. «Այսօր Օջալանի ազատ արձակումը պահանջող այս մարդիկ, վաղը պայքարը շարունակելու են այլ ճանապարհով, մենք ազգովին օջալանալու ենք»։

Կարծում ենք, որ հենց այս գաղափարն է Հայաստանի շատ քաղաքական ուժերի բուռն հրճվանքի պատճառը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728