ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ԿԱ Աշխարհի շատ լուրջ ու հարուստ պետություններ, որպես իրենց տնտեսական զարգացման ստրատեգիական ուղղություններից մեկը, նշում են տուրիզմի զարգացումը (միտումնավոր չենք օգտագործում «զբոսաշրջիկություն» բառը, քանզի, կարծում եմ, որ այն այնքան էլ չի համապատասխանի հարցին, գոնե այս հոդվածին)։ Տուրիզմի նկատմամբ պետական հոգածությունը բացատրվում է նրանով, որ այն ոչ միայն եկամտի լուրջ աղբյուր է հանդիսանում զուտ տուրիզմով զբաղվող ֆիրմաներին, այլեւ ստեղծում է մանր ու միջին ձեռնարկությունների բավական լայն ցանց։ ԽՍՀՄ տարիներին Հայաստանը համարվում էր տուրիզմով զբաղվող հանրապետություններից մեկը։ Դրա հնարավորությունը մեզ տալիս էր ինչպես բնակլիմայական խիստ շահեկան դիրքը ԽՍՀՄ-ում (հարավ, լեռներ, մրգեր, բուժիչ ջրեր), այնպես էլ պատմական հուշարձանների առկայությունն ու բազմազանությունը։ Մեծ երկրի փլուզումից, ավելի ճիշտ՝ սահմանների բացվելուց հետո, բնական է, հայկական տուրիզմը հասավ հոգեվարքի։ Այս վիճակից դուրս գալու համար վերջին տասը տարիներին գրեթե ոչինչ չարվեց։ Նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների շահագրգիռ բնակիչներին գրավելու փոխարեն, մենք ձեռք բերեցինք ռազմաճակատային գոտու իմիջ՝ Ռուսաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ, շրջափակման հետեւանքով մեր բազմաթիվ պրոբլեմների վերաբերյալ ժամանակ առ ժամանակ նվնվալով։ Թվում է, իրավիճակից դուրս գալու ելքեր, համենայնդեպս, նախանշվում են։ Տեղի հյուրանոցային համալիրները կարգավորելուց բացի, մեր ավանդական հյուրասիրությունը վերստին սկսում ենք ցուցադրել ամեն մի պատեհ առիթով։ Բայց չմոռանանք, որ տուրիզմի զարգացումը պահանջում է ամենալուրջ ներդրումներ, պետության եւ ժողովրդի համատեղ ջանքեր, խստագույն կարգապահություն եւ մի շարք այլ հանգամանքներ, որոնք առկա են տուրիզմով իրենց բյուջեն համալրող պետություններում։ Բնական է, այս հարցում ամենակարեւոր պահերից մեկը ճիշտ գովազդն է։ Նախորդ կիրակի Ռուսաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ «Ճանապարհորդների ակումբ» հաղորդաշարով ցուցադրված Սենկեւիչի «Հայաստանի ոսկին» հաղորդումը վերջին տասը տարիների Հայաստանի լավագույն գովազդը կարելի է համարել։ Յուրի Սենկեւիչի պրոֆեսիոնալությանը հաղորդման մեջ գումարվել էր ինչպես Հայաստանի մասին առավելագույն տեղեկացվածությունը, այնպես էլ թեմատիկայի ճիշտ ընտրությունը, եթե, իհարկե, հաշվի չառնենք մեր պատմական անցյալին վերաբերող հատվածների վրա պետք եղածից շատ կենտրոնանալը։ Բայց ինչպես տեղեկացանք, սա վերջին հաղորդումը չէ, այլ հաղորդաշարի միայն սկիզբը։ Արդեն նշվել է, որ այս ուրբաթ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի կունենա առաջին հաղորդման ներկայանալի շնորհանդեսը։ Ոչ միայն հաղորդման, այլեւ հաղորդաշարի ստեղծման գաղափարի եւ ընթացքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու համար հեռախոսով կապվեցինք հաղորդաշարի հովանավոր եւ պրոդյուսեր մոսկովյան «PA & PA» ֆիրմայի գլխավոր տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի հետ։ Պարոն Մարտիրոսյանը մասնավորապես նշեց, որ իրենք Յուրի Սենկեւիչի հետ լայն համագործակցության պայմանագիր ունեն, որտեղ հայկական թեմատիկան առանցքային է։ Հարկ է նշել, որ «PA & PA»-ն Մոսկվայում տուրիզմով զբաղվող շատ հեղինակավոր ֆիրմաներից է, որը վերջին շրջանում աշխարհի տարբեր ուղղություններով, ավիատոմսերի վաճառքին զուգահեռ, լրջորեն զբաղվում է ուսումնական տուրիզմով։ Ի պատասխան մեր հարցին, պրն Մարտիրոսյանը նշեց, որ Յուրի Սենկեւիչի հետ ուսումնական տուրիզմի վերաբերյալ նույնպես հաղորդաշար ստեղծելու ծրագրեր կան։ Իսկ ինչ վերաբերում է հայկական թեմատիկային, ապա «Հայաստանի ոսկին» երեք հաղորդումներից առաջինն է։ Պարզվում է, այս հաղորդման հաջորդ շնորհանդեսը կլինի մարտին՝ Երեւանում։ Հաջորդ երկու հաղորդումները եթեր կհեռարձակվեն մարտ եւ մայիս ամիսներին։ Հաղորդման նպատակների մասին խոսելիս ֆիրմայի տնօրենը նշեց, որ այն ավելի շատ իմիջային նպատակ է հետապնդում։ 35 տարվա գործունեության ընթացքում «Ճանապարհորդների ակումբը» դեռ երբեք այդքան լայնորեն չէր անդրադարձել հայկական թեմատիկային։ Մարտիրոսյանի խոսքերով. «Մենք ուզում ենք նախկին ԽՍՀՄ-ի ժողովրդին հիշեցնել, որ Հայաստան ոչ միայն կարելի է, այլեւ պետք է այցելել, եւ որ Հայաստանում տեսնելու շատ բան կա»։ Կարծում ենք, ֆիրմայի եւ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության համատեղ ֆինանսավորմամբ սկսված այս հաղորդաշարը ամբողջությամբ կկատարի իր առաքելությունը։ Համենայնդեպս, կարելի է փաստել, որ սկիզբը լավ է դրված։ ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ