Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԸ

Փետրվար 24,1999 00:00

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՀՀ կառավարության 19.11. 1998թ. թիվ 727 որոշմամբ՝ տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն տրվեց ընտանեկան նպաստների ցուցակներում կատարել լրացումներ 5% քվոտայի սահմաններում: Առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստ տալու գործընթացին՝ համայնքներին մասնակցելու հնարավորություն տալը ՀՀ սոցապ նախարարը հիմնավորում է այն փաստարկով, որ համայնքներում ավելի լավ գիտեն անապահով ընտանիքներին եւ եթե հիմնական ցուցակներում ինչ-ինչ պատճառով նրանք չեն ընդգրկվել, ապա հնարավորություն է տրվում ընդգրկել ընտանեկան նպաստ ստացողների լրացուցիչ ցուցակներում: Այս պարագայում ծագում են մի շարք հարցեր: Եթե համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի լավ գիտեն իրենց ազգաբնակչության սոցիալական վիճակը, ապա ինչու՞ հենց սկզբից նրանք չմասնակցեցին ցուցակների կազմմանը: Փաստորեն, կառավարության նշված որոշմամբ՝ ՀՀ սոցապ նախարարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները կիսում են պատասխանատվությունը, սակայն ժողովրդի զայրույթը ուղղվելու է միայն վերջիններիս: Բերենք մի պարզ համեմատություն: Երեւանում «Փարոս» ծրագրում ընդգրկված ընտանիքներից ընտանեկան նպաստ եւ էլեկտրաէներգիայի փոխհատուցում են ստացել մոտավորապես ամեն երկուսից մեկը՝ ըստ ՀՀ սոցապ նախարարության ցուցակների (ընդամենը 72840 ընտանիք): Իսկ համայնքների համար սահմանվել է 5%-ի քվոտա, որը համարժեք է ցուցակներից դուրս մնացած ընտանիքներից քսանից մեկին լրացուցից ցուցակներում ընդգրկելուն: Դե այժմ պատկերացրեք, թե տեղերում ի՞նչ է կատարվելու: Բնական է՝ ծագում է հաջորդ հարցը, իսկ ինչո՞ւ 5%: Մենք սա կարող ենք մեկնաբանել միայն հետեւյալ կերպ. ՀՀ կառավարության վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ ընդամենը 5% է: Մեր կարծիքով անհրաժեշտ էր հենց սկզբից ընտանեկան նպաստ տալու գործընթացը սկսել միասին (ՀՀ սոցապ նախարարություն եւ տեղական ինքնակառավարման մարմիններ), այդ դեպքում քվոտայի խնդիրն էլ դուրս կգար: Իսկ ինչպե՞ս են կազմվել նախնական ցուցակները: Ցուցակները կազմվել են, մեղմ ասած, կասկածելի փաստաթղթերի հիման վրա: ՀՀ սոցապ նախարարի հայտարարությամբ միայն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին համայնքապետերի կողմից ցուցակներից դուրս են հանվել 38 հազար ընտանիքներ: Կարծում ենք՝ դրանց թիվը իրականում շատ ավելի է: Համայնքներում հանձնաժողովների աշխատանքի ընթացքում որոշ ընտանիքներ դիմել են էներգիայի փոխհատուցման ցուցակներից ընտանեկան նպաստ ստացողների ցուցակներ տեղափոխվելու համար եւ ստուգումից պարզվել է, որ նրանց կողմից ներկայացված են եղել կեղծ տվյալներ: Իհարկե, ժամանակի ընթացքում ցուցակներում սխալների թիվը կպակասի, այլ կերպ ասած՝ տեղի կունենա ցուցակների մաքրում: Իսկ ո՞վ պետք է լրացնի թափուր տեղերը: ՀՀ սոցապ նախարարը հայտարարում է, որ թափուր տեղերի մի մասը լրացուցիչ քվոտաների տեսքով կվերադարձվի համայնքներ: Իսկ ինչու՞ ոչ բոլորը: Հիշենք, որ ցուցակներից դուրս են մնացել 36.00-ից պակաս միավոր ունեցող ընտանիքները, որոնք ըստ ՀՀ կառավարության որոշման, կենտրոնացված կարգով չեն կարող ընդգրկվել ցուցակներում: Նրանց լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու թույլտվություն է տրված միայն համայնքների ինքնակառավարման մարմիններին, հետեւաբար նախարարի հայտարարությունը հակասում է ՀՀ կառավարության որոշմանը, եւ այդ թափուր տեղերը ամբողջովին պետք է տրվեն տեղերին: Մեկ այլ հիմնահարց: Երբ խոսում են տեղական ինքնակառավարման մարմինների մասին, հաճախ նկատի են ունենում համայնքապետերին (քաղաքապետ, գյուղապետ, թաղապետ), մոռանալով, որ տեղական ինքնակառավարման մարմինները երկուսն են. գործադիր մարմինը՝ համայնքապետը, եւ ներկայացուցչական մարմինը՝ ավագանին: Ավագանուն հաճախ մոռանում են եւ սա պատճառներից մեկն է, որ այդ հասարակական կարգով գործող մարմինը ոչ միշտ է արդյունավետ գործում: Իրականում հենց ավագանին է, որ գիտե, թե ով ինչպե՞ս է ապրում, ո՞րն է անապահով եւ ո՞րը՝ ապահով ընտանիք, որովհետեւ ավագանու անդամները հենց այդ մարդկանց կողմից են ընտրվել: ՀՀ կառավարության որոշման համաձայն, համայնքներում ստեղծվել են հանձնաժողովներ՝ ընտանեկան նպաստների եւ էլեկտրաէներգիայի փոխհատուցման լրացուցիչ ցուցակները կազմելու համար: Հանձնաժողովի մեջ ընդգրկվել են համայնքապետը, նրա աշխատակազմի քարտուղարը, ավագանու մեկ անդամ, մտավորականության ներկայացուցիչներ, հոգեւոր հովիվը: Քանի որ մեծ է այս աշխատանքի պատասխանատվությունը, ապա անպայման պետք է ապահովվեր հրապարակայնությունը, այսինքն անհրաժեշտ էր հանձնաժողովում ընդգրկել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Որովհետեւ հրապարակայնության պայմաններում հանձնաժողովի պատասխանատվությունը կմեծանա եւ սխալներն ավելի քիչ կլինեն: Համայնքներում բնակչությունը թերի է տեղեկացված այս ամենի մասին, այդ պատճառով ուզում ենք նորից շեշտել, որ տեղական ինքնակառավարման մարմինները (համայնքապետեր, ավագանիներ) կարող են միայն 5% քվոտայի սահմաններում ընտանիքներին ընդգրկել ընտանեկան նպաստի լրացուցիչ ցուցակներում: Երեւանում այդ տեղերի թիվը տատանվում է 440-ից (Շենգավիթ) մինչեւ 29 (Նորք-Մարաշ), (Երեւանի 12 թաղերում ընդամենը 2971 տեղ) եւ սա այն դեպքում, երբ 70 հազարից ավելի ընտանիքներ դուրս են մնացել «Փարոս» ծրագրի ցուցակներից: ՌՈԲԵՐՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ «Երեւանի ավագանիներ» հասարակական կազմակերպության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել