Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՌԵԼՍԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ԿՍԿՍՎԻ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ

Փետրվար 24,1999 00:00
rels

Հետխորհրդային ու հետսոցիալիստական տարածքներում պրոլետարիատը շարունակում է մնալ որպես կազմակերպված կառույց։ Այդ երկրներում քաղաքական բոլոր ուժերը փորձում են սիրաշահել բանվորներին։

Անցած տարի հանքափորները լուրջ «ցնցեցին» Ռուսաստանի տնտեսությունը։ Կառավարող շրջանակներին բյուջետային ոլորտի (բժիշկներ, ուսուցիչներ եւ այլն) աշխատակիցների հացադուլ-գործադուլները համարյա չէին անհանգստացնում։ Մեծ Ռուսաստանը միայն հանքափորները կարողացան ցնցել՝ ռելսային պատերազմ հայտարարելով իշխանություններին։ Պատերազմի արդյունքները մի փոքր անսպասելի ամփոփեց ՀՀ նախագահը։ Հեռուստալրագրողների հետ իր վերջին հանդիպման ընթացքում նա միանշանակ բացասական բնութագրեց բանվորների ճիգերը, նշելով, որ «մի քանի ամիս ռելսերին նստելու արդյունքում օգոստոսի 17 ստացան»։

Ակնհայտ է՝ իշխանությունները միայն Հայաստանում է, որ հաշվի չեն նստում պրոլետարիատի հետ։ Ի տարբերություն մյուս երկրների, Հայաստանում որեւէ քաղաքական կուսակցություն չի փորձում սիրաշահել ու ստանալ նրանց աջակցությունը։ Հասարակության այս շերտը կազմակերպված չէ։ Կազմակերպված չէ շատ պարզ պատճառով՝ գործարարները չեն աշխատում։ Զուտ այս պատճառով թվում է, թե նրանք իրենց գործադուլներով լուրջ «գլխացավանք» դառնալու որեւէ հնարավորություն չունեն։ Սակայն պետք չէ մոռանալ, որ խորհրդային տարիներին համարյա ամեն ինչ կազմակերպվել է արդյունաբերության պահանջների տրամաբանությամբ։ Անգամ քաղաքաշինությունն է ենթարկվել այդ տրամաբանությանը։ Երեւանում կան զուտ բանվորական թաղամասեր՝ առաջին մասը, երրորդ մասը։ Շենգավիթի համայնքի բնակչության զգալի հատվածը նախկին բանվորներ են։ Հետեւաբար, այստեղ բնակվում է գործազուրկների ամենախիտ զանգվածը եւ այս տարածքում սոցիալական իրավիճակն ամենալարվածն է։

Իրենց դիմում-բողոքներով խմբագրություն էին այցելել Չեխովի 12 եւ Շեւչենկոյի 7 շենքերի բնակիչները։ Գրավոր բողոքներն ուղղված են տարբեր հասցեներով։ Բանվորական անմիջականությամբ իրենց սոցիալական խնդիրները հասցեագրել են. «Հանրապետության նստաշրջանի դեպուտատներին՝ Խ. Հարությունյանին, Ա. Սադոյանին, Ռ. Կարապետյանին եւ մյուսներին, հանրապետության նախագահին, Շենգավիթի համայնքապետին եւ շրջանային էլեկտրացանցի տնօրենին»։ Բողոքների բովանդակությունը նույնն է. «Փող վաստակելու ոչ մի միջոց գոյություն չունի, ինչպես կարող ենք բարձր գներով մուծումներ կատարել (էլեկտրաէներգիայի, հեռախոսի, ջեռուցման)», «Ի վիճակի չենք առանց աշխատանքի մուծումներ կատարելու գագաթնակետի հասցրած գումարները՝ 1 կվտ-ն՝ 25 դրամ։ Հասկացեք՝ նույնիսկ չենք կարողանում ապահովել մեր ընտանիքի չնչին սնունդը»։

Բանվորական թաղամասի բնակիչներն առայժմ կազմակերպված չեն։ Նրանք առայժմ դիմում-բողոքներ են գրում։ Ընդունենք, որ գրելը նրանց հիմնական զբաղմունքը չէ։ Բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում նրանց բողոքները բոլորովին այլ մեթոդներով են արտահայտվում։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728