Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է»

Փետրվար 24,1999 00:00
karen demirchyan

Վերջին 2 շաբաթվա ընթացքում Հայաստանը փոթորկած իրադարձությունների խորապատկերի վրա առաջիկա քաղաքական զարգացումների առումով հատկապես կարեւորվում է Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության համագումարը, որը տեղի է ունենալու փետրվարի 27-ին։

Հասարակությանը հայտնի կդառնան նաեւ այս ուժի տեսակետներն առկա զարգացումների վերաբերյալ, ինչի համար եւ այսօր զրույցի ենք հրավիրել Ժողովրդական կուսակցության փոխնախագահ, վարչության քարտուղար Հմայակ Հովհաննիսյանին։

Մեր զրույցում նա նախեւառաջ ներկայացրեց համագումարի նպատակադրումները։ Ժողովրդական կուսակցությունն ի մի կբերի իր կազմավորման արդյունքները եւ կհստակեցնի այն խնդիրները, որոնք պետք է լուծի մայիսի 30-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում։ «Կուսակցությունը 10 ամսվա ընթացքում 40 մարդուց, որոնք մասնակցում էին հիմնադիր ժողովին, դարձել է 25000-անոց կազմակերպություն, որն ամենամեծ եւ ճյուղավորված կուսակցությունն է Հայաստանում»։ Հմայակ Հովհաննիսյանը փաստեց, որ Կարեն Դեմիրճյանի կողքին լինելով, իրեն է բախտ վիճակվել ղեկավարել կուսակցաստեղծ աշխատանքը, ուստի «կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր դեմքեր ունենք տարածքային կազմակերպություններում»։

Համագումարում ընտրվելու է ՀԺԿ նոր վարչություն, որի կազմում ընդգրկվելու են տարածքային կազմակերպությունների 53 ղեկավարները։ Իրենց կուսակցական կառույցները ստեղծելիս, ինչպես փաստեց Հմայակ Հովհաննիսյանը, ժողովրդականներն առաջնորդվել են Հայաստանի ավանդական վարչատարածքային սխեմայով, ինչը հաշվի է առնում յուրաքանչյուր տարածքի առանձնահատկությունները՝ նիստուկացը, ավանդույթները, սովորությունները։ Հմայակ Հովհաննիսյանը կարեւորում է տարածքային կազմակերպությունների ղեկավարների մուտքը ՀԺԿ վարչություն, որովհետեւ դրանք, իր իսկ խոսքերով, հզոր կառույցներ են։

Ասենք Աբովյանում, ուր կուսակցությանն է անդամագրվել 1000-ից ավելի մարդ, կազմակերպության ուժերով ստեղծվել է անվճար բուժծառայություն։ Բնակչությանը ցուցաբերվող այս օժանդակությունը պրն Հովհաննիսյանի խոսքերով, կարեւոր է՝ «որովհետեւ մեր ծրագրում կա, որ սոցիալական հարցերի լուծման համար, այնուամենայնիվ, պետք է վերականգնվի անվճար բուժօգնության համակարգը»։

Համագումարում կփաստվի եւս մեկ հանգամանք՝ չնայած ՀԺԿ-ն, իրոք, ձեւավորվել է մեկ անձի շուրջ, սակայն արդեն իսկ մշակել է կուսակցության գաղափարախոսական հենքը, որը եւ կներկայացնի հանրությանը։

Այնուհետեւ մեր զրույցը ծավալվեց Հանրապետական կուսակցության համագումարում հնչած այն մտքի շուրջ, թե վերջիններս մտադիր են որակական մեծամասնություն ձեռք բերել ընտրվելիք խորհրդարանում։

Պրն Հովհաննիսյանը փաստեց՝ ամենեւին էլ դրական դրսեւորում չէ, որ իշխող կուսակցությունը հատկապես այդ շեշտադրումն է կատարում։ Դա մտահոգիչ է, որովհետեւ տարբեր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հանրապետականների հավակնությունները չեն համապատասխանում իրենց իրական վարկանիշին։ Անկախ տեղական, միջազգային կազմակերպությունների տարբեր հարցախույզները ցույց են տվել, որ Հանրապետական կուսակցության հեղինակությունը 100 նիշանոց սանդղակի 5-ից 10-րդ աստիճանով է միայն չափվում. «Մենք կարող ենք ասել՝ եթե ընտրությունների ընթացքում խախտումները, օրինազանցումները չանցնեն 5%-ից, մենք խորհրդարանում կունենանք մեծամասնություն»։

-Իսկ եթե անցնեն, ի՞նչ եք անելու, պրն Հովհաննիսյան։

-Այդ դեպքում նույնիսկ կուսակցության նախագահը՝ Կարեն Դեմիրճյանն, իր հեղինակությամբ չի կարող համոզել մեր կուսակցության 25 հազար անդամներին չընդվզել, ոտքի չելնել, եթե կատարվի այն, ինչ կատարվեց 1998 թվականի նախագահական ընտրություններում, որովհետեւ սա պետության մեջ ժողովրդավարական ավանդույթների գործելակերպի հետ կապված խնդիր է։

-Բոլոր դեպքերում՝ եթե, այդուհանդերձ, կեղծվեն ընտրությունների արդյունքները՝ կոնկրետ դրսեւորումների մեջ, ի՞նչ եք անելու։

-Հանգիստ եղեք, ոչ խորհրդարանն ենք գրոհելու, եւ ոչ էլ որեւէ այլ պետական հաստատություն, որովհետեւ ուժեղ ենք։ Մենք, որ ոտքի ելնենք, դա 30, 40 հազար մարդով չենք անի։ Մենք ոտքի կելնենք 400, 500 հազար, միլիոն մարդով։ Իսկ այդ դեպքում, ժողովրդական ուժի այդ չափով, որեւէ հաստատություն գրոհելու հարկ չի լինի։ Պարզապես մարդիկ կկանգնեն կողք-կողքի՝ ուս-ուսի, ինչը կսթափեցնի ցանկացած, նույնիսկ ամենաինքնավստահ իշխանավորին։ Բայց, որպեսզի դեպքերն այդպես հանգուցալուծելու անհրաժեշտություն չառաջանա, հարկավոր կլինի ընտրություններն անցկացնել ազատ եւ արդար։

ՀԺԿ-ն կողմ է այդ հարցով բանակցությունների սեղանի շուրջ պայմանավորվածության գալուն, թեպետ, ինչպես Հմայակ Հովհաննիսյանը նշեց, իրենք այդ հարցով Հանրապետական կուսակցությունից հրավեր դեռեւս չեն ստացել, ինչի մասին խոսել էր Վազգեն Սարգսյանը։

-Բայց, չէ որ Ժողովրդական կուսակցությունը, պրն Հովհաննիսյան, չունի այնպիսի դեմքեր, որոնք կարող են հաղթել մեծամասնական ընտրատարածքներում։

-Կուսակցությունն ունի փայլուն անուններ։ Նրանք մեր տարածքային կազմակերպությունների քարտուղարներն են, այդ կառույցների ղեկավարները։ Այլ հարց է, որ այսօր նրանք դեռեւս չունեն համազգային ճանաչում, բայց հարգված ու ճանաչված մարդիկ են իրենց տարածքներում։

Անդրադառնալով խորհրդարանում կուսակցական խմբակցության բացահայտման անհրաժեշտությանը վերաբերող հարցին, պրն Հովհաննիսյանն ասաց, թե վերլուծելով ՀՅԴ եւ ՌԱԿ փորձը, իրենք որոշեցին չգնալ վերջիններիս ճանապարհով։ Նախապես խորհրդարան անցած մարդիկ հետագայում չդրսեւորեցին գաղափարական կայունություն, ինչն էլ չնպաստեց այդ կուսակցությունների առաջընթացին։ Իսկ ՀԺԿ ֆրակցիան, ինչպես պրն Հովհաննիսյանն է պնդում, պետք է աշխատի գաղափարական չափանիշներով։

-Եվ վերջին հարցը։ Պրն Հովհաննիսյան, վերջին 2 շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցան մի շարք դրամատիկ իրադարձություններ՝ ընդունվեց Ընտրական օրենսգիրքը, Վանո Սիրադեղյանի դեմ քրեական գործ հարուցվեց, սպանվեց ՆԳ եւ ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյանը։ Ինչո՞ւ Կարեն Դեմիրճյանն այս ամբողջ ընթացքում բան չունեցավ ասելու։

-Երբ քաղաքական գործիչները միմյանց խայթում են, եւ փորձում են միմյանց ապացուցել, թե ով է իրենցից փիղ, եւ ով մոսկա, այս բզկտված միջավայրում, այս գարշահոտ մթնոլորտում, մի մարդ, որն ընկալվում է որպես բարոյականության մեծ չափանիշ, որպես մաքուր եւ անաղարտ անհատականություն՝ Կարեն Շինարար, միակ այն կռվանը, որից արդարամիտ մարդը կարող է կառչել, այդ մարդն էլ խառնվի այդ խաժամուժի՞ն՝ դա՞ եք ուզում։

-Ոչ, ես ուզում եմ, որ նա տան մեծի իր խոսքն ասի։

-Երբ մարդիկ խորհրդարանի ամբիոնից մեկը մյուսին կարիճ են անվանում, երբ քաղաքական վեճերը հանգում են հիմնականում այնպիսի մտայնությունների, թե ես քեզնից ուժեղ եմ, դու մոսկա ես՝ մի հաչիր եւ, եթե սա է խոսակցության թեման, ապա իսկապես նման մեծություն, որպիսին Դեմիրճյանն է, այս իրավիճակում շատ ավելի ճիշտ կանի լռի՝ կամ էլ խոսի միայն այն ժամանակ, երբ իր խոսքի անհրաժեշտությունը կլինի։ Իսկ նա կխոսի ՀԺԿ համագումարում։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728