Վահե Գաբրիելյանինը՝ առավել քան
Փետրվարի 5-ին ԱԺ-ի ընդունած Ընտրական օրենսգրքի եւ փետրվարի 18-ին այն ՀՀ պաշտոնական տեղեկագրում տպագրվելուց հետո օրենսգրքում հայտնված որոշակի տարբերություններին էր նվիրել երեկվա իր ասուլիսը ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը։
Համարյա դետեկտիվ ժանրին հավակնող այս պատմությունը եզրափակվեց տեղեկագրում «Նկատված վրիպակներ» գլխով։ Թվով 49 վրիպակները նկատվել էին պատգամավորների ջանքերի շնորհիվ։ Ամեն դեպքում, ՀՀ նախագահն օրենսգիրքը ստորագրել է այն տեսքով, ինչ տեսքով որ այն ստորագրել է ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։
Պրն Գաբրիելյանի շուրթերից հնչեց արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերաբերմունքը Օջալանի արդարացի եւ բաց դատավարության, ինչպես նաեւ՝ այդ դատի՝ միջազգային հանրության ուշադրության ներքո անցկացնելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
ԱԺ առաջիկա ընտրությունների անցկացման ժամկետի վերաբերյալ էլ պրն Գաբրիելյանը ցրեց բոլոր կասկածները. «Ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 30-ին»։ Խոսնակը նաեւ Սահմանադրության 68 հոդվածը մեջբերեց՝ ապացուցելով, որ ընտրություններ նշանակելու՝ նախագահի իրավունքը սահմանադրորեն պաշտպանված է։
Հայաստանում քրդական շարժման ակտիվացման վերաբերյալ մտահոգություն նախագահը չէր դրսեւորել, ուստիեւ այդ մասին խոսնակը երկար չխոսեց։ «Ազատության» թղթակիցը զարմացած էր, թե ինչու ՍՊԻԴ-ի բուժման դեղամիջոցի մասին հայտարարությամբ հանդես եկավ ոչ թե առողջապահության, այլ ՆԳ եւ ԱԱ նախարարը եւ, առհասարակ, որքանով է այդ հայտարարությունը ծանրակշիռ։ Ըստ պրն Գաբրիելյանի՝ «Դեռեւս վրա չեն հասել իրավական կարգավորման պահերը։ Դեղը դեռ չի արտոնագրվել։ Ես անկեղծորեն հուսով եմ, որ դա իրականություն է, մանավանդ որ հայտարարվել է այդպիսի մարդկանց կողմից։ Բայց, համենայնդեպս, դեռեւս զգույշ մնացեք»։
Այս հայտարարությունից հետո գոնե ՍՊԻԴ-ով վարակվելու՝ բոլորիս անհագուրդ ցանկությունը եւ դեղը սեփական մաշկի վրա փորձելու գայթակղությունը վերացավ։
Պրն Գաբրիելյանը նշեց, որ առաջիկա շաբաթում ՀՀ նախագահը պատրաստվում է խորհրդակցել քաղաքական խոշոր կուսակցությունների եւ ուժերի հետ՝ ընտրությունների ժամանակ նորմալ մթնոլորտ ապահովելու ուղղությամբ։ «Խոշոր կուսակցությունների եւ ուժերի» ցանկը խոսնակն իր ձեռքի տակ չուներ։ Իսկ թե այդ կուսակցությունները գոնե փղի չափ խոշորություն ունե՞ն, թե՞ խոշոր են «մոսկայի» համեմատ, խորհրդակցության արդյունքները ցույց կտան։
Դավիթ Շահնազարյանի՝ նախագահի իմպիչմենտի հարցը բարձրացնելու վերաբերյալ պրն Գաբրիելյանը պատասխանեց, որ պատգամավորներն իրավունք ունեն հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Բայց եւ պարտավոր են հիմնավորել այն։ «Նախագահը հանգիստ եւ հանդարտ է վերաբերվում դրան։ Անհրաժեշտ դեպքերում հումորի զգացումը նրան չի դավաճանում»։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ