Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԵՎՈՒՄ ԱՍՏՎԱԾՆ Է, ՆԵՐՔԵՎՈՒՄ՝ ՀԱՖԵԶ ԱՍԱԴԸ

Փետրվար 24,1999 00:00
Hamed Hasan

Այսպես են գտնում բոլոր սիրիացիները

Վերջերս Սիրիայի Արաբական Հանրապետությունում նախագահական ընտրություններ էին։ Միակ թեկնածուն ներկայիս նախագահ Հաֆեզ Ասադն էր, որին էլ ժողովուրդը երգուպարով վերընտրեց։ Այս առիթով «Առավոտը» հարցազրույց ունեցավ Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր նախարար պարոն Համեդ Հասանի հետ։

-Պրն Հասան, դուք թերեւս միակ դիվանագետն եք, որը մինչ օրս չի հանդիպել լրագրողներին։ Ի՞նչն է պատճառը։

– Դեսպանատան բացումից երկար ժամանակ չի անցել։ Գիտենք, որ լրատվամիջոցների հետ հանդիպումները դիվանագիտական աշխատանքի կարեւոր կողմերից է։ Բայց, իհարկե, երբ հարմար առիթներ եւ կարեւոր իրադարձություններ են լինում։

– Ձեր կարծիքը ներկայիս հայ-սիրիական հարաբերությունների վերաբերյալ։ Արդյո՞ք հայ-իսրայելական կապի ակտիվացումը կարող է խոչընդոտել հայ-սիրիական բարեկամությունը։

– 1915 թ. կոտորածներից հետո Սիրիան պաշտպանեց հայերի մի մասին ոչնչացումից։ Հայաստանի անկախացումից հետո մեր երկու պետությունները ամենաբարձր մակարդակներով շփվեցին, ստորագրվեցին տասնյակ համաձայնագրեր։ Հիմք դրվեց քաղաքական, տնտեսական, գիտական եւ այլ բնագավառների համագործակցության։ Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, ապա ամբողջ աշխարհին պարզ է, որ Իսրայելը (այժմյան կառավարության ներքո) իրական խոչընդոտ է՝ մշտական խաղաղություն հաստատելու տարածաշրջանում։ Իսրայելի կառավարությունը խաղաղության գործընթացը հասցրեց փակուղի՝ մերժելով միջազգային օրինական հաստատությունների բանաձեւերը, որոնք նախատեսում են արաբական գրավված հողերից իսրայելյան զորքերի դուրսբերում։

– Պարոն Հասան, Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադին հայ ժողովուրդը ավելի ժամանակին ճանաչեց ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Սիրիա կատարած պաշտոնական այցից հետո։ Հետաքրքիր է, ճի՞շտ է, որ պրն Ասադը մտադրություն ուներ Հայաստան գալու, սակայն նախագահ Տեր-Պետրոսյանի՝ Ռաբինի թաղմանը մասնակցելը պրն Ասադի մտադրությունը փոխեց։ Եվ, առհասարակ, Հաֆեզ Ասադը նպատակ ունի՞ այցելել Հայաստան։

– Նախագահ Հաֆեզ Ալ-Ասադը այցելել է Հայաստան 70-ականների վերջում։ Հայ ժողովուրդը նրան արտակարգ ընդունելություն է ցույց տվել։ Հայաստանի անկախացումից հետո հրավեր ուղարկվեց նախագահ Հաֆեզ Ալ-Ասադին Հայաստան այցելելու համար։ Նա ընդունել է այն եւ խոստացել իրականացնել հարմար առիթի դեպքում։

– Վերջերս Սիրիայում նախագահական ընտրություններ էին։ Իմացա, որ դեսպանատանը սիրիացի ուսանողները պրն Ասադին կողմ են քվեարկել՝ ստորագրելով իրենց արյունով։

– Ընտրությունների արդյունքներն արտացոլեցին ժողովրդի լայն մասնակցությունը. 9 միլիոն 101 հազար ընտրողներից ընտրություններին մասնակցեց 8 միլիոն 961 հազարը։ Շուրջ 99,98%-ը «այո» ասաց պրն Ասադին։ Սա արտահայտում է ժողովրդի միասնության այնպիսի վիճակ, որը հազվադեպ է հանդիպում աշխարհում։ Պրն Ասադը 28 տարուց ավելի ղեկավարում է Սիրիան։ Նրա իմաստնության եւ խիզախության շնորհիվ մեր երկիրը խուսափեց բազմաթիվ վտանգներից։

– Ներկայացրեք Սիրիայի վերաբերմունքը Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Արդյո՞ք սա կրոնական հակամարտություն է՝ հատկապես Իսլամական կոնֆերանսի կազմակերպության Սիրիայի մասնակցության տեսանկյունից։

– Սիրիան Հայաստանի համար բարեկամ երկիր է։ Իհարկե, միջազգային հանրությանը եւ աշխարհին պարզ է, որ նույնիսկ իսլամական կոնֆերանսի կազմակերպության միջոցով, որին Սիրիան անդամակցում է, որ Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կրոնական չէ։ Գտնում ենք, որ անհրաժեշտ է որոնել խնդրի կարգավորման խաղաղ լուծում, որը եւ փորձում են անել Մինսկի խումբը եւ հատկապես նրա համանախագահները։

– Ի՞նչ վիճակում է Սիրիայի հայկական համայնքը, եւ ինչպե՞ս են իրենց զգում մեր երկրում բնակվող սիրիացիները։

– Արդեն նշեցի, որ Սիրիան շատ ջերմ է ընդունել ժամանակին հայերին։ Հիմա էլ հայերն օգտվում են քաղաքացիության բոլոր իրավունքներից եւ կատարում դրանից բխող բոլոր պարտավորությունները։ Իսկ Հայաստանի սիրիական գաղութը սակավանդամ է։ Հիմնականում ուսանողներ են։

– Դուք մասամբ ներկայացրիք նաեւ Սիրիա-Իսրայել հարաբերությունները։ Այժմ ո՞ր փուլում է խաղաղության գործընթացը։

– Խաղաղության գործընթացը իրականում սառեցված է այն օրվանից, երբ Իսրայելի ներկա կառավարությունը եկավ իշխանության գլուխ։ Իսրայելի նախկին կառավարության հետ գոյացած համագործակցությունն ու փոխըմբռնումները, որոնք ձեռք են բերվել 5 տարվա դժվար բանակցությունների արդյունքում, նոր կառավարությունը մերժեց։ Ինչ վերաբերում է Սիրիային, ապա նա խաղաղության կողմնակից է։ Դա է վկայում նաեւ Ամերիկայի նախաձեռնության ընդունումը՝ Մադրիդի խաղաղության կոնֆերանս գումարելու շուրջ։

Ըստ այդմ՝ Սիրիան հավաստիացրեց, որ կողմ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 242, 338, 425 որոշումների կատարմանը եւ կապահովի Իսրայելի զորքերի դուրսբերումը Սիրիայի գրավված Գոլանի բարձունքներից, Լիբանանի հարավից եւ մյուս արաբական գրավյալ հողերից՝ ելնելով «Հող՝ խաղաղության դիմաց» սկզբունքից։ Իսրայելը պետք է վերադարձնի գրավված բոլոր հողերը, եւ պաղեստինցի ժողովուրդը պետք է ստանա իր իրավունքները։ Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այն ամեն օր հասատատում է իր ագրեսիվ դիրքորոշումը՝ օրական ռմբակոծումների միջոցով, որոնց ենթարկվում է Լիբանանի հողը։ Հրեական բնակավայրերի կառուցումը գրավյալ հողերում շարունակվում է։ Իսկ թուրք-իսրայելական ռազմական դաշինքը սպառնում է առհասարակ տարածաշրջանի անվտանգությանը։

– Հայաստանում Սիրիայի դեսպանատանը քանի՞ հայ աշխատակից կա։

– Դեսպանատան աշխատողների եւ մասնագետների մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են։ Նրանք բավականին օգնում են դեսպանատանը՝ իր դիվանագիտական առաքելությունը կատարելու ասպարեզում։ Կրկնում եմ, որ մենք մեզ զգում ենք շրջապատված բարեկամներով եւ մեր երկրի նկատմամբ հատուկ սիրով։

Հարցազրույցը՝ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԻ

Հ. Գ. Հարցազրույցը տպագրում ենք մասնակի կրճատումներով՝ մնացյալը թողնելով պատեհ առիթի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728