Լրահոս
Օրվա լրահոսը

Չկայացած ասուլիսի հետագիծը

Փետրվար 24,1999 00:00
Vahagn Xachatryan

ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանը երեկ հայտարարել էր, որ ասուլիս է հրավիրելու, բայց հետո փոխել էր մտադրությունը։ Այնուամենայնիվ, առանձին լրատվամիջոցների ու նաեւ «Առավոտին» պատմեց, թե այդ ասուլիսում պիտի խոսեր տնտեսական առկա իրավիճակի եւ «Հետագիծ» հեռուստածրագրում գլխավոր դատախազի որոշ պնդումների մասին։ Առանձնացնենք վերջին խնդրի վերաբերյալ պարզաբանումները։

-Հիշեցնեմ, որ այս խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ «Առավոտին» տված հարցազրույցում Ալիկ Հարությունյանն իրեն իրավունք վերապահեց հանդես գալ դատավորի դերում (ենթադրել էր, որ Վահագն Խաչատրյանին քաղաքապետի պաշտոնից ազատելով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրան փրկեց քրեական պատասխանատվության ենթարկվելուց – Ա. Ի.), եւ մինչեւ հիմա էլ այդ կեցվածքն իրենք պահում են։ Սա առաջին դեպքն էր, որ փորձեցի օրինական ճանապարհով պարզաբանել իմ անձին առնչվող խնդիրը։ Պարզվեց, որ դա հնարավոր չէ, քանի որ այսօր բարձր պաշտոններ զբաղեցնող այդ անձինք՝ պրն Հարությունյանը, գլխավոր դատախազը, ըստ էության, օրենքի հետ խնդիրներ ունենալով՝ սիրում են այն արհամարհել։ Եվ դրա վառ ապացույցը «Ար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Աղվան Հովսեփյանի՝ ինձ վերաբերող հայտարարություններն են։

Հնարավոր է, թե մարդու նկատմամբ գործ հարուցեն, դատարանը վճիռ կայացնի, համաներում շնորհեն՝ ինքը տեղյակ չլինի։ Քնից վեր կենա ու պարզի, որ նման կարգավիճակում է հայտնվել։ Հիմա իմն է՝ առավել եւս, որ ԱԺ-ի եւ այդ ժամանակ նաեւ քաղխորհրդի պատգամավոր էի։ Բայց մեր գլխավոր դատախազի ոճը սա է երեւի, այս ամենը ճիշտ է համարում եւ այդ պատճառով էլ թյուրիմացության մեջ գցեց հեռուստադիտողներին։

10 օր առաջ պաշտոնապես դիմել էի իրեն, որ պարզեմ, թե Ալիկ Հարությունյանի գործն ինչ ընթացք պիտի ստանա։ Դեռ սպասում եմ, չնայած արդեն կռահում եմ, թե մոտավորապես ինչպիսի պատասխան է լինելու։

-Գլխավոր դատախազի բացատրությամբ՝ Դուք տեղյակ չեք եղել Ձեր վերաբերյալ հարուցված քրեական գործին, քանի որ քննիչն ընդունարանում սպասել է Ձեզ հարցաքննելու համար, բայց նրան չեք էլ ընդունել։

-Դեպքը 4-5 տարի առաջ է տեղի ունեցել, եւ չեմ կարող մանրամասն հիշել, բայց դա էական չէ։ Ամեն դեպքում, օգնական եւ քարտուղարուհի ունեի, որոնք ինձ զեկուցում եւ տեղեկացնում էին այցելուների մասին։ Քննիչ է, թե հասարակ քաղաքացի՝ ընդունված աշխատանքային ոճ էր, որ միշտ հստակ պատասխանում էի, թե երբ եմ կարող ընդունել։ Համոզված չեմ, թե այդ քննիչը եկել, ներկայացել եւ նշել է, թե ինչ հարցով է դիմում։ Ի գիտություն ասեմ, որ դատախազության շատ աշխատակիցներ ինձ նաեւ անձնական հարցերով էին դիմում։ Նաեւ ընդունված էր, որ եթե անգամ որեւէ վարչության պետ էր ինձ այցելում՝ նրա ղեկավարն ինձ նախօրոք տեղեկացնում էր, եւ ես չէի սպասեցնում այդ մարդուն։

Փաստն այն է, որ որեւէ փաստաթուղթ չկա, որի տակ լինի իմ ստորագրությունը եւ որը հնարավորություն կտար պրն գլխավոր դատախազին ինձ մեղադրել քննությունից խուսափելու եւ պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։ Այս ամենն ուղղակի ծիծաղելի է։

-Այնուամենայնիվ, բացառո՞ւմ եք, որ Դուք էլ եք այն 6-8 պատգամավորների ցանկում, որոնց վերաբերյալ դատախազը նույնպես կարող է միջնորդություն ներկայացնել։

-Խնդիր չկա։ Եթե իսկապես մեղավոր լինեինք՝ համոզված եղեք, որ արդեն շատ վաղուց պիտի փորձեին մեզ պատժի արժանացնել։

Բայց դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ սա այն գործն է, որի վերաբերյալ ԱԺ կմտնեն։ Եվ Աղվան Հովսեփյանին էլ խորհուրդ կտայի (մանավանդ որ քրեական, այլ ոչ թե քաղաքացիական իրավունքի մասնագետ է)՝ մինչեւ հեռուստատեսությամբ հայտարարություններ անելը լավ ուսումնասիրի հատկապես քաղխորհրդի գործկոմի եւ դրա նախագահի գործառույթները։ Ու կհասկանա, որ ես անօրինական որեւէ գործողություն չեմ կատարել։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728