Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԻՏԻ ՀՌԱԿ-Ի ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՈ՞Վ ԱՌԱՋԱԴՐՎԵՐ

Փետրվար 24,1999 00:00
Xosrov Harutyunyan

Լուրը սկզբում բոլորովին անհավանական թվաց, որ Հարություն Կարապետյանը Խոսրով Հարությունյանին առաջարկել էր գլխավորել ՀՌԱԿ-ը։ Այս խնդրի վերաբերյալ հանրապետական վարչությունում անգամ քննարկում էր տեղի ունեցել, որին մասնակցել էին 6 հոգի։ Սակայն խաղաքարտերը խառնել էր ՀՌԱԿ եզրաբանությամբ ասած՝ վերջին տագնապը։

Այդ լուրը մասնակիորեն հաստատեց ՀՌԱԿ շրջանակներին մոտ կանգնած մի անձ, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի։ Որոշ մանրամասներ պատմեց, թե ՀՌԱԿ ՀՎ անդամներն այս առնչությամբ Հարություն Կարապետյանին ներկայացրել էին հետեւյալ առարկությունը. «Ատենապետը նման կարեւոր հարցերով բանակցությունների գնալուց առաջ պիտի նախօրոք խորհրդակցի, համաձայնեցնի եւ այլն։ Իսկ Հարություն Կարապետյանն այդ բաները չէր արել»։ Մեր զրուցակիցը տեղյակ չէր, թե առաջարկը ճշգրիտ ինչ ձեւակերպում է ունեցել, բայց ընդհանրական գաղափարը վերաբերել է ընտրական համագործակցությանը, ընտրություններին համատեղ գնալուն։

Ի դեպ, այս ամենի մասին տեղյակ են եղել այլ լրագրողներ եւս։ Այսպես, «Հայքի» փետրվարի 19-ի համարում «ՌԱԿ-ի մի թեւին անհրաժեշտ է քայքայված ՀՌԱԿ» հրապարակման մեջ նշված է. «Ըստ ստույգ աղբյուրների, ՀՌԱԿ-ը, Հարություն Կարապետյանի գլխավորությամբ, հունվարին մի քանի հանդիպումներ եւ կոնկրետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ՀՀ ամենաբարձր պաշտոնյաների, որոշ մտավորականների հետ, որոնց անունները դեռ հրապարակել չենք կարող՝ տված խոստման համաձայն»։

Ըստ որոշ տեղեկությունների, այս մասին տեղյակ է եղել նաեւ ՀՌԱԿ-ից ավելի վաղ հեռացած Պետրոս Քացախյանը, որն այժմ աշխատում է կառավարությունում։ Մի մասնավոր զրույցում նա խոստովանել է. «Խոսրով Մելիքիչին ասացի, որ այդպիսի բան չանի»։

Այս ամենը դեռ մեզ հայտնի չէր, երբ փորձեցինք լուրը ճշտել նաեւ Խոսրով Հարությունյանի հետ։ Եվ այդ պատճառով էր, որ նրան հարցրինք ոչ թե ՀՌԱԿ-ի հետ ընտրական համագործակցության, այլ՝ ՀՌԱԿ-ը գլխավորելու առաջարկի մասին, որպիսին էր նախնական տեղեկատվությունը։ Եվ, բնականաբար, ԱԺ նախագահը հերքեց նման պայմանավորվածության առկայությունը, բայց նաեւ նշեց. «Մենք Հարություն Կարապետյանի հետ վաղուց, դեռեւս Գերագույն խորհրդից՝ բավական մտերիմ հարաբերությունների մեջ ենք։ Իրար հետ շատ անգամ խորհրդակցել ենք քաղաքական ամենատարբեր իրավիճակների եւ նաեւ ՀՌԱԿ-ին առնչվող հարցերի շուրջ։ Ու մասնավորապես, միշտ փորձել եմ կուսակցությանը հորդորել, որ ավելի ակտիվանա, քաղաքական ավելի մեծ դերակատարում ստանձնի։ Եվ նման հանդիպումները շատ- շատ են եղել։ Ընդհուպ մինչեւ կուսակցական որոշ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր ենք քննարկել։ Բայց կուսակցությունն ուղղակիորեն գլխավորելու առաջարկը երեւի ինչ-որ մեկի երեւակայության արգասիքն է»։

Ի դեպ, «Առավոտի» ունեցած տեղեկություններով, Խոսրով Հարությունյանը ժամանակին Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ էր նաեւ պատգամավորության թեկնածու առաջադրվել։

Մեր զրույցի ընթացքում ԱԺ նախագահը նաեւ խոստովանեց. «Ինքս համակրում եմ այդ կուսակցությանը, դրա ուղղվածությանը»։ Մեր հարցին, թե ՀՌԱԿ պառակտված խմբերից ո՞ր մեկի կողմն է այժմ իր համակրանքը, պատասխանեց. «Ես իրոք ցավում եմ այդ տրոհման համար։ Կողքից նայում եմ, թե մեր կուսակցություններն ինչպես են անխնա իրար ոչնչացնում։ Նույնիսկ չի կարելի ենթադրել, որ սա մեր քաղաքական վերնաշենքի կայացման մի հերթական փուլն է եւ օբյեկտիվ անհրաժեշտություն։ Ուղղակի ցավով կարելի է արձանագրել այն, ինչ այսօր կատարվում է ռամկավարների եւ հնչակյանների հետ։ Եվ սա կուսակցությունների առողջացման հետ ոչ մի առնչություն չունի»։

Այս առումով կարելի է մի սեփական առանձին հարցադրում էլ ներկայացնել։ Ոչ ՀՌԱԿ-ը, ոչ էլ ՍԴՀԿ-ն (գոնե Հայաստանում) առանձնապես, մեղմ ասած, մեծաքանակ կուսակցություններ չեն։ Տեսնես ինչպե՞ս են հաջողում հազիվ մի քանի հարյուր անդամ ունեցող այս կուսակցություններն անընդհատ տրոհվել։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728