Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉՆՉԻ՞Ց ՄԵԾ ԱՂՄՈՒԿ

Փետրվար 24,1999 00:00
cit

Այնուամենայնիվ հետաքրքիր է. ԱԺ ղեկավարությունը չի՞ ցանկանում, թե՞ չի կարողանում նիստերին պատգամավորների բավարար ներկայություն ապահովել։ Ակնհայտ է, որ սա միայն կառավարությանն է միշտ հաջողվում՝ իրենց հարկավոր օրինագծերի քվեարկության դեպքում եւ շատ էլ չեն ցանկանում իրենց այս հնարավորությունը չարաշահել։ Ինչ որ է, այս մթնոլորտում լիովին պատճառաբանված թվաց նորընտիր մի պատգամավորի նախաձեռնությունը՝ ԱԺ-ի ինքնալուծարման նպատակով ստորագրություններ հավաքելու վերաբերյալ։

Ժամը 10-ին հայտարարված նիստը սկսելու համար ընդամենը 12.30-ին հաջողվեց քվորում ապահովել։ Երկու օր շարունակ քննարկված օրինագծերից եւ ոչ մեկը երեկ համարձակություն չունեցան քվեարկության դնելու։ Ակնհայտ էր էլի, որ դահլիճում բավարար քանակի պատգամավորներ չկային, եւ քվեարկությունները 15 օրով հետաձգվեցին։

Երեւի հույս ունեն, որ Դավիթ Շահնազարյանը մինչ այդ կհրաժարվի՞ նախագահի պաշտոնազրկումը նախապատրաստող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իր նախաձեռնությունից, եւ պատգամավորներն անվախ ու անվարան խորհրդարան կվերադառնան։

Իսկ երեկ միանգամից հանրահայտ դարձավ երկու ամիս առաջ 45 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ռոմիկ Բալոյանը, որ նախկինում ՆԳ համակարգում պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել եւ մասնավորապես Սովետաշենի մեկուսարանի պետն էր։ Կայծակնային արագությամբ լուր տարածվեց, որ սույն պատգամավորը խորհրդարանի ինքնալուծարման համար ստորագրություններ է հավաքում, եւ արդեն մի 40 հոգի համաձայնել են «կտրել այն ճյուղը, որի վրա նստած են»։ 41-րդը ինքնաբացահայտվեց՝ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Մարտիրոսյանն էր, որն էլ Ռոմիկ Բալայանի հետ միասին պատասխանեց պատգամավորական «բադիկից» խաբված լրագրողներիս հարցերին։ Ռազմիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ որոշել էին 96 ստորագրություն հավաքել եւ հետո նոր հայտարարել իրենց նախաձեռնության մասին։

«Սա արդեն իներցիոն ԱԺ է։ Անարդյունավետ է աշխատում։ Տեսնում եք՝ չեն կարողանում նույնիսկ քվորում ապահովել, եւ չի կարելի դա միտումնավորության արդյունք համարել եւ դրա համար մեղադրել որեւէ խմբի կամ խմբակցության։ Յուրաքանչյուր եռօրյայում լավագույն դեպքում 2-3 օրենք ենք ընդունում։ Մնացած ժամանակը պարզապես ծախսում ենք կանոնակարգի բացատրության եւ այլեւայլ հարցերի վրա»,- պրն Մարտիրոսյանի այս բավական համոզիչ փաստարկներին Ռոմիկ Բալայանը հավելում էր. «Այս ԱԺ-ն սպառել է իրեն։ Այս բարձրագույն ամբիոնը դարձել է անձնական եւ կուսակցական հարցերի, նաեւ նախընտրական քարոզչության ամբիոն։ Բայց մեծամասնությունը չի ցանկանում ինքնալուծարվել, վախենում է։ Տղամարդու հատկանիշ էլ է, որ չվախենան լուծարումից»։

Այս պատգամավորների միայն ժպիտներն էին անընդհատ կասկածի տեղիք տալիս։ Ի վերջո, խոստովանեցին, թե կատակ էին անում։

Սակայն կասկածը սրտներումս մնաց՝ գուցե սա չհաջողված նախաձեռնությունը կատակի տեղ անցկացնելու փո՞րձ էր։ Չէ որ, ի վերջո, ամեն կատակի միայն մի մասն է կատակ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728