Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՏԱՆԸ ԿՔՆԻ, ՍՏԱՑԻՈՆԱՐՈՒՄ ԿԲՈՒԺՎԻ

Փետրվար 23,1999 00:00
Hayk Nikogosyan

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը ներկայացրեց իր ծրագրերը՝ այս ոլորտում իրականացվելիք քաղաքականությունը։ Դրանց մի քանի կետերի շուրջ պարզաբանումների խնդրանքով դիմեցինք նախարարին։

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս ոլորտում ձեր սկսած քաղաքականությունը կարող է ավարտվել այս ասպարեզից ձեր հեռանալով, ինչպես լինում էր նախորդների դեպքում։ Դա կործանարար չի՞ լինի համակարգի համար։

– Չգիտեմ՝ կործանարար կլինի, թե՝ ոչ։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ես ինչքան կհասցնեմ անել կամ ինչքանով ճիշտ եմ անում։ Բայց, ամեն դեպքում, ես ջատագովն եմ այն գաղափարի, որ նախարար փոխվելուց շատ բան չփոխվի։ Այսինքն՝ նախարարությունը կամ համակարգը մի տեսակ սահմանադրության նման բան պիտի ունենա, որ յուրաքանչյուր նախարար գալուց հետո պարտավոր լինի կատարել այն եւ ոչ թե ասի, որ ինքն այլ կերպ է մտածում։ Նրա համար այլ կերպ մտածելու սահմաններն ավելի փոքր պիտի լինեն։ Երբ զրոյից ես սկսում կամ շատ բան ես փոխում, դա ճիշտ չէ։ Ես հիմա իմ գլխավոր խնդիրը դա եմ համարում. գրել այնպիսի օրենքներ, նորմատիվներ, փաստաթղթեր, որոնք գործեն անընդհատ, որոնք կպարտադրեն ցանկացած նախարարի շահարկել այդ գիծը։ Միջազգային կազմակերպությունների ընդգրկումն այս գործում այդ նպատակն էլ ունի։ Ինչքան միջազգայնացնում ես քո ասելիքը, ինչքան հրապարակային ես տանում, այնքան քիչ հավանական է հետո քննադատության ենթարկվելը։ Որքան միջազգայնորեն ընդունված է քո ասածն ու արածը, այնքան դժվար է արագ- արագ փոփոխությունների ենթարկել, որովհետեւ դա արդեն քոնը չէ, դա արդեն համատարած ընդունված բան է դառնում։ Դժվար թե մի տարի հետո մի նախարար ասի՝ սխալ էր ձեր արածը։

– Դա երաշխի՞ք է, որ սկսված գիծը չի ընդհատվի։

– Երաշխիքներից մեկն է։

– Իսկ երաշխիքը ո՞րն է, արդյո՞ք օրենսդրական դաշտը կարող է լինել։

– Անշուշտ-անշուշտ։ Ես այս փաստաթղթերի մի զգալի մասը ուզում եմ օրենքների վերածել տալ՝ այս տարի, եկող տարի։ Եվ օրենքը երաշխիք կլինի։

– Դուք ընդունում եք, որ մեր երկիրը օրենքի գերակայության երկի՞ր է։

– Այո, ես այդպես եմ ընդունում։

– Ձեր ծրագրերում կա մարզերի առողջապահական համակարգում նոր տիպի հիմնարկի ստեղծման գաղափարը։ Ի՞նչ հիմնարկի մասին է խոսքը։

– Օրինակ, մի քանի գյուղերում պոլիկլինիկաներին կից ստեղծվելու են, այսպես կոչված, ցերեկային ստացիոնարներ։ Դա ելք է, լուծում։ Գյուղերում միշտ ուզել են հիվանդանոցներ ունենալ, իսկ մենք միշտ ասել ենք, որ իրենք գյուղ են եւ իրենց հիվանդանոց պետք չէ։ Բայց ցերեկային ստացիոնարը՝ մի քանի մահճակալով, մանավանդ այս տրանսպորտային պայմաններում, հարցի լուծում կարող է լինել։ Ցերեկը կբուժվեն, սակայն տանը կգիշերեն։ Մանավանդ գյուղացին երբեք չի սիրում տնից դուրս գիշերել։ Այս գաղափարը երբեք չի կիրառվել։ Կամ շրջանային պոլիկլինիկաներին կից կստեղծվեն կենտրոնացված ախտորոշիչ ծառայություններ, որոնք մինչեւ հիմա չեն եղել։ Կամ գյուղական ամբուլատորիաները ավելի շատ կվերածվեն ընտանեկան բժշկի օֆիսների։ Այսինքն՝ փոփոխություններ հատկապես մարզային օղակում լինելու են։

– Սա միջազգային փորձի՞ց է փոխառնված։

– Այո, բացարձակապես։ Ես ընդհանրապես ինչ անում եմ, միջազգային փորձից ելնելով եմ անում։ Ես չեմ սիրում ազգային առանձնահատկություններն «ուռճացնել»։ Դրա հետեւում շատ հաճախ թաքնվում է գործ չանելու ձգտումը։

– Իսկ ի՞նչ եք կարծում, գյուղերում պատրա՞ստ են ընդունել ընտանեկան բժշկի գաղափարը։

– Այստեղ ավելի հեշտ է։ Գյուղական ամբուլատորիաների էությունն արդեն շատ նման է ընտանեկան բժշկի ինստիտուտին, այսինքն՝ մեկ բժիշկ է բոլորի համար։ Ընտանեկանի գաղափարն այնտեղ դրված է, ուզում ես ընտանեկան կոչի, ուզում ես՝ մի կոչի։ Հիմա ուղղակի անհրաժեշտ է բովանդակորեն բերել դրան։ Այնտեղ ձեւի փոփոխություն չի լինելու, իսկ քաղաքում ձեւի փոփոխություն կլինի։

– Գյուղում անո՞ւնն եք փոխելու։

– Ոչ, գիտելիքների մակարդակն ենք բարձրացնելու։

– Որ բուժհիմնարկնե՞րն են, որ միջազգային կենտրոն դառնալու պոտենցիալ ունեն։

– Կա 5-6 կենտրոն, որոնք հիմա չեմ ուզում թվել։

– Որո՞նք են ընտրության չափանիշները։

– Տեխնոլոգիական հագեցվածությունը, ազատ տարածքների առկայությունը, օգտագործվելիության աստիճանը (կարող է բավարարել առաջին երկու պահանջներին, սակայն արդեն 100%-ով զբաղված լինել հանրապետության բնակչությանը սպասարկելով), արեւմտյան ստանդարտի աշխատաոճ՝ այս չափանիշների հանրագումարը կբերի ընտրության։

– Ձեր ծրագրերում կա կառավարման դպրոցի հիմնադրման գաղափարը։ Դա մե՞ծ միջոցների ներդրում է պահանջում։

– Ոչ, փոքր։ Մենք չենք ուզում ընդհանրապես նոր հիմնարկ ստեղծել։ Կա առողջապահության ազգային ինստիտուտը, որի գաղափարը հենց վերապատրաստումն է։ Կառավարման դպրոցը կլինի դրա մի մասը, որպես մի ֆակուլտետ։ Այժմ 1000-ի հասնող տարբեր մակարդակի կառավարիչներ ունենք՝ բաժնի վարիչներից մինչեւ փոխնախարարները։ Բոլորը պիտի կարողանան «շկոլա» անցնել։ Նման մի դպրոց այժմ Ամերիկյան համալսարանում կա, բայց դա ակադեմիական դպրոց է՝ երիտասարդների համար, որոնք նոր են ավարտել, աստիճան պիտի ստանան՝ միայն անգլերենով։ Սա ապագայինն է, բայց այսօրվա կառավարիչների այս հսկայական բանակը կա, որոնց պետք է հայերենով, շատ կուրսերով, իրենց համար ավելի հասկանալի ստանդարտներով կրթել, վերապատրաստել։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Օրենքի գերակայության երկիր լինելու մասին ՀՀ առողջապահության նախարարի կարծիքը չկիսելով հանդերձ, ցանկանում ենք, որ մեր պետությունն իրոք այդպիսին դառնա։ Որպեսզի սկսված քաղաքականության շարունակական բնույթը պայմանավորված չլինի դրա «միջազգայնացման» աստիճանով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728