Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԱՎԱՆՏՅՈՒՐԻԶՄ

Փետրվար 23,1999 00:00
burg

Պետական կարճաժամկետ պարտատոմսերի շուկան Հայաստանում առաջացել է 1995 թ. սեպտեմբերից։ Իր ժամանակին այն ուղեկցվեց հիացական հայտարարություններով, որ հատուկ է կառավարության բոլոր հերթական նախաձեռնություններին, որոնք հետո դատապարտվում են ձախողման։

ՊԿՊ-երի «Ոսկե ժամանակաշրջան» կարելի է համարել 1997 թ. հունվարից հունիսը, երբ միջին եկամտաբերությունը գերազանցել է 60%-ը, իսկ մի շարք աճուրդներում՝ անգամ 80%-ը։ Այդպիսի տոկոսներով այդ ժամանակահատվածում, տարբեր մարման ժամկետներով, տեղաբաշխվել է 10,4 մլրդ դրամի ՊԿՊ։ Սակայն դրանց ազդեցությունը բյուջեում անմիջապես չի զգացվել, քանի որ ՊԿՊ-եր ավելի շատ վաճառվում էին, քան՝ մարվում։ 1998 թ. «բարձր տոկոսի» շրջան է եղել մարտից ապրիլը՝ որոշ չափով կրելով ներքաղաքական ճգնաժամի ազդեցությունը՝ կազմելով միջինը 55-60%, իսկ տեղաբաշխման ընդհանուր ծավալը՝ մոտ 4,9 մլրդ դրամ։ Սակայն այդ ռիսկային գործարքների համար հատուցման ժամանակը եւս պետք է գար եւ այն Հայաստանում վրա է հասել 1998 թ. սեպտեմբերից, այսինքն՝ ռուսական ճգնաժամից անմիջապես հետո։

Կուտակված պարտքերը հասել էին այն մակարդակին, որ այլեւս հնարավոր չէր դրանք մարել ՊԿՊ-երի նոր թողարկումներով։ Սեպտեմբերին ՊԿՊ-երի վաճառքից հասույթի եւ նախկինում վաճառվածների մարման բացասական սալդոն կազմել է 2,4 մլրդ դրամ, հոկտեմբերին՝ 1,3 մլրդ դրամ, նոյեմբերին՝ 1,2 մլրդ դրամ։ Տարեկան կտրվածքով եւս առկա է վաճառքից հասույթի եւ մարման բացասական սալդոն, նախնական գնահատմամբ՝ մոտ 3,5 մլրդ դրամ։ Ըստ էության, դրանք անօրինական վճարումներ են, քանի որ սահմանված չեն բյուջեի մասին օրենքով։ Իսկ 1998 թ. բյուջեն պլանավորվել էր այնպես, որ ստացվեր 6,7 մլրդ դրամ դրական սալդո, որն ուղղվելու էր դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Անօրինականություն պետք է համարել նաեւ ՊԿՊ-երի տոկոսների գծով օրենքով սահմանվածից ավելի վճարումները։ Բացի այդ, առկա են մեթոդական խնդիրներ ՊԿՊ-երի տոկոսների համար վճարումների ծավալները բյուջեում արտացոլելու շուրջ, որ հատուկ քննության առարկա է։

ՊԿՊ-երի շուկայում ցնցումները ժամանակագրական առումով համընկել են եւ, փաստորեն, պատճառ են դարձել այն բանի, որ կառավարությունը կարճաժամկետ վարկեր ստանա կենտրոնական բանկից։ Իսկ դա իր հերթին բացասաբար է անդրադարձել դրամի փոխարժեքի վրա՝ հանգեցնելով արժույթի շուկայի նոյեմբերյան ցնցումներին։

Ռուսաստանում ՊԿՊ-երի շուկայի փլուզումը հանգեցրեց հայկական շուկայից ոչ ռեզիդենտների հեռանալուն, որոնք տիրապետող դիրքեր ունեին՝ սկսած 1997-ից։ Ոչ ռեզիդենտների հեռանալու պատճառով սեպտեմբերին մի քանի աճուրդներ չկայացան։ Սակայն հոկտեմբերից շուկան վերականգնվեց, չնայած տեղաբաշխման ծավալները նվազեցին։ Եթե օգոստոսին ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 4,4 մլրդ դրամ ՊԿՊ, ապա հոկտեմբերին՝ 2,2 մլրդ դրամ, իսկ նոյեմբերին՝ 3,8 մլրդ։ Հոկտեմբերին եւ նոյեմբերին չի հաջողվել իրացնել 237 եւ 364-օրյա մարման ժամկետով թողարկած ՊԿՊ-երը, ինչպես նաեւ տեղի է ունեցել տոկոսադրույքների որոշ աճ։

Մայիսից օգոստոսին դիտվող՝ միջինը 35-36%-ի դիմաց, ՊԿՊ-երի եկամտաբերությունը սեպտեմբերից նոյեմբերին կազմել է միջինը 44-48%։ Սակայն ֆինանսների նախարար Սանդոյանը նոյեմբերի 28-ին խորհրդարանական բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարեց, որ ՊԿՊ-երի առավելագույն եկամտաբերությունը 1998 թ. չի անցնի 50%-ը, իսկ 1999 թ.՝ 40%-ը։ Մեկ շաբաթ էլ չէր անցել այդ հայտարարությունից, երբ դեկտեմբերի 3-ի աճուրդում ֆինանսների նախարարությունը տեղաբաշխեց 56,6% միջին եկամտաբերությամբ մոտ 274 մլն դրամ ծավալով ՊԿՊ-եր։ Այս աճուրդի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն մամուլում չհայտնվեց, իսկ պաշտոնական գրաքննությունը խոչընդոտեց այն լուսաբանել։ Դա արվեց պետական բյուջեին կայունության շապիկ հագցնելու նպատակով, քանի որ կառավարությունը 1999 թ. բյուջեն հաստատելիս պատգամավորներին համոզելու այլ փաստարկներ չուներ, բացի ֆինանսական կայունության մասին հեքիաթանման պատմություններից։

Իսկ ֆինանսական բուրգի կառուցումը դրանից հետո նոր թափ ստացավ։ Դեկտեմբերի վերջին պարտատոմսերը վաճառվում էին ավելի քան 60%-ով, այս տարվա հունվարի սկզբին՝ ավելի քան 70%-ով։ Ներկայումս դրանց եկամտաբերությունը տատանվում է 60-65%-ի միջակայքում։ Հունվարին ՊԿՊ-երի վաճառքից հասույթի եւ մարման բացասական սալդոյի համար բյուջեից վճարվել է 1,6 մլրդ դրամ, իսկ փետրվարին (մինչեւ ամսի 16-ի հաշվարկով)՝ 340 մլն դրամ։ Եթե անգամ ֆինանսների նախարարությանը հաջողվի մի քանի ամսում ստանալ դրական սալդո, միեւնույն է՝ ճգնաժամից խուսափել չի կարող, եւ որքան տոկոսները բարձր են, այնքան այդ ճգնաժամն ավելի սուր կզգացվի բյուջեի ծախսերի կատարման վրա։

Այսպիսի քաղաքականությունը սահմանակցում է տնտեսական հանցագործությանը, որ իրականացվում է պետական մակարդակով։ Տեղի ունի պետական միջոցների վատնում եւ ոչ արդյունավետ օգտագործում։ Պարզ չէ միայն, թե ինչու հարկատուների փողերը վստահվել են անձնական շահերի լաբիրինթոսում խճճված բախտախնդիր անձանց։

ՍԱՄՎԵԼ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728