Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորերը հներից «նալոգ» են վերցնում

Փետրվար 23,1999 00:00
Arshak Sadoyan

Փետրվարի 21-ին «Երեւաննախագիծ» ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի հետ։

Չնայած դահլիճը մարդաշատ չէր, բայց, այնուամենայնիվ, քաղաքական գործիչը հարկ համարեց ներկայացնել իր տեսակետներն այսօր հանրապետությունում տիրող իրավիճակի շուրջ։

– Պրոբլեմը նա է,- այսպես սկսեց ԱԺՄ անդամը,- որ բոլորի աչքի առաջ, երբ երկաթուղային եւ օդային հաղորդակցությունն էլ լավ է աշխատում, այս երկիրն արդեն քանի տարի է առաջ գնալու փոխարեն հետ է գնում։ Մեր աչքի առաջ ավերվում է տնտեսությունը, դպրոցը, առողջապահական համակարգը։ Եվ այսպես շարունակել չի լինի։ Եթե Լեւոնի ժամանակ բան կար ծախելու, այժմ՝ ոչ, եւ այնքան են շատացել շերեփավորները, որ չեն էլ կարողանում իրար մեջ բաժանել մնացածը։ Այժմ այնպես է իրավիճակը, որ նոր եկած իշխանավորները հներից «նալոգ» են վերցնում, ասելով. «դուք այսքան թալանեցիք, մի մասն էլ մեզ տվեք»։ Իշխանությունը բաժանված է երկու հսկա թեւերի՝ Վ. Սարգսյանի, այսպես ասած «երկրապահական» խմբավորում, իսկ մյուսը Ռ. Քոչարյանի թեւի, որին են հարում Ս. Սարգսյանը, Ս. Բաբայանը եւ նրանց հարող կամ էլ չհարող դաշնակցական որոշ գործիչներ։ Այստեղ տեղին է ասել ժողովրդական խոսքը. «Երկու գլուխ մի ղազանում չի եփվի»։ Եվ այդպես էլ պարզ չէ, թե հանրապետության առաջին դեմքը ո՞վ է։

Ա. Սադոյանը կոչ արեց բոլորին համատեղ պայքարել, քանի որ ԱԺՄ-ն 7-8 տարի է՝ իր բռնած գծով գնում է եւ դեմ առնում պատին, ոչ մի արդյունքի չհասնելով։ Ըստ Սադոյանի՝ կամ հրացանավորների հետ պետք է գնալ հեղաշրջման, կամ էլ խաղաղ ճանապարհով՝ ժողովրդի հետ։ Խաղաղ ճանապարհով իշխանությունը փոխելու համար բոլորի մասնակցությունն է պետք։

Անդրադառնալով մայիսի 30-ին նշանակված ԱԺ պատգամավորական ընտրություններին, նշեց, որ ազգովի կանգնելու դեպքում, կեղծիքներ չեն լինի։ Այնուհետեւ ներկաներին բացատրեց. թե հեղափոխությունը երբ են անում.

– Հեղափոխությունը պետք է անել ոչ թե ընտրությունների հաջորդ օրը, այլ ընտրության օրը։ Ոչ թե սեպտեմբերի 25-ին պետք է «չափարները» կոտրեինք, այլ քվեարկության օրը։

Ա. ԼԱՎՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728