ԱԺՄ սիրեցյալ Դավիթ Վարդանյան ԱԺ-ը վտանգավոր էր, քանի որ, անկախ դրդապատճառներից, քննարկում էր հասարակության համար հետաքրքրական՝ սեփականաշնորհման գործարքները։ Նախագահին հաջողվեց ապացուցել խորհրդարանի անգործունակությունը եւ իր հրամանագրով ստեղծել այդ գործարքների օրինականությունը ստուգող հանձնաժողով։ Նախագահն այդ հանձնաժողովում մեծահոգաբար ԱԺ-ին տրամադրեց 3 տեղ, որոնցից 2-ն՝ ընդդիմադիր փոքրամասնությանը։ Ընդդիմությունը հանձինս ԱԺՄ-ի, «Հանրապետության», «Հայրենիքի», հրաժարվեց մասնակցել այդ հանձնաժողովին, սակայն «ընդդիմադիրները»՝ հանձինս կոմկուսի կամ ԱԻՄ-ի, ողջունեցին նախագահի օրինականությունը վերահաստատելու ձգտումը։ Այս ամենի մեջ ամենահետաքրքրականը ԱԺՄ-ի կամ ԱԺՄ-ական պատգամավորների կեցվածքն է։ ԱԺ-ում Արշակ Սադոյանը եւ Շավարշ Քոչարյանը մշտապես նախաձեռնող եւ մասնակից են եղել խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնություններին։ Վերջիններս մամուլում խոսելով նախագահի նախաձեռնության մասին, մեղմ ասած, այնքան էլ դրականորեն չեն բնորոշել այն։ Այսպես՝ Շավարշ Քոչարյանը «Հայոց աշխարհում» ասում է «Միշտ առկա է այն կասկածը, որ գործադիր իշխանությունը հակված է տեղի ունեցածը կոծկելու, եւ անցած օրվա խորհրդարանական քննարկումները դա են ապացուցում։ Ազգային ժողովը չկարողացավ հանձնաժողով ձեւավորել, բայց այդ գործընթացը շարունակվում է։ Եվ փոխանցել այդ վերահսկողության իրավունքը գործադիր իշխանության կողմից ստեղծված հանձնաժողովին նպատակահարմար չէ»։ Նույն հարցի շուրջ Արշակ Սադոյանն «Ազգ»-ում ասում է. «Հրամանագիրը կարող է օգտագործվել, որպեսզի ԱԺ տեսադաշտից հանվի սեփականաշնորհման գործարքների օրինականության բացահայտման հարցը», ապա «Առավոտ»-ում շարունակում է. «Համոզված ենք, որ գործադիր իշխանության շատ ու շատ ներկայացուցիչներ՝ ներառյալ վարչապետը (նա, Վահրամ Ավանեսյանն ու Պողպատյանը մեր կապի համակարգը տվեցին Հունաստանին), նրան նշանակած նախագահը չի կարող օբյեկտիվ դիտարկել այն փաստերը, թե իր կողմից նշանակված վարչապետն ու նախարարներն ինչքանով են մասնակցել այդ հանցավոր գործարքին։ Ես ե՛ւ այսօրվա դրությամբ, ե՛ւ օրակարգային հարցերի քննարկման հետ կապված հասկանում եմ, որ ե՛ւ ԱԺ նախագահը, ե՛ւ նրա տեղակալները շատ հարցերում չեն ղեկավարվում իրենց կամքով»։ Սակայն խորհրդարանում ԱԺՄ այս պատգամավորների նման ընդգծված տեսակետը չի խանգարում, որ վերոնշյալ հանձնաժողովը ղեկավարի ԱԺՄ վարչության մեկ այլ անդամ, ԱԺ պատգամավոր, նախագահի ապարատին կից վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը։ Այս ծառայության ղեկավար եղած ընթացքում Դավիթ Վարդանյանն արդեն մի քանի անգամ ապացուցել է, թե ինչպիսի անպտուղ եւ անարդյունք ստուգումներ կարող է իրականացնել։ Նրա անցկացրած եւ ոչ մի ստուգում, որեւէ դրական արդյունք չի տվել, եւ պետք է ենթադրել, որ նույն ճակատագրին է արժանանալու այս ստուգումը։ Հարց է առաջանում, թե ինչպես կարող էր ԱԺՄ-ն հանդուրժել նման երկվությունը, որը առաջին հերթին հարվածում է իր վարկանիշին։ Այլապես ինչպե՞ս հասկանա շարքային քաղաքացին Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի եւ Արշակ Սադոյանի այն ելույթները, թե ներկայիս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում մյուսներից, երբ կուսակցության առանցքային դեմքերից մեկը մաս է կազմում իշխանությանը։ Մի՞թե ավելի գերադասելի չէ «ԱրմենՏելի» դեմ ցույց անող Դեմոկրատական կուսակցությունն՝ իր առաջնորդ Արամ Սարգսյանով, նախագահի պատվերով նույն «ԱրմենՏելում» կեղծ ստուգումներ անցկացնող ԱԺՄ-ից եւ Դավիթ Վարդանյանից։ Կարելի է ենթադրել, որ նման ճարպիկ խաղը, դերերի եւ դերասանների համապատասխան բաժանմամբ կատարվել է հենց ԱԺՄ-ի կողմից։ Հակառակ դեպքում, պետք է Դավիթ Վարդանյանը վաղուց հեռացված լիներ ԱԺՄ-ից։ Նման դեպքում էլ, չի կարելի հաշվի չառնել գաղափարականից վեր դասվող անձնական գործոնը։ Դեռեւս դարասկզբին Վլադիմիր Լենինը պատասխանելով իր կուսակիցների պահանջներին՝ շարքերից հեռացնել «մոլորյալ» Բուխարինին, ասել է. «Տվ ս254ոՌՎփՌՍ տՈՐՑՌՌ»։ ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ