Կամ «նախաձեռնությունների վերածածկում»
Վերջին նորաբանության հեղինակը ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանն է, որն այսպես բնորոշեց այն վիճակը, երբ նախորդ արտահերթ նիստն այդպես էլ չավարտված՝ նորն է սկսվել։
Անցած շաբաթ երկու օր շարունակ քվորում չապահովվեց, որպեսզի քննարկվեին «Հայրենիքի» նախաձեռնությունները եւ քվեարկության դրվեր նախագահի պաշտոնազրկումը նախապատրաստող հանձնաժողովի ստեղծման հարցը։
2 ժամ 15 րոպե երեկ պահանջվեց, որպեսզի հաջողեցնեն քվորում ապահովել «Երկրապահի» հավաքած ստորագրություններով հրավիրված արտահերթ նիստ սկսելու համար։
Կարդացեք նաև
Սկսվեց թե չէ՝ շուրջ 1 ժամ շարունակ ընդդիմադիր պատգամավորներն իրար հերթ չտալով սկսեցին վարման կարգի շուրջ ելույթներ ունենալ։ «Օրենքը խախտելու ավանդույթը խորհրդարան էլ հասավ»,- արձանագրեց Վահագն Խաչատրյանը։ Ե՛վ նա, ե՛ւ այլ պատգամավորներ նշում էին, որ նախ պիտի նախորդ նիստն ավարտվեր։ Խոսրով Հարությունյանն այս առնչությամբ մի խիստ արտառոց հակափաստարկ ներկայացրեց, թե ԱԺ կանոնակարգում որեւէ կետ չկա, ըստ որի՝ նիստը սպառված է, երբ սպառված է դրա օրակարգը։ Ի դեպ, ԱԺ ղեկավարությունը շատ է չարաշահում «ինստիտուտ» բառը՝ «դրույթի» փոխարեն այն տեղի-անտեղի օգտագործելով։ Ասենք, երեկ Խոսրով Հարությունյանը հայտարարեց. «Արտահերթ նիստի սպառված լինելու ինստիտուտը կանոնակարգը չի արձանագրել»։ Հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, թե «մենք պիտի նաեւ ինստիտուտը սահմանենք՝ ինչ է նշանակում ընդունված օրենք»։ Ինչեւէ։
Ընդդիմադիր պատգամավորները դեռ շատ բողոքեցին, որ «Երկրապահը» տապալում է իրենց նախաձեռնությունները, առաջարկեցին միացնել այս երկու արտահերթ նիստերի օրակարգերը, կամ, ինչպես Հովհաննես Թոքմաջյանն ասաց՝ «մի ընդհանուր զամբյուղի մեջ դնել»։ Ի վերջո, Ալբերտ Բազեյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա իր համաձայնությունը հայտնեց երկու նախաձեռնությունների միացմանը։ Ե՛վ նա, ե՛ւ Յուրի Բախշյանը վստահեցնում էին, թե «ԱԺ ղեկավարությունը որեւէ ցանկություն չունի վիժեցնելու այդ ընդհատված նիստը»։
Եվ մինչ վերջապես սկսված նիստում արագ-արագ օրինագծեր էին քննարկվում՝ ԱԺ նախագահը խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ժ. 17-ին խորհրդակցություն անցկացրեց, որտեղ էլի արծարծվեցին «ո՞վ է մեղավոր» կարգի հարցադրումներ, բայց գլխավորն «ի՞նչ անել» հարցի պատասխանը գտնելն էր։ Ընդ որում, Խոսրով Հարությունյանն ի սկզբանե մերժեց միացյալ օրակարգով նիստի անցկացման գաղափարը։
Ալբերտ Բազեյանն էլ անտեղի համարեց նիստերը տապալելու «Երկրապահին» ուղղված մեղադրանքները։ Ներկայացված պատճառաբանությունն էր, որ իրենք հարաբերական մեծամասնություն են, եւ դեռ Ռազմիկ Դանիելյանն ու Գեղամ Ղարիբջանյանն էլ բացակայում են Հայաստանից։ «Ջենթլմենական պայմանավորվածության գանք, որ ցանկացած արտահերթ նիստ իր վախճանը պիտի ունենա՝ դրական կամ բացասական»,- այս բավական երկիմաստ ձեւակերպումը Ռուբեն Հակոբյանինն է, որը ԱԺ-ին մնացած ժամանակահատվածն «արտահերթ նիստի եռամսյակ» անվանեց։ Ի դեպ, պրն Հակոբյանը շահագրգիռ է, քանի որ ինքն էլ է ստորագրություններ հավաքում արտահերթ նիստ հրավիրելու համար։ Ընտրական օրենսգրքին «կողմ» քվեարկած այս պատգամավորի նախաձեռնությունն այժմ այդ օրենսգրքում լրացում կատարելն է, ըստ որի մասնավորապես քաղաքապետերին ու թաղապետերին էլ է արգելվելու իրենց թեկնածությունը մեծամասնական ընտրահամակարգով առաջադրելու, ինչպես փոխմարզպետներին եւ այլոց։
Ռուբեն Հակոբյանի նախաձեռնության ճակատագիրը դեռեւս անորոշ է։ Իսկ «Հայրենիքի» օրակարգով արտահերթ նիստի քվորումը կփորձեն ապահովել՝ հենց որ սպառվի «Երկրապահի» նախաձեռնած նիստի օրակարգը՝ մոտավորապես այսպիսին էր Արա Սահակյանի առաջարկը, որն էլ մնաց այս խորհրդակցության օգուտը։
Ի դեպ, Վահագն Խաչատրյանն էլ մի կիսահեգնական առաջարկ արեց, թե թող ԱԺ-ի կեսը՝ մի 96 հոգի կառավարության նիստերի դահլիճում նիստ անցկացնի, մյուս կեսն էլ՝ ԱԺ նիստերի դահլիճում։ «Ես անընդհատ սպասում էի, թե երբ պիտի հասնեինք ՊԺ-ին»,- խոստովանեց Խոսրով Հարությունյանը։ (Հիշեցնենք, որ պատգամավորների մի խումբ 1995-ին բոյկոտելով Գերագույն խորհրդի աշխատանքները՝ առանձին էր նիստեր անցկացնում եւ իրեն պատգամավորական ժողով էր անվանակոչել)։
Այս նախադեպը կրկնելու աննպատակահարմարությունն Արա Սահակյանն այսպես հիմնավորեց. «Մեկը պիտի անընդհատ այստեղից այնտեղ վազի, որ քվորումն ապահովի»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ