Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմպրոմատ» նախկինների դեմ

Փետրվար 23,1999 00:00
Aghvan Hovsepyan

Շաբաթ օրը հանրապետության դատախազ Աղվան Հովսեփյանը հարցազրույց է տվել «Ար» հեռուստաընկերության «Հետագիծ» ծրագրին։

Պրն Հովսեփյանը հաստատեց, որ ըստ իր միջնորդության, Վանո Սիրադեղյանի հրահանգով սպանված Արթուր Հովհաննիսյանը («Կյաժ» մականունով) ինքը մեղադրվում էր 4 սպանությունների մեջ։ Դատախազը փաստորեն խուսափեց պատասխանել, թե ինչպես է ստացվել, որ նույն գործով Սերժ Ջիլավյանի սպանության փորձում ինքնախոստովանած Նորայր Թադեւոսյանն առ այսօր շարունակում է աշխատել ՆԳ համակարգում։

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի այն տեսակետին, որ Արծրուն Մարգարյանի սպանությունը պատվիրված էր, պրն Հովսեփյանն ասաց, որ եթե պատգամավորն ունի տվյալներ, թող գա դատախազություն եւ տա ցուցմունքներ։ Դատախազը պատրաստակամություն հայտնեց անձամբ հարցաքննել պրն Շահնազարյանին։

Ըստ դատախազի, ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանի դեմ հարուցված էր քրեական գործ, որը կարճված էր համաներման ակտի կիրառմամբ, հետեւաբար, նա համարվում է հանցագործություն կատարած անձ։ Պրն Հովսեփյանի տվյալներով, քաղաքապետ լինելու ժամանակ Վահագն Խաչատրյանը չի ընդունել իր գործով զբաղվող քննիչին։

Էդվարդ Եգորյանի մասին նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանն ասել էր, որ քաղաքում լուրեր են պտտվում, թե դատավոր նշանակելիս պրն Եգորյանը ցուցակով կաշառք է վերցրել։ Այս առիթով դատախազը նշեց, որ պրն Հարությունյանին հնարավոր չէ պատասխանատվության կանչել զրպարտության համար, քանի որ զրպարտությունն ակնհայտ սուտ հերյուրանքներ տարածելն է, իսկ քրեական գործով հարցաքննվեցին մարդիկ, որոնք իրենք են այս լուրերը հայտնել Ալեքսան Հարությունյանին։ Իսկ կաշառակերությունը դժվար բացահայտվող հանցագործությունների թվին է պատկանում։

Դաշնակցության հայտնի հանրահավաքում հնչած մեղադրանքների առնչությամբ պրն Հովսեփյանն ասաց, որ այդ հայտարարությունների հետ կապված դատախազությունն ունի զգալի թվով հարուցված գործեր, որոնք ընթացքի մեջ են։ Մասնավորապես խոսքը Աշոտ Բլեյանի մասին է, որի «Մխիթար Սեբաստացի» համալիրի գանձապահն ու գլխավոր հաշվապահը կալանավորվել են՝ շուրջ 69 հազար դոլարի հափշտակության համար։

Ինչ վերաբերում է Արշակ Սադոյանի դեմ 1996 թ. սեպտեմբերի 25-ի հետ կապված գործին, ապա այն կարճվել է՝ իրավիճակի փոփոխության հետեւանքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728