Լրահոս
Օրվա լրահոսը

Դու անմեղ ես, նախագահն է մեղավոր

Փետրվար 23,1999 00:00
Paruyr Hayrikyan

ԻՄ նախագահ (համատեղությամբ՝ նախագահի խորհրդական) Պարույր Հայրիկյանի վերջին ասուլիսից հսկայական ժամանակ էր անցել (մոտ մեկ շաբաթ), իսկ նոր ասուլիս այդպես էլ չէր հրավիրվում։ Բայց չկորցնելով պատմական պահը (խորհրդարանական առաջիկա ընտրությունները)՝ Պարույր Արշավիրին երեկ հրավիրեց ավանդական ասուլիսը։ Ճիշտ է, պրն Հայրիկյանն ասուլիսին անձամբ չկար, սակայն նրա շունչը թեւածում էր ողջ ցուրտ դահլիճով։

ԻՄ աշխատակցուհին հայտարարեց, որ Հայրիկյանն այցելել է ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հավաքված քուրդ հացադուլավորներին, նրանց հավաստիացրել, որ ԻՄ կուսակցությունն ամենայն վճռականությամբ հետամուտ է լինելու Օջալանի նկատմամբ արդարացի դատավճռի իրականացմանը։ Զարմանալի է, որ այս հավաստիացումից հետո աշխարհի քրդերը չեն խաղաղվել ու ցրվել իրենց տները՝ ապահով, որ Հայրիկյանի ահից իրենց առաջնորդի գլխից «մազ չի պակսի»։

Թեեւ ասուլիսից առաջ լրագրողներիս բաժանվեց թե՛ ԻՄ հայտարարությունը, թե՛ կոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանին ուղղված ԻՄ-ի նամակը, սակայն ԻՄ խորհրդարանական խոսնակ Արամ Հարությունյանն իրեն չզրկեց դրանք նորից վերընթերցելու հաճույքից։

Ինչեւէ։ Պարզվել է,որ ԻՄ-ի փետրվարի 18-ի հանրահավաքը խանգարողը ոչ միայն եղանակն էր, այլեւ երիտասարդ մի խումբ կոմունիստներ՝ Սանատրուկ Սահակյանի առաջնորդությամբ։

Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմից հնարավոր է՝ ԻՄ-ը դուրս գա։ Պատճառը ՀՀ նախագահի կողմից ստեղծված խորհրդատվական մարմնի՝ երկքաղաքացիության դրույթի մերժումն է։ Ասուլիսին ներկա էր նաեւ ԻՄ-ի նախընտրական աշխատանքների համակարգող, ԻՄ-ի հիմնադիրներից մեկը՝ Մեխակ Գաբրիելյանը։ Վերջինս լրագրողներիս հիշեցրեց, որ ինքը միշտ «փաստացի» ԱԻՄ-ի անդամ է եղել։ Ասուլիսի ասելիքը սպառվեց։ Լրագրողներն հարցեր չունեին։ Ասուլիսի կարճությունից նեղված՝ պրն Հարությունյանը որոշեց բացատրել «մահ կամ ազատություն» սկզբունքի «բանաձեւը»։ Ընդհանուր աղերսներ անցկացվեցին Դեկարտի «Ես մտածում եմ, ուրեմն ես կամ» խոսքերի հետ։

Ընդ որում, հատուկ շեշտ դրվեց ԻՄ-ի ցրտադիմացկունությանը. «у природы нет плохой погоды» ասելով՝ ԻՄ-ը բոլոր եղանակներին պատրաստ է միտինգ անել։ Ու միայն՝ ԻՄ-ը։

Այս մտքից հետո հատկապես լրագրողներն ակտիվացան։ Այն հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք Հայրիկյանը լքել նաեւ նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, պրն Հարությունյանի պատասխանի ընթացքում Հայրիկյանը համեմատվեց Սախարովի հետ։ «Մարդու իրավունքների պաշտպանը,- ինչպես նշում է Հայրիկյանը,- չպետք է լինի նախագահին առընթեր։ Որովհետեւ, երբեմն պետք է նաեւ նախագահից պաշտպանվել» (՜)։

Մամուլում արդեն հայտնվել են լուրեր, որ Հայրիկյանը Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովից դուրս է եկել, սակայն Մեխակ Գաբրիելյանը ճշտեց. «Հայրիկյանը հայտարարել է, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնից դուրս կգա, եթե նախագահն այդ սկզբունքը չպաշտպանի։ Ոչ թե հանձնաժողովից դուրս է եկել»։ Բայց նախագահը դեռ որոշակի կարծիք այս մասին չի հայտնել։

«Առավոտի» այն հարցին, թե ին՞չ դիրքորոշում ունի ԻՄ-ը ՀՀ նախագահի գործունեությունը ստուգող հանձնաժողով ստեղծելու մասին, պրն Հարությունյանը նկատեց.

-Դուք ընդհանրապես չեք ուզում լսեք, հա՞, մեզ։ Այդ հարցի վերաբերյալ այսօր չի խոսացվել։ Իմ հարցին չպատասխանելով՝ Հարությունյանը հայացքը հառեց հաջորդ հարց տվողին։ Վերջինիս հարցն էլ էր նույն թեմատիկայով։ Պրն Հարությունյանը եւս մեկ անգամ նշեց ասուլիսի բուն թեման, ապա հուսահատված ասաց.

-Դավիթ Շահնազարյանը շատ բան կարող է ուզել կամ երազել։ ԱԻՄ-ի վերաբերմունքը, ինձ թվում է, ակնհայտ է։

Այս ասուլիսին, ինչպես նշեցինք, Հայրիկյանն անձամբ ներկա չէր։ Հուսով ենք՝ վաղը, ամենաուշը՝ մյուս օրը, պրն Հայրիկյանը չի վարանի եւ նոր ասուլիս կհրավիրի, որի ընթացքում այս հարցի պատասխանն առավել մանրամասն կփորձենք ճշտել։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728