Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՆՍԱՑԻԱ ԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Փետրվար 23,1999 00:00
Emil Gabrielyan

«13-ը փոքր թիվ է, բայց արդեն թիվ է»

ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի՝ ՀԱՀ-ի «Դեմքեր» ծրագրում արված հայտարարությունը եթե ճիշտ է, ապա կարելի է դարի սենսացիա հռչակել։ Սակայն այն հանգամանքը, որ առողջապահության ոլորտին (թեկուզ եւ խիստ կարեւոր) վերաբերող հայտարարությունն արվեց ՆԳ եւ ԱԱ նախարարի կողմից, մի տեսակ տարակուսանք առաջացրեց։

Շատերը մտածեցին՝ հայ ենք, «առուն չթռած՝ «հոպ» ենք ասում»։ Հայտարարության հաջորդ երկու օրերը ոչ աշխատանքային էին։ Մի կերպ դիմացանք եւ երկուշաբթի օրն առավոտյան փորձեցինք հակա-ՍՊԻԴ-ի հայտնագործման մասին լուրը ճշտել ՍՊԻԴ կենտրոնի տնօրեն Լեւոն Զոհրաբյանի միջոցով։ Վերջինս ասաց, թե ինքը ոչինչ չգիտի, ոչինչ չի կարող ասել մինչեւ պաշտոնական հաղորդագրություն չլինի։ Մինչ պարոն Զոհրաբյանը սպասում էր պաշտոնական տեղեկության, մենք դիմեցինք «Դեղ» գործակալության տնօրեն, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանին։

– Այո, Սերժ Սարգսյանի հայտարարությունը համարում եմ իրականությանը համապատասխան։ Մեզ մոտ լուրջ հետազոտություններ են տարվել ՍՊԻԴ-ի դեմ կիրառվող դեղի հայտնաբերման ուղղությամբ։ Արդյունքները չափազանց հուսադրող են։ 13 հիվանդների եւ վիրուսակիրների մոտ ստացել ենք դրական այնպիսի արդյունք, որ անհամեմատելի է ՍՊԻԴ-ի բուժման համար կիրառվող այլ դեղերի ցուցաբերած արդյունքների համեմատ։ Ավելի մանրամասն տվյալներ կհաղորդեմ առաջիկայում։ Մոտական կապված կլինի մեր ստացած անալիզների արդյունքների ավելի լուրջ ուսումնասիրության հետ։

– Պարոն Գաբրիելյան, լուրեր են պտտվում, թե ՍՊԻԴ-ի դեմ կիրառվող դեղի հեղինակն ազգությամբ հայ չէ, ավելի ճիշտ՝ ռուս է։

– Գիտեք, դեղն առաջին հերթին քիմիական նյութ է, դեղի ստեղծումը կոմպլեքս ջանքերի արդյունք է, որը չի կարող ինչ-որ մեկը հնարել եւ դրանից դեղ ստանալ։ Ուսումնասիրություններ են կատարվում տարբեր տիպի հետազոտողների կողմից եւ նոր միայն դեղը քաղաքացիական իրավունք է ստանում դեղ կոչվելու։ Այնպես որ, միանշանակ ասել, թե ով է այս բանը հնարել, ճիշտ չի լինի։ Ամեն դեղ կոմպլեքս ջանքերի արդյունք է։ Դուք դեռ կիմանաք, թե ո՞վ է ստեղծել։

– Արդյո՞ք, բուժված հիվանդների փոքր թիվը՝ 13, կարող է իրավունք տալ այսպիսի պատասխանատու հայտարարություն անել։ Չէ՞ որ ժամանակին ե՛ւ ֆրանսիացիները, ե՛ւ ամերիկացիները նման մոտավոր արդյունքի հասել են, սակայն հետագայում պարզվել է՝ ապարդյուն։

– 13-ը փոքր թիվ է, բայց 13-ն արդեն թիվ է։ Ես կարող եմ լիարժեք ձեւով հայտարարել այս փաստը միայն այն բանից հետո, երբ միջազգային մի շարք կենտրոններ հաստատեն։

– Պարոն Գաբրիելյան, սակայն արդեն հայավարի այնքան առաջ ենք անցել, չսպասելով ձեր նշած միջազգային հաստատմանը, որ նույնիսկ դեղի անունն է հրապարակվում՝ արմենիկում։

– Արդեն հայտարարվե՞լ է (այստեղ պարոն Գաբրիելյանն այ-այ-ի պես մի շարժում արեց- Մ. Ե.), անունը ես եմ դրել, բայց դա միայն մի մասն է, կարելի է ասել, դա ազգանունն է։

– Անշուշտ, դեղի հայտնագործումը լուրջ ֆինանսներ է պահանջում, ով է ֆինանսավորել, եւ ինչո՞ւ հայտարարությունն արվեց ՆԳ եւ ԱԱ նախարարի կողմից։

– Նախարարն իրավունք ուներ նման հայտարարություն անել, քանի որ բավականին ակտիվ հովանավորել է այս աշխատանքները։

– Սակայն ասվեց, թե պետությունը ոչ մի կոպեկ չի ծախսել այս գյուտի վրա։

– Նախարարը հովանավորել է իր աջակցությամբ եւ ոչ թե գումարով։ Իսկ հովանավորողը հայ բիզնեսմեն է։

– Պարոն Գաբրիելյան, քանի որ եթե իրոք Հայաստանում է հայտնաբերվել ՍՊԻԴ-ի բուժման դեղամիջոցը եւ ինչպես հաստատում եք, իրոք հայտնաբերվել է, ապա անշուշտ այն լուրջ խաղաքարտ է։ Արդյոք, Արցախի հարցի կարգավորման հարցում մեզ չի՞ օգնի հակա-ՍՊԻԴ-ը։

– Եկեք բժշկությունը քաղաքականության հետ չխառնենք։ Բերեք ՍՊԻԴ-ը բուժենք, հետո նոր քաղաքականության մասին խոսենք։

– Ասում են, ԱՊՀ գործադիր քարտուղար պարոն Բերեզովսկու վերջին այցը Հայաստան, միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ ձեռք գցել հակա-ՍՊԻԴ-ը։ Իրո՞ք, այդպես է։

– Ես գաղափար չունեմ, եթե այդպես լիներ, ես կիմանայի։

Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Հ. Գ. Զրույցին մասնակցում էին «Նոյյան տապան» գործակալությունը եւ «Ազատություն» ռ/կ-ը։ Հավատարիմ սկզբունքին, հրապարակում ենք միայն մեր հարցերն ու դրանց պատասխանները։ Իսկ ընդհանրապես, պարոն Գաբրիելյանը դեմ էր որեւէ հարցազրույցի, պարզապես լրագրողներն ամբողջ օրը նրան հոգնեցրել էին հարցազրույցի խնդրանքով։ Իսկ մենք հայտնվեցինք հարմար պահին, հարմար տեղում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728