Ինչպես բազմիցս արդեն նշվել է, Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդի անդամ չդառնալու եւ, ավելի լայն իմաստով՝ քաղաքակիրթ աշխարհի մեջ չինտեգրվելու պատճառները ներքին են: Դժվար թե Եվրոպայի խորհուրդ ընդունեն մի երկիր, որտեղ իշխող կուսակցություն ընդունվելու համար երիտասարդները երդվում են զենքի վրա: Կամ՝ այդ նույն կուսակցության գաղափարախոսությունը կոչվում է «ազգային գաղափարախոսություն»: Կամ, որտեղ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ կարող է դառնալ քրեական հանցագործության համար դատապարտված մարդը: Թե՞ նա էլ էր քաղբանտարկյալ:
Դժվար թե քաղաքակիրթ պետությունների ընտանիքի անդամ դառնա մի երկիր, որտեղ նախորդ իշխող կուսակցությունը այդ ընտանիքից ստացած վարկերն իր գրպանն է դրել: Վարկերի հոսքը կշարունակվի, բայց դրանք չեն վերածվի երկիրը զարգացնող ներդրումների, քանի դեռ ստացած գումարները ծառայում են բյուրոկրատիային չաղացնելու նպատակին: Մեզ հնարավորություն է տրված՝ նորմալ երկիր դառնալու: Մնացածը կախված է մեզնից, որքան էլ տարօրինակ հնչի՝ մեր ցանկությունից:
Տարկովսկու հայտնի ֆիլմում «զոնայում» հզոր ուժերը իրականացնում են մարդկանց իրական ձգտումները, ոչ թե այն ցանկությունները, որոնք ինքներս մեզ ենք վերագրում կամ արտահայտում ենք՝ ուրիշներին մոլորեցնելու համար: Հայաստանի հարցում նրանք ճիշտ նույն ձեւով են վարվում: Մենք միայն ասում ենք, թե ձգտում ունենք դառնալ քաղաքակիրթ, եվրոպական երկիր: Պարզապես ձեւեր ենք թափում՝ վարկեր կամ գրանտներ ստանալու նպատակով: Իրականում հոգու խորքում մենք չենք հավատում քաղաքակիրթ աշխարհում ընդունված արժեքներին՝ վստահ լինելով, որ դրանք դրսից մեր վզին փաթաթած անիմաստ կանոններ են: Իրականում մեզ թվում է, որ մեր գյուղում, քաղաքում, հիմնարկում, երկրում կամ աշխարհում կան «չարիքի» ինչ-որ «կենտրոններ», որոնք ցանկանում են մեզ դժբախտացնել, ստրկացնել եւ զրկել ազգային ինքնությունից: Ինչ խոսք, այդպես մտածելով ավելի հեշտ է ապրել: Բայց մտքի այդ կաղապարով զարգանալն է անհնարին դառնում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ