Ընտրական օրենսգիրքը երեւի Սահմանադրությունից հետո կամ առաջ, մեկ էլ քաղաքացիական օրենսգիրքը կա, այն բացառիկ խորհրդարանական փաստաթղթերից է, որն ունեցել է անզուգական ոդիսական։
Տվյալ դեպքում, հեռավոր պատմությանը դիմելու հարկ չկա, որովհետեւ ոչ պակաս հետաքրքիր մի պատմության ականատես եղանք Ազգային ժողովի փետրվարի 22-ի նիստում։ Երբ Վահագն Խաչատրյանն է խոսում, միշտ դրանից հետո ինչ-որ բան է պատահում։ Այս անգամ էլ նա խոսեց ու ասաց, թե ընտրական օրենսգիրքը հրապարակվել է 49 վրիպակով, ինչի վերաբերյալ ԱԺ նախագահը պետք է բացատրություններ տա։ Օրենքները խախտում է նախագահը, օրենքները խախտում է կառավարությունը եւ, վերջապես, գործընթացը հասավ նաեւ ԱԺ։ Հետեւեց նաեւ հռետորական հարցադրումը. ի՞նչ է, օրենքը միայն այս դահլիճի համա՞ր է, երբ խորհրդարանը մի բան է հաստատում, իսկ հանրությանը ներկայացնում մեկ այլ բան։
Դրանից հետո, հետեւելով Վահագն Խաչատրյանի օրինակին, փաստի առիթով քրեական գործ հարուցելու համար գլխավոր դատախազին ու խորհրդարանի նախագահին դիմեցին Վարդան Խաչատրյանը, Արա Սահակյանը եւ այլք։ Ասացինք չէ, որ երբ Վահագն Խաչատրյանն է խոսում, ինչ-որ վատ բան է պատահում։ Այս անգամ էլ այդպես շարունակվեց։ Չնայած իր ծննդյան 59-րդ տարեդարձն էր, սակայն դա դույզն-ինչ չազդեց, որպեսզի գոնե մի քիչ պասիվ դիրք գրավի մշտապես անխոնջ Արշակ Սադոյանը։ Նա, ի մասնավորի, չհամաձայնեց Խոսրով Հարությունյանի այն բացատրության հետ, որ պետք է պատժվեն ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները, որոնց մեղքով խորհրդարանի հավանության արժանացած փաստաթուղթը տպագրվել է միանգամայն այլ բովանդակությամբ։ Արշակ Սադոյանը մի բան էլ ասաց՝ վրիպակ բառը շատ չօգտագործել տվյալ դեպքում, որովհետեւ հարգելի ռադիոլսողներին կարող է թվալ, թե խոսքն իսկապես վրիպակների մասին է։
Երբ պատգամավոր Վարդան Խաչատրյանը պահանջում էր քրեական գործ հարուցել, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը տեղից մի ռեպլիկ թողեց՝ եւ անմիջապես ձերբակալել։ Բայց ո՞ւմ, կհարցնի ընթերցողը եւ ճիշտ էլ կանի։ Մեզ այդպես էլ դա հայտնի չէր լինի, եթե ԱԺ նախագահը չանվաներ նրան՝ պատգամավոր Վիկտոր Դալլաքյան՝ ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակի հեղինակին։ Հավանաբար, այն հանգամանքով պայմանավորված, որ նրա կողմից տպագրության ներկայացված փաստաթղթում տեղ են գտել իմաստային եւ բովանդակային այլակերպումներ, պատգամավորներից մեկ ուրիշն էլ տեղից մեկ այլ ռեպլիկ տվեց՝ ընտրական օրենսգի՞րք, թե՞ ավետարան ըստ Վիկտորի։ Հիմա խոսքը տանք Վիկտոր Դալլաքյանին։ Նա որոշակի պարզաբանումներ տվեց՝ նախեւառաջ չհամաձայնելով ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանի այն փաստարկին, թե հիմնական զեկուցողը գերազանցել է օրենքով այդ ինստիտուտին վերապահված իրավունքը։ Վիկտոր Դալլաքյանն ասաց, թե դա Խոսրով Հարությունյանի կարծիքն է, որին ինքը համաձայն չէ։ Պարզապես եղածը տեխնիկական-խմբագրական-աշխատանքային-տպարանային վրիպակների ամբողջություն է, եւ այդ հանգամանքի շահարկումը, ըստ Վիկտոր Դալլաքյանի, ուղղակի ծիծաղելի է՝ ինքն այդ մարդկանց ու նրանց հայտարարություններին հումորով է վերաբերվում։
Կարդացեք նաև
– Քրեական գործ հարուցելու առաջարկներին էլ եք հումորով վերաբերվում, պարոն Դալլաքյան։
– Քրեական գործերը պետք է հարուցվեն նրանց նկատմամբ, ովքեր նման հայտարարություններ են անում։
– Ինչո՞ւ։
– Որովհետեւ նրանք իրենց ամբողջ գործունեության համար արժանի են քրեական պատասխանատվության։
Հետո Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ բացի ԱԺ մի քանի պատգամավորներից, մյուսները մանուկ հասակից գիրք են կարդացել ու տեսել, որ դրանց վերջին էջում կա վրիպակների ցանկ։ Այս դեպքում էլ դա կա, բայց ոչ թե գրքի վերջում, այլ առանձին գրքով՝ նախագահի ստորագրությամբ, ինչը վկայում է, որ «Պաշտոնական տեղեկատու»-ում հրապարակված այդ վրիպակներն ընդգրկող փաստաթուղթը հանրապետության նախագահն է ստորագրել։
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ