«Ընդհանրապես, իմ ներկայությամբ վարչապետը երբեք չի ասել, որ այս ԱԺ-ն իրեն խանգարում է եւ պիտի լուծարվի»,- «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։ Ընդ որում, խոսքի մեջ շեշտեց «իմ ներկայությամբ» արտահայտությունը։
ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ
«Դու լավ կանես՝ քաղաքականությամբ չզբաղվես»՝ ԱԺ միջանցքում հանդիպելով ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Արա Ասլիկյանին, լրագրողների ներկայությամբ ասաց Վահագն Խաչատրյանը։ «Վաղը ելույթ ունենալո՞ւ ես։ Ես քեզ վիրավորելու եմ՝ զգուշացնում եմ»,- նաեւ ասաց Վահագն Խաչատրյանը։ «Ես էլ Ձեզ պատասխանելու եմ՝ զգուշացնում եմ»,- պատասխանեց Արա Ասլիկյանը։ Ենթադրելի էր, որ սա «Միկա-Արմենիայի» շուրջ վեճի շարունակությունն էր։
ՀԱՀ-Ը 6 ՐՈՊԵՈՎ ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ
Կարդացեք նաև
ԱԺ-ն փետրվարի 17-ին որոշում էր ընդունել, ըստ որի Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու վերաբերյալ նիստի տեսագրությունը պիտի ցուցադրվեր փետրվարի 18-ին, ժամը 20.30-ին։ Երեկ Պետրոս Մաքեյանը հայտարարեց, որ հեռուստատեսությունը ոտնահարել է ԱԺ-ի որոշումը եւ 15 րոպե ուշ ցուցադրել այդ նիստը։ Խոսրով Հարությունյանը խոստացավ, թե պարզաբանումներ է այդ առիթով պահանջելու ե՛ւ կառավարությունից, ե՛ւ հեռուստատեսության ղեկավարությունից։ Օրվա ավարտին դահլիճում բաժանվեց ՀԱՀ գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանի գրությունը, ըստ որի հեռարձակումը 20.36-ին է սկսվել, քանի որ «Հայլուրը» նախատեսվածից ավելի երկար է տեւել։
ՆՈՒՅՆՉԱՓ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ՀԱՄԱՌ
Հակառակ տարածված տեղեկությունների, թե գլխավոր դատախազը եւս ղարաբաղցի է, Աղվան Հովսեփյանը միշտ հպարտությամբ նշում է, որ ինքն ապարանցի է։ Առավել հպարտությամբ իր ծննդավայր գյուղի անունն է նշում՝ Չքնաղ։