Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԱԶԳԱՅԻՆԻ ԾԻՐԻՆ ՄԵՋ

Փետրվար 20,1999 00:00
hyd

Դաշնակցականների երեւակայությունն ազգային գաղափարախոսությունից դենը չի անցնում։ Կուսակցություններին, իշխանություններին, վայ թե ողջ մարդկությանը «ազգային»-ի ու «ապազգային»-ի բաժանած՝ չեն հոգնում այդ առնչությամբ «բացահայտումներ» անելուց։ Պատանի դաշնակցականներն էլ ի՞նչ պիտի սովորեին իրենց ավագ ընկերներից։ Իհարկե։ Գիտաժողով անել։ Ու անպայման՝ ազգային։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ ԵՊՀ-ի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնած հանրապետական ուսանողական գիտաժողովը խիստ սպասելի խորագիր ուներ՝ «Հայկական հարց եւ հայոց ազգային գաղափարախոսություն»։ Պակաս սպասելի եւ պակաս «ազգային» չէին նաեւ զեկույցների վերնագրերը՝ «Ազգային գաղափարախոսություն», «Ազգային ոգի եւ ինքնություն», «Հայոց ազգային գաղափարախոսություն», նույնիսկ՝ «Թյուրք ազգային գաղափարախոսություն», նաեւ՝ «Ազգային գաղափարախոսության հիմնադրույթները ՀՅԴ ծրագրերում» եւ մնացածը՝ նույն ոգով։ Սցենարն էլ էր նույնը, ասելիքն էլ, «մեղավորներն» ու «հերոսներն» էլ, ապազգային տարրերի անզիջում քննադատությունն էլ, ու միայն զեկույց կարդացողներն այս անգամ ուսանողներն էին, բայց՝ ուսուցիչների «բարդույթին» հավատարիմ։ Ու անթաքույց հպարտությամբ ընդմիջում էին իրենց խոսքը նրանց խոսքից մեջբերումներով՝ «ինչպես ասել է Լենդրուշ Խուրշուդյանը…»։

Սկզբում ջահելները հարցեր առաջադրեցին՝ ի՞նչ է ազգային գաղափարախոսությունը, ո՞րն է հայոց ազգային գաղափարախոսությունը, դրա քաղաքական, իրավական, մշակութային դրսեւորումները՝ «նպատակ ունենալով պրպտումների, որոնումների միջոցով զարգացնել այդ գաղափարախոսությունը»։ Հետո փորձեցին պատասխանել այդ հարցերին. մեկը հուզված ու կերկերուն ձայնով, մյուսը՝ վստահ ու խրոխտ, մեկը՝ գրքերից ու դասախոսություններից «թխած» կուրսային աշխատանք կարդացող ուսանողի, մյուսը՝ բազմահմուտ ու փորձառու գիտնականի տոնով։ Բայց բոլորի մտքերը լո՜ւրջ, խելո՜ք, բարդ բառերով համեմված ու դժվարամարս (հետաքրքիր բաներ լսել ցանկացող լրագրողիս, կարծում եմ՝ նաեւ ընթերցողների համար)։ Նույնիսկ ժյուրի էր նախատեսված, որը գիտաժողովի վերջում պիտի գնահատեր զեկույցները (ուսանողական բարդույթ է երեւի) ու մրցանակներ հանձներ։ Իսկ ժյուրիի նախագահը, դե, իհարկե, բոլորդ կռահեցիք, ամենաազգային պատմաբանն էր՝ ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանը։ Հենց նրան տվեցին ողջույնի խոսքն ասելու առաջնությունը՝ չնայած գիտաժողովն իրենց ներկայությամբ պատվել էին նաեւ այնպիսի կարեւոր դեմքեր, ինչպիսիք են ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը եւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։

Երիտասարդների հարգանքը հաստատ գնահատվեց, քանի որ երեկվա օրը Լենդրուշ Խուրշուդյանը ոչ ավել, ոչ պակաս՝ «պատմական» որակեց ու նաեւ պարտադրեց. «թող սա չթվա իրականության գերագնահատում»։ Իսկ հիմնավորումը սպասելի էր. «ազգային գաղափարախոսությունը ազգի գոյատեւման, ինքնապահպանման եւ զարգացման գաղափարախոսությունն է»։

Հաջորդող քննադատությունը՝ խորհրդային եւ անկախ Հայաստանի առաջին տարիների ապազգային իշխանությունների հասցեին ոչ միայն սպասելի էր, այլեւ շատ ծանոթ ձեւակերպումներով։ Էլի ՀՀՇ-ական իշխանությունների «երեսով տրվեց» ազգային գաղափարախոսությունը քաղաքական կեղծ կատեգորիա ու ֆաշիզմ որակելու «դավաճանությունը»։ Ի դեպ, ուսուցչի այս միտքը երիտասարդ դաշնակցականները հատուկ ոգեւորությամբ կրկնեցին։ Եվ տեղ ունե՛ր պարոն Խուրշուդյանն ուրախանալու, քանի որ այժմ «գնում ենք դեպի ազգային գաղափարախոսության ուսումնասիրությունը» եւ որ ավելի կարեւոր է՝ «մտավորականներից, գիտնականներից այդ դրոշն անցնում է ուսանողությանը»։ Նա նաեւ կոչ արեց ներողամիտ լինել զեկույցների նկատմամբ՝ «սա առաջին փորձն է, կարող են շատ լավը լինել, կարող են՝ ոչ այնքան լավը»՝ հույս հայտնելով, որ «առաջինն է, վերջինը չլինի»։ Իսկ խոսքի ավարտն հատուկ պաթոսով հնչեց. «Պետք է գնահատենք, որ այսօր մեր երիտասարդությունը խիզախորեն մտնում է այս պայքարի մեջ։ Իսկ եթե երիտասարդությունն է մտնում, նշանակում է մենք հաղթելու ենք անպայման»։

ԱԺ նախագահի ողջույնի խոսքն էլ պակաս պաթոսով չէր, բայց արդեն այն առնչությամբ, որ «աստիճանաբար նորից սկսվում է վերակենդանանալ այն գիտական կյանքը, գիտական շունչը, որ բնորոշ է եղել միշտ ուսանողական կյանքին»։ Նման լավատեսություն էր՝ ներշնչել Խոսրով Հարությունյանին ԵՊՀ-ի լեփ-լեցուն դահլիճը։ Գիտաժողովի թեմատիկան եւս ողջունելի որակվեց, իսկ մաղթանքն էր «գիտական, փորձարարական միտք, պրպտելու, գտնելու, ինչ-որ մի ճշմարտության հասնելու, այո՛, նաեւ բանավիճելու բավականին մեծ եռանդ»։ ԱԺ-ի նախագահն էլ թեմայի առնչությամբ հաստատեց, որ «մեր հասարակությունը ընդհուպ մոտեցել է այս հարցերի պատասխանը ստանալու անհրաժեշտությանը»՝ դա պայմանավորելով «ոչ միայն քաղաքական զարգացումներով, այլ տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսներով»։

«Լուրջ երիտասարդ գիտնականներ պատրաստող համակարգի» վերականգնման հույսեր են ծնվել նաեւ կրթության եւ գիտության նախարարի հոգում։ Ըստ նրա. «առաջին անգամ երիտասարդությունը փորձում է մտածել պետականության ստեղծման կամ անկախ պետության հետագա զարգացման աշխարհայացքային խնդիրների շուրջ»։ Դաշնակցական, հետեւաբար՝ ազգային նախարարը պատահականություն չի համարում այն, որ «մենք՝ հայ ժողովրդի ներկայացուցիչներս, պիտի սկսենք այս թեման ազգային գաղափարախոսություն, հայկական հարց, ցեղասպանություն, պահանջատիրություն հասկացությունների գիտական ուսումնասիրմամբ»։

Սա, ըստ նախարարի, նաեւ քաղաքական նշանակություն ունի, քանի որ պետականության կառուցման հիմքում պիտի դրվի գաղափարախոսություն։ Ու չնայած ազգային գաղափարախոսություն ասվածը հաճախ նույնացվում է տարբեր կուսակցությունների գաղափարախոսության հետ, բայց Լեւոն Մկրտչյանի համոզմամբ. «ազգային գաղափարախոսությունը շատ ավելի լայն կատեգորիա է, այն վերկուսակցական, վերխմբակային, վերխավային է»։ Ու այս հարցում մենք սովորելու բան շատ ունենք. անգամ՝ Թուրքիայից, որը «իր ազգային գաղափարախոսության հիմքը դրեց որպես պետության ստեղծման անկյունաքար այն ժամանակ, երբ տիրապետում էր տարածքների 10-15 տոկոսին»։

Պատմաբան նախարարը նաեւ Հայկական հարցի մասին խոսեց եւ նույնիսկ հստակ սահմանումը տվեց. «Հայկական հարցը Հայաստանի ամբողջական տարածքում անկախ պետականության վերականգնման խնդիրն է»։ Իսկ իբրեւ «գիտաժողովի առաջընթաց քայլ» այն հանգամանքը մատնանշվեց, որ անկախ Հայաստանի պայմաններում կրթված սերունդն է կառուցելու այս պետականության հիմքերը։ ՀՅԴ-ի «նախասիրությանը» հավատարիմ՝ նախարարը հույս հայտնեց, որ ազգային գաղափարախոսությանը նվիրված գիտաժողովները կդառնան ամենամյա ավանդույթ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Հատուկ շեշտենք, որ գիտաժողովը նաեւ նվիրված էր Արցախյան շարժման 11-ամյակին, իսկ ավարտից հետո ուսանողները գնալու էին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728