Լրահոս
Օրվա լրահոսը

Գնչուները վերադարձել են

Փետրվար 20,1999 00:00
Gnchu

Տեղեկանք: Գնչուները բնակվում են գրեթե ամբողջ աշխարհում՝ Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, Ավստրիայում: Նրանց քանակը 2,5-ից 8 մլն-ի է հասնում: Իսկ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում 70-ական թվականների հաշվարկներով կազմում է 175 000: Բացի իրենց հարազատ լեզվից, սովորաբար տիրապետում են այն պետության լեզվին, որտեղ բնակվում են: Սովորական զբաղմունքը գողությունն է, ինչով զբաղվում են տղամարդիկ: Կանայք համարվում են հիմնական եկամուտ ապահովողը, նրանք աշխարհի բոլոր ծայրերում զբաղվում են բախտագուշակությամբ կամ բուժումներով: Գնչուների հիմնական մասը վարում է քոչվոր կյանք, նստակյաց գնչուներ հազվադեպ են հանդիպում:

Մեր պետության ծանր տարիներից հետո նրանք նորից հայտնվեցին մեզ մոտ: Ես նրանց հանդիպեցի Հանրապետության հրապարակին հարող պուրակում:

Ասում են, որ «ամենակպնող» անեծքներից է մոր անեծքը, բայց ամենասարսափելին գնչուների անեծքն է: Երբ հանդիպեցի գնչուհուն, չմերժեցի նրա ոչ մի խնդրանքը՝ սնահավատ լինելով:

Տեսքից նա իսկական գնչուհի էր, բայց հագուստն ու անունը չէին համապատասխանում իրեն: Անունը Քրիստինա էր: Իսկ երբ մեր ծանոթությունից հետո մեզ մոտեցան մյուս գնչուհիները /զավթածը կիսելու/, ես ավելի զարմացա՝ նրանցից մեկը արտաքինով ռուսի էր նման: Ես ենթադրեցի, թե նրա անունն էլ անպայման Հռիփսիմե կլինի:

Քրիստինան, երեւի, դառը փորձից ելնելով՝ նախեւառաջ կանխիկ փող պահանջեց: Նրա համար պարտադիր էր, որ բոլոր փողերը «մաքուր սրտից» տված լինեն: Քանի որ արդեն լսել էի, որ գնչուհիներին հակաճառել չի կարելի, հնազանդ կատարում էի նրա բոլոր ասածները:

Քրիստինայի ձեռքին տարօրինակորեն խաղաթղթերի փոքր կապոց կար՝ արդեն չափազանց մաշված: Նա ինձ միանգանից ասաց, որ ես բացսիրտ, անկեղծ մարդ եմ, բայց հոգուս խորքում վշտացած եմ: Հավատացնում եմ ձեզ, որ եթե ես նրան առանց ժպտալու մոտենայի, նա ինձ կասեր, որ ես «ծանր նաֆաս» եմ, բայց հոգուս խորքում «քեֆ- ուրախություններ» եմ գերադասում: Ի դեպ, Քրիստինան ռուսերեն էր խոսում, բայց անհրաժեշտ արտահայտությունները հայերեն գիտեր: Իմ այն հարցին, թե որտե՞ղ է բնակվում, պատասխանեց՝ հյուրանոցում: Միանգամից պատկերացրի «Արմենիան» եւ հարցրի՝ «Արմենիայո՞ւմ»: Քրիստինան հարցս արհամարհեց:

Եվ այսպես՝ իմ ճակատագիրը դժբախտությունն է: Իմ բոլոր ընկերուհիներն ինձ «թուղթ ու գիր» են արել՝ անհրաժեշտ է հանել այն: Եթե ես համաձայնեմ նախնական 1000 դրամը տալ, նա ինձ կօգնի: Ինչ արած՝ նման բաների հետ կատակ չեն անում: Քրիստինան ինչ-որ անհայտ տեղից հանում է մի գրքույկ՝ նման Աստվածաշնչի, անծանոթ տառերով գրված: Այստեղ նրա դեմքը խորհրդավոր արտահայտություն է ընդունում եւ նա ասում է. «Յոթանասուն-յոթանասուն յոթ, օգնիր մեզ: Կրկնիր»: Սա արդեն ինձ է վերաբերում: Կրկնում եմ: «Օգնիր մեզ ազատվել չար ուժերից: Կրկնիր»: Հետո իրենց լեզվով երկար՝ 5-7 րոպե տեւող մի արտահայտություն, եւ ես սարսափած մտածում եմ. «Եթե կրկնել տվեց՝ ես մեռա»:

Բարեբախտաբար Քրիստինան արդեն ինձ պատմում է, թե ի՞նչ պետք է ես անեմ՝ չար ուժերից ազատվելու համար: Կեսգիշերին, առանց գուլպա, առանց անդրավարտիք հարկավոր է դուրս գալ բակ: Մինչ ես պատկերացնում եմ այս տեսարանը եւ հարեւաններիս հրճվանքը, ճարպիկ Քրիստինան հասցնում է գլխիցս մի մազ պոկել եւ պահանջում է մոտս եղած ամենախոշոր դրամը: Մազս մեջն է փաթաթում եւ հայտնում, որ երկու ժամից մազս կսեւանա /բնօրինակը բաց շագանակագույն էր/: Դա էլ կլինի բոլոր չար ուժերից իմ ազատվելու նշանը: Վերջում Քրիստինայի հետ պայմանավորվեցինք, որ ես նորից կգամ՝ վերջնականորեն ազատվելու: Երբ հարցրի, ինչպես կարող եմ իրեն գտնել, պատասխանեց՝ ես միշտ այստեղ եմ:

Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել