ՀՀ առողջապահության նախարարությունում երեկ կազմակերպված խորհրդակցության թեման առողջապահության ոլորտում ծրագրեր իրականացնող միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքների համակարգումն էր։
Ներկա էին մոտավորապես 70 կազմակերպությունների (եւ հայկական, եւ միջազգային), Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ, ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրթյանը։
Ծրագրային ելույթով հանդես եկավ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը։ Մինչեւ այդ հայտնեց, որ ՀՀ վարչապետն ինքն էլ էր «ցանկանում ներկա լինել խորհրդակցությանը», սակայն առանց վարչապետի, իհարկե, կառավարության նիստն ավելի դժվար է պատկերացնել։ Ներկա նախարարը նկատեց ու կարեւորեց ՀՀ առողջապահության նախկին երկու նախարարների ներկայությունը՝ Էմիլ Գաբրիելյանի եւ Արա Բաբլոյանի։ «Հենց նրանց օրոք էլ սկսվել է միջազգային օգնությունների հոսքը Հայաստան»։
Հայկ Նիկողոսյանը ներկայացրեց Հայաստանի առողջապահության զարգացման գերակայությունները (ինքն էլ այդ չժխտեց)՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների վստահությունը շահելու ակնկալիքով։ Պակաս կարեւոր չենք համարում նաեւ մեր ժողովրդի վստահությունը շահելու հանգամանքը եւ նախարարի նշած դրույթները մեկ անգամ եւս ներկայացնում ենք. մարդիկ թող իրենք որոշեն՝ վստահե՞ն նոր նախարարին, թե՞ ոչ։
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ
Եվ այսպես, առողջապահության համակարգում տարվող նոր քաղաքականության առանցքում սոցիալական եւ շուկայական արժեքների համակշռումն է։ Ինչքան էլ պրն նախարարը նշում է, որ ինքը չի անդրադառնալու իրենից առաջ այս ոլորտում իրականացված քաղաքականությանը, այնուամենայնիվ, իր քայլերով կամա թե ակամա տալիս է իրեն նախորդող «իշխանության քաղաքական գնահատականը»։ Այն համատարած ապակենտրոնացումը, որ տեղի է ունեցել առողջապահության համակարգում, բերել է ոլորտի կառավարման որոշակի խնդիրների։ Չպետք է վերականգնել խորհրդային տարիներին իշխող կենտրոնացման մոդելը, բայց շուկայականին համակշռել է պետք։ Որպես առաջիկա տարիների գործ նշվեց բժշկական համապետական ստանդարտների ներմուծումը։ Այս նախարարը առողջապահությանը սոցիալական ուղղվածություն տալու նպատակ ունի ու նաեւ «բուժօգնությունը պետք է դարձնել մատչելի»։ Այս ընթացքում բժշկական ծառայությունների տնտեսագիտական արդյունավետությունն էլ անհրաժեշտ է բարձրացնել՝ առողջապահական ծառայությունները գնահատելով դրա արդյունքների հիման վրա։ Հայկ Նիկողոսյանը «չի հաշտվում անկառավարելի գների հետ»։
Մոտակա ստրատեգիա (1999-2000 թթ.)
Այս շարքում առաջինը նշվեց բուժօգնության առաջնային օղակի զարգացումը։ Սա ոչ միայն պոլիկլինիկաների համակարգն է ներառում, այլեւ ընտանեկան բժշկի ինստիտուտը, «բնակչության բժշկական կրթումը» (ինչպես արտահայտվեց նախարարը)։
Մարզերի եւ Երեւանի միջեւ խոր անջրպետը նաեւ առողջապահական ոլորտում է, եւ Հայկ Նիկողոսյանը գտնում է, որ մարզային համակարգը պետք է ուժեղացվի։
Բացի այդ, կստեղծվի ազգային առողջապահական ինֆորմացիոն համակարգ։
Ինչպես իր բոլոր հրապարակային (գուցե նաեւ ոչ այդպիսի) ելույթներում, Հայկ Նիկողոսյանն ասաց, որ այս տարի «Բժշկական ապահովագրության մասին» օրենքի հնարավորինս գրագետ տարբերակ կմտցնեն ԱԺ, եւ որ ապահովագրության համակարգը բյուջեին ոչ թե փոխարինելու է, այլ լրացնելու է այն։
Եթե մինչեւ այժմ լիցենզավորվել են միայն բուժաշխատողները, ապա բժշկական ստանդարտների մշակումից եւ նեդրումից հետո կգործի նաեւ առողջապահական ծառայությունների լիցենզավորման ինստիտուտը։
Վերաբաշխման, վերապրոֆիլավորման կենթարկվի հանրապետության մահճակալային ֆոնդը, որն, ըստ նախարարի, անհրաժեշտից շատ է եւ ոչ համակշռված վիճակում։
Հեռահար ծրագրեր (1999-2001 թթ.)
Առողջապահության նախարարը գտնում է, որ դեղորայքային քաղաքականությունը Հայաստանում բավական զարգացած է։ Դեղերի ներկրման եւ բաշխման մեջ միջազգային կազմակերպությունների աշխատանքը զգալի մաս է կազմում։ Առողջապահության նախարարությունը պատրաստել եւ ներկաներին էր բաժանել դեղերի ներմուծման եւ բաշխման կարգի մասին որոշման նախագիծը (ճիշտ է, միայն անգլերեն)։ Մինչ որոշումն ընդունելը առողջապահական գերատեսչությունն ակնկալում է ստանալ այդ գործով զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկությունները եւ կարծիքները։ Որոշումը գործելու է միայն հուլիսի 1-ից, նույնիսկ եթե ավելի շուտ ընդունվի։ Դեղերի ներմուծման ու բաշխման «անկառավարելիությունը կարող է անհարգալից լինել թե դոնորի, թե ընդունողի համար»,- այսպես ձեւակերպվեցին որոշման անհրաժեշտությունն ու հրատապությունը։
Առաջիկա տարիներին օպտիմիզացիայի կենթարկվի առողջապահական համակարգը՝ եւ պոլիկլինիկաները, եւ հիվանդանոցները։ Ընդ որում, մարզերում հնարավոր է ստեղծվեն բուժական նոր հիմնարկներ։ Նախարարը նպատակ ունի դնել առողջապահության ոլորտի կառավարիչների դպրոցի հիմքերը։ Հայաստանի այն բուժհիմնարկները, որոնք ներուժ ունեն եւ կհամապատասխանեն չափանիշներին, կդառնան միջազգային կենտրոն։ Ծրագրեր կան «հեռուստակրթման» դժվարին ճանապարհով երկիր բերելու միջազգային մակարդակի գիտելիքներ։ Փոփոխություններ են սպասվում նաեւ բժշկական կրթության համակարգում՝ եւ դիպլոմային, եւ հետդիպլոմային օղակներում։
Առողջապահության նախարարության քաղաքականության եւ զարգացման ծրագրերի վարչության պետ Սեւակ Ավագյանը ներկայացրեց միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության գործող եւ ընթացիկ ծրագրերի մասին տեղեկագիրը՝ կարեւորելով այն, որ հումանիտար օգնությունները զարգացման ծրագրերի վերաճելու միտում ունեն։
Խորհրդակցության երկրորդ մասում ներկաները հարցեր էին տալիս նախարարին եւ հանդես գալիս առաջարկություններով։ Այս շարքում ուզում ենք առանձնացնել ջավախեցի մի տարեց մարդու հարցը։ Նա ուզում էր իմանալ, արդյո՞ք Ջավախքը ՀՀ առողջապահության նախարարությունից ակնկալիքներ կարող է ունենալ։ Հայկ Նիկողոսյանն ասաց, որ պաշտոնական, պետական քաղաքականություն վարելը, փաստաթուղթ ստորագրելն ավելի դժվար է, քան իրական օգնություն ցուցաբերելը։ Իսկ Ջավախքին օգնել են, այսուհետեւ ավելի կօգնեն։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ. Հայկ Նիկողոսյանի որոշ պարզաբանումներ իր ծրագրերի վերաբերյալ՝ մեր առաջիկա համարներում։