Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ ԻՐԵՆ ԴՐԵԼ ԷՐ ԻՏԱԼԱԿԱՆ ՍԱՊՈԳԻ ՏԵՂ

Փետրվար 20,1999 00:00
Armen Eghiazaryan

Երեկ Ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում Լիբերալ դեմոկրատական կուսակցության հրավիրած հերթական բանավեճն էր «Արդյունավետ պետություն» թեմայով։

Օրվա բանախոսը ԱԺ պատգամավոր, մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Եղիազարյանն էր։ Արդեն ձեւավորվել է այս հավաքների մշտական մասնակից քաղաքական գործիչների եւ մասնագետների կազմը։ Մասնակցում էին Բ. Արարքցյանը, Կ. Ռուբինյանը, Դ. Շահնազարյանը, Վահագն Խաչատրյանը, Ա. Բլեյանը, Հ. Դուրգարյանը, սոցիոլոգ Ա. Ադիբեկյանը։

Իր ելույթի սկզբում Ա. Եղիազարյանը ներկաներին տեղյակ պահեց. «Կա գրավոր թեզիսներ, բայց կփորձեմ բանավոր խոսել»։ Ու փորձեց։ Նախապես զգուշացնելով, որ իր ելույթը ակադեմիական բնույթ է կրելու նա մի քանի հետաքրքիր փաստեր ներկայացրեց։ Պրն Եղիազարյանի կարծիքով, տնտեսության մեջ պետության դերը գնալով մեծանում է։ Դարասկզբին համախառն ներքին արդյունքում պետության մասնաբաժինը կազմում էր 10%։ Ներկայումս զարգացող երկրներում այս ցուցանիշը կազմում է 50%։ Զարգացած երկրներում՝ 25%։ Հայաստանում, ըստ բանախոսի, պետության մասնակցությունը 21% է՝ առանց կենսաթոշակային մուծումների, իսկ միասին՝ 25%։ Ճիշտ եւ ճիշտ զարգացած երկրների նման։ Դժվար թե այս պատահական համընկնումը որեւէ մեկը տնտեսական նվաճում համարի։ Մի փոքր տարօրինակ էր, որ նախկինում անսահման լիբերալիզմ քարոզող ու կիրառող տնտեսագետն ու պաշտոնատարը խոսում էր տնտեսավարող պետության մասին։ Ցավոք, այդ փոփոխությունները կատարվել են ուշ, երբ արդեն իրավործվել է էկոնոմիկայի նախկին նախարարի տնտեսության կառուցվածքային բարեփոխումների ծրագիրը։ Իսկ ընդհանրապես «Արդյունավետ պետություն» թեմայով Ա. Եղիազարյանի ելույթը, ինչպես միշտ, մի քիչ հետաքրքիր էր, մի քիչ ձանձրալի եւ ինչպես միշտ՝ ոչ արդյունավետ։

Բոլոր մյուս ելույթ ունեցողները հիմնականում համաձայնվում էին, որ արդյունավետ պետություն ունենալու համար իրավական պետություն ու քաղաքացիական հասարակություն ունենալն անհրաժեշտ պայման է։ Այս միտքը շատ օրիգինալ ձեւակերպեց Ա. Եղիազարյանը։ Նրա կարծիքով, քաղաքական դաշտում կուսակցություններն ընտրողին խոստումներով խաբում են ճիշտ այնպես, ինչպես սպառողին խաբում են կեղծ իտալական կոշիկ կրողները։ «Ասում են՝ իտալական կոշիկ է, առնում ես. երկու-երեք շաբաթում պոկվում է։ Պարզվում է, Սարի թաղում են իտալական կոշիկը կարել։ Ճիշտ այդպես ասում եմ՝ իտալական սապոգ եմ ու ընտրողը խաբվում ընտրում է»։

Հաջորդ բանավեճի ժամանակ Բ. Արարքցյանի առաջարկով քննարկվելու է ընտրական օրենսգիրքը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել