Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյանների տրամաբանական շղթան

Փետրվար 20,1999 00:00

Հոբելյանների տրամաբանական շղթան Այն, որ 2001 թ. Հայաստանում ազգովի տոնելու ենք քրիստոնեության՝ որպես պետական կրոնի ընդունման 1700-ամյակը, պարզ է բոլորիս. Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից ի վեր պետական հանձնաժողով է ստեղծված։ Այն, որ 2001 թվականին, այդուհանդերձ, Հայաստանի 3-րդ հանրապետության 10-րդ տարեդարձը պետք է նշվի, միանշանակ դժվար է ասել։ Ժամանակը գիտի։ 1998-ի փետրվարից մինչեւ 2001 թվականի գարուն ընկած կարճ ժամանակահատվածում հայկական հոբելյանների կարեւորության հարցն այնքան էլ պարզ չէ։ Ասենք, հայ անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 1999 թվականի կայացած 80-ամյա հոբելյանը պատշաճ, համազգային մակարդակով Հայաստանում, Ղարաբաղում եւ ի սփյուռս աշխարհի կնշվի՞, թե՞ ոչ։ Բայց կան արդեն իսկ համազգային մասշտաբի նշանակության հոբելյաններ եւ տոնակատարություններ։ Սարդարապատի հերոսամարտի 80-ամյա հոբելյանն, օրինակ, որ նշվեց եւ իրադարձություն դարձավ մեծապես մեր սպարապետ Վազգեն Սարգսյանի շնորհիվ, չգիտես ինչու «նոր» իշխանությանը վերագրվեց։ Այդ օրերին, եթե հիշում եք, բազմիցս շեշտվեց նաեւ, որ դա կատարյալ ազգային եւ նորափոխ իշխանության շնորհքն ու ձեռքբերումն էր։ Մինչդեռ դա պարզ տարեգրություն էր ընդամենը եւ ժամանակի պահանջ՝ 1988-ին անհնար էր նման շքեղությամբ նշել Սարդարապատի 70-ամյակը, իսկ 10 տարի անց «հին իշխանությունը» ոչ եւս էր։ 1998-ի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության 7-րդ տարեդարձը մեր երկրում գրեթե չնշվեց։ Ոմանք դրանում նկատեցին 1998-ի փետրվարից հետո քաղաքական վերնախավի նոր վերաբաշխման դրսեւորում։ Ասել է թե՝ եթե դուք մեր «դաշնակցական տոնին չեք մասնակցում», մենք էլ ձեր «ՀՀՇ-ական տոնը» բանի տեղ չենք դնում։ Ժողովուրդը տոնին մասնակից չդարձավ ո՛չ մայիսի 28-ին, ո՛չ սեպտեմբերի 21-ին։ Վերնախավերի երկուստեք ջանքերը ջուրը լցվեցին։ Մինչդեռ պարզ տրամաբանությունը հետեւյալն էր՝ հոբելյաններն, ըստ ավանդույթի, կլոր թվերն են՝ 10-ամյակ, 50-ամյակ, 1700-ամյակ։ 1999 թ. փետրվարի 15-ին Մոսկվան մեծ շուքով նշեց Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 10-րդ հոբելյանը։ Միջազգային մասշտաբով եւ հայ արդի քաղաքական բառապաշարն օգտագործելով՝ «մոսկաներին» վայել եւ արբանյակներին հասու շքեղությամբ մենք էլ նշեցինք Մայր մոլորակի (որի շուրջ ահա մեկ տարի է պար ենք գալիս) տոն-ողբերգությունը… Փետրվարի 15-ի ողջ ընթացքում Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցներն անվերջ կրկնում էին նախկին իշխանությունների օրոք նման հոբելյանի շքեղ նշելու անկարելիության փաստը։ Եվ ճիշտ էին այն առումով, որ 10 տարի առաջ այս պատերազմը այլ կերպ էր որակվում Մոսկվայում եւ դեռեւս կոմունիստական Հայաստանում։ Ավելացնենք, որ նախկին խորհրդային ողջ տարածքի երկրներից միայն Հայաստանն ու Բելառուսն էին Ռուսաստանին կրկնօրինակում այդ պատերազմի տխուր ավարտը նշելու ոճի առումով։ … Մենք մոտենում ենք 21-րդ դարին մեր սեփական եւ օտարների հոբելյաններով հանդերձ։ 1995-ին նշեցինք Մեծ եղեռնի 80-ամյակը։ 1915-ից, Սարդարապատից ու Բաշ Ապարանից հետո 1920 թ. նոյեմբերի 29-ին այլազգի բանակի զինվորի ոտքը պաչեցինք ու 70 տարի դրեցինք մեր ճակատին։ Ո՞վ գիտի, այսօրվա քաղաքական զարգացումներն, արդյոք, չե՞ն հանգեցնի 2000 թվականին եւս մեկ խորհրդային Հայաստանի 80-ամյա հոբելյանին։ Որին ոմանք պատրաստվում են օր-օրի։ Այդուհանդերձ, 2001 թ. ազգովի նշելու ենք քրիստոնեության ընդունման լուսավոր 1700-ամյակը, եւ ուզում եմ հուսալ, Հայաստանի երրորդ Հանրապետության փառապանծ 10-ամյա հոբելյանը։ Դրան հաջորդող տրամաբանության շղթան թող կանգ առնի 1992-ի փայլուն հաղթանակով, որ Շուշին էր… ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել