Փետրվարի 19-ին Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ) «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Հրանտ Մարգարյանի հետ։ Լրագրողներիս հետաքրքրում էին տարաբնույթ հարցեր, սկսած Հայաստանի ներքաղաքական իրավիճակից՝ վերջացրած Ղարաբաղի հարցով։
Հրանտ Մարգարյանն անդրադառնալով ներկա քաղաքական իրավիճակին, հայտնեց՝ «այն լարված է ոչ թե վտանգավոր լինելու առումով, կրքերի բորբոքման իմաստով, այլ նաեւ այն առումով, որ նախընտրական ժամանակաշրջանն ենք անցկացնում։ Սա դրական է նաեւ նրանով, որ ժողովրդի ճանաչողությունն է, քաղաքական հոսանքների, կազմակերպությունների, դեմքերի նկատմամբ եւ հնարավոր է, որ դառնա կատարյալ, ամբողջական եւ իրականությանը մոտ։ Ժողովուրդն այսօր ավելի շատ հնարավորություն ունի ճանաչելու, թե ով՝ ո՛վ է»։
Նա մասնավորապես անդրադարձավ նախորդ իշխանությունների միջոցով կատարվածին եւ նրանց այսօրվա պահվածքին։ Հ. Մարգարյանն իր խոսքում նշեց. «Ժողովուրդն ունի հնարավորություն դատելու, որ այս 9 անցած տարիների ընթացքում ով իրեն ինչպես պահեց, եւ ինչպես է մոտենում ժողովրդի եւ հայոց ապագային»։ Այս առումով տեղեկացրեց, որ չէր ցանկանա այս լարվածությունը տեղի ունենար դատական հարցի շուրջ, այլ ավելի շատ իրողություն դառնար սոցիալ-տնտեսական, քաղաքական հարցերի առումով։
Խոսելով այսօր ամենահրատապ հարցերից մեկի՝ Վ. Սիրադեղյանի շուրջ ծագած դեպքերի մասին նշեց. «Մեկ տարուց ավելի է, որ խոսվում է այն մասին, ինչ որ ասաց դատախազը խորհրդարանում։ Եթե ես լինեի Վանոյի տեղը, ես ինքս կցանկանայի, որ հարցը պարզաբանվի։ Կարծում եմ՝ անկախ ամեն ինչից, եթե արդար է Վանոն, ինքը պետք է ցանկանար, որ դատը տեղի ունենար»։
Կարդացեք նաև
Նշելով նախկին իշխանությունների կատարած հանցագործությունները, հայտնեց, որ դրանք տնտեսական բնույթ են կրում եւ մեղավորները պետք է պատժվեն։ Այս առիթով նշվեց. «հարցը վրեժխնդրությանը չի վերաբերում, անձերի դեմ ուղղված խնդիր չէ, այլ ժողովրդի իրավունքների վերականգնման»։ Սակայն մտահոգություն հայտնեց, որ սպանությունների հարցն արծարծելով, մոռացության կմատնվեն տնտեսական հանցագործությունները։
Լրագրողներից մեկի այն հարցին, թե գիտե՞ն, արդյոք, որ կալանավայրերում դատապարտյալները բռնության են ենթարկվում, Հ. Մարգարյանը բերեց իր անձին վերաբերող օրինակը, նշելով. «Իմ նկատմամբ ֆիզիկական ճնշում չի եղել։ Կարծում եմ, որ հասարակության մեջ գաղտնիք չէ, որ ՆԳ-ին պատկանող կալանավայրերում դա ընթացիկ երեւույթ է»։
ԱԺ-ի պատգամավորական ընտրությունների մասին հայտնեց, որ արդար ընտրություններ անցկացնելու համար ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել բոլորի հետ։
Նա բացառեց կուսակցության ներսում կռիվների գոյությունը, շեշտելով՝ «այն մարդը, ով որ դաշնակցական է, չի դառնում իշխանության անդամ։ Մեր կազմակերպությունը դրանով է յուրահատուկ»։
Ի վերջո, ՀՅԴ-Ն ընդդիմություն է, թե իշխանություն, այս հարցն էլ գտավ իր սպառիչ պատասխանը. «Մենք իշխանության կողքին ենք, բայց ոչ իշխանություն։ Մենք պաշտպանել ենք նախագահի թեկնածուի ծրագիրը, եւ պետք է պայքարենք, որ այն իրագործվի»։
Հ. Մարգարյանը հայտնեց, որ կուսակցական անդամների ներկայությունը կառավարության մեջ կեցվածք է եւ շեշտեց. «չի կարելի ասել, որ մշակույթի, կրթության նախարարությունները կամ էլ Արագածոտնի մարզը հանձնվել է դաշնակներին։ Այդպիսի բան չկա»։
Նա կարեւորագույն հարցերից մեկը համարեց խորհրդարան՝ թաղային հեղինակությունների մուտքը կանխարգելելը, որոնք կիսահանցագործ տարրեր են, եւ դառնում են ցանկացած իշխանավորի հենարանը։
«Հանրապետական» կուսակցության մասին իր դիրքորոշումն արտահայտեց. «Հանրապետական կուսակցությունը դեռ կայանալու վրա է։ Բայց մենք ընդհանուր ազգային համերաշխ մթնոլորտի սկզբունքից ելնելով, մեզ մոտ ենք համարում երկրապահներին, թեպետ դա չի նշանակում, որ ամբողջությամբ համակրում ենք նրանց»։
Անդրադառնալով Ղարաբաղին, նշեց, որ իրենց համար դա ամենասրտամոտ հարցն է, եւ այն ՀՅԴ-ի համար դարձել է գերխնդիր՝ առաջին հարցը, որին են տրամադրում իրենց հնարավորությունների առյուծի բաժինը։
«Մեզ համար լուրջ կարեւորություն ունի Ղարաբաղի հարցը»,- ասաց նա։ Այնուհետեւ հայտնեց, թե ինչպիսին պետք է լինի այսօրվա Ղարաբաղը։ Իր խոսքի վերջում ասաց. «Ես գիտեմ, որ Ղարաբաղի պայքարը չի ավարտվել, շարունակվելու է եւ մեր ժողովուրդն ու երիտասարդությունը պետք է պատրաստ լինի այդ պայքարին»։
ԱՐԹՈՒՐ ԼԱՎՉՅԱՆ