Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլորյալները թերեւս վերադառնան

Փետրվար 20,1999 00:00
sdhk

Հայաստանի սոցիալ դեմոկրատական կուսակցության հայաստանյան կազմակերպության նորընտիր վարչությունն իր նորընտիր ատենապետ Ալեքսան Խաչատրյանի ղեկավարությամբ երեկ Ժուռնալիստների միությունում կրկին խոսեց կուսակցությունը պառակտելու Էռնեստ Սողոմոնյանի փորձերի մասին։

Հնչակյանները կարծում են, որ Էռնեստ Սողոմոնյանի թիկունքին կանգնած են ոչ միջին չինովնիկներ, այլապես նա միայն իր ԱԺ պատգամավոր լինելը օգտագործելով չէր կարող «Կրեդիտ Երեւան» բանկից ստանալ 7,6 միլիոն դրամը, այն էլ կեղծված բլանկներով եւ շրջանային սկզբնական կազմակերպության կնիքով։ Նման կեղծիքներ անելու համար հնչակյան ղեկավարները պատրաստվում են դատի տալ իրենց նախկին կուսակցին։ Նախկին՝ ոչ միայն այն պատճառով, որ Էռնեստ Սողոմոնյանին կուսակցության IV համագումարը հեռացրել է իր շարքերից, այլ որովհետեւ դեռեւս անցյալ տարի Էռնեստ Սողոմոնյանը արդարադատության նախարարությունում գրանցել է մի նոր կազմակերպություն՝ Հայաստանի սոցիալ դեմոկրատական հնչակյան կազմակերպություն։ Այս դեպքում հարց է ծագում, թե ինչպես է մի կազմակերպությանը՝ ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպությանը տրամադրված, գումարը տնօրինում մեկ այլ կազմակերպություն՝ Հայաստանի ՍԴՀԿ-ը։

Հանդիպմանը ներկա հնչակյանները հավաստիացրին, որ Էռնեստ Սողոմոնյանի շուրջ հավաքվածների զգալի մասը «թաղի տղերք» են, իսկ այն կուսակցական ընկերները, որոնք դեռեւս մոլորված լինելով նրա հետ էին, տեղեկանալով, որ Էռնեստ Սողոմոնյանը պետությունից 15 հազար դոլար է ստացել, եւ այդ գումարով իրեն մեքենա է գնել եւ կազմակերպել տղայի հարսանիքը, պատրաստվում են հեռանալ նրա «խմբակից» եւ միանալ մայր կուսակցությանը։

Պատասխանելով թղթակիցներից մեկի հարցին, Ալեքսան Խաչատրյանն ասաց, որ իրենք «Օրինաց երկրի» հետ որեւէ բանակցություններ կամ պայմանավորվածություն չունեն նախընտրական դաշինք ձեւավորելու համար։ Իրենց ունեցած տվյալներով, հիշյալ կուսակցությանը հնչակյանների աջակցությունը խոստացել է Էռնեստ Սողոմոնյանը, որն այժմ զրկված է հնչակյան կուսակցության անունից հանդես գալու իրավունքից։ Պարոն Խաչատրյանը չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Թերեւս միայն այն դեպքում, եթե դա պահանջի կուսակցությունը։ Իսկ առաջիկա ընտրություններում իրենց դիրքորոշումը ճշտելու համար իրենք պատրաստվում են խորհրդակցական հանդիպումներ անցկացնել Հայաստանի առավել ազդեցիկ քաղաքական ուժերի հետ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728