Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ Է ՀԱՍՆԵԼՈՒ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄԵԾ ԴԱՀԼԻՃԸ

Փետրվար 20,1999 00:00
kinoyi tun

Կինոգործիչների համար այսօր մտահոգող հարցեր են դարձել Կինոյի տան դահլիճի շուրջ պտտվող մի շարք չպարզաբանված լուրեր։ Դեռեւս կես ամիս առաջ խոսակցություններ մտան շրջանառության մեջ, թե կինոյի դահլիճը տալիս են «ուրիշին»։ «Ուրիշ» ասվածի տակ շոշափվում էին «Շարմի» եւ «Մեշոկ պապի» խաղալիքների աշխարհի անունները։ Խնդիրն այսպիսին է. Կինոյի տան կինոդահլիճը (ինչպես եւ հանրապետության բոլոր «ողջ» մնացած կինոդահլիճները) միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկական սարքավորումներով վերազինման կարիք ունի։ Այս խնդիրը գիտակցում են նաեւ իրենք՝ կինոգործիչները։ Կինոյի տան շենքը հիմնովին բարեկարգման պետք ունի։ Սակայն այդ ամենի իրագործման համար ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ, ինչը ի վիճակի չէ անել ո՛չ մեր պետությունը եւ ո՛չ էլ Հայաստանի Կինոգործիչների միությունը։

Եվ ահա, Կինոգործիչների միության ղեկավարությանը համագործակցության նախագիծ է ներկայացվել, որին միության վարչական խորհուրդը միաձայն համաձայնություն է տվել։ Խոսվում էր, որ դահլիճը տրվում է «Մեշոկ պապուն» եւ «Շարմին»։ Պարզվեց, որ ոչ թե «Մեշոկ պապուն», այլ «Ատտա» (որի մասնաճյուղն է նաեւ «Մեշոկ պապի» խաղալիքների աշխարհը, սակայն, որը ոչ մի կապ չունի այս համագործակցության հետ) ընկերության եւ Կինոգործիչների միության միջեւ է կնքվելու նշյալ պայմանագիրը։ Այդ ծրագիրն իրականացնելու գաղափարը դեռ վաղուց ծագել էր «Շարմի» եւ «Ատտայի» մեջ։ «Ատտայի» նախագահ Աշոտ Մնացականյանի հավաստմամբ, մտադրություն կա միջազգային չափանիշներին համապատասխան կինոդահլիճ ստեղծել, «դոլբի» համակարգ տեղադրել, շենքում անհրաժեշտ վերանորոգչական աշխատանքներ կատարել։ Ըստ նրա՝ շենքի որոշ հատվածը վարձակալական հիմունքներով պետք է տրվի իրենց, մյուս մասը (դահլիճ եւն)՝ համատեղ պետք է օգտագործվի։ Պայմանագիրը կկնքվի 15 տարով, քանի որ մեծ գումարներ են ներդրվելու եւ ներդրող կողմին ձեռնտու չէ կարճատեւ ժամկետը։

«Հայք» շաբաթաթերթի լրագրողին տված հարցազրույցում Կինոգործիչների միության նախագահ Ս. Իսրայելյանն ասել էր, թե ներդրվելու է 400-500 հազար դոլար։ Իսկ Կինոյի տան տնօրեն Արմեն Սեկոյանն ասաց. «Համատեղ պայմանագիր է կնքվելու, դահլիճը վարձակալության չենք տալիս։ Դահլիճը մնում է Կինոյի տանը։ Մենք այդ գործի մեջ ենք դահլիճով, իրենք՝ գումարով։ Պայմանագիրը պետք է կնքվի մինչեւ մարտի 15-ը»։ Ա. Սեկոյանը հրաժարվեց նշել հակառակ կողմի անունը, սակայն հերքեց «Շարմի» մասնակցությունը, իսկ «Մեշոկ պապի՞ն» է» հարցին, պատասխանեց՝ «Դեռ չենք կարող ձեզ ասել՝ ով կլինի»։

Ի դեպ, Ս. Իսրայելյանը «Հայքի» լրագրողին ասել էր, թե համագործակցությունը «Շարմի» հետ է՝ «Մենք «Շարմի» հետ գործ ունենք»։ Այս իրարամերժ ու կցկտուր պատասխանները կինոգործիչներին խառնաշփոթի մեջ են գցում։ Ի դեպ, զրուցակիցներիս մի մասը խնդրում էր մեկ ամիս հետո անդրադառնալ այս խնդրին, եւ հոդված դեռ չգրել, ինչը բացատրում էին կոմերցիոն նրբերանգով՝ մրցակցություն (թե Հայաստանում ով առաջինը «դոլբի» համակարգ կտեղադրի)։

Որոշ կինոգործիչների կարծիքով, հարցին անդրադառնալու հետաձգման խնդրանքի պատճառը՝ պայմանագրի շուտափույթ կնքման հետ է կապված՝ «Ուզում են շուտ կնքվի, որ չեղյալ չհայտարարվի»։ Այդ որոշ մասը՝ կինոդահլիճը, հետագայում նաեւ՝ Կինոյի տունը կորցնելու վախ ունի. նրանց վախեցնում է հատկապես 15 տարի ժամկետը։

Կինոգործիչների միության վարչության անդամ, օպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի կարծիքով՝ Կինոյի տանն այդպիսի տեխնիկայով վերազինված դահլիճ ունենալը կարեւոր է. «Մենք վաղուց էինք ուզում ունենալ, բայց դա մեծ ծախսերի հետ է կապված։ Նախաձեռնություն եղավ, եւ մենք նախնական համաձայնությունը տվեցինք։ Դահլիճը դարձյալ մերն է, մենք նրանց չենք տալիս, այն բոլոր օրերին, երբ դահլիճն ազատ կլինի՝ իրենք կօգտագործեն։ Մենք մեր իրավունքներն իրենց չենք տալիս»։

Օպերատոր Ալբերտ Յավուրյանը, որը նույնպես վարչական խորհրդի անդամ է, խոստովանեց, որ մանրամասն տեղյակ չէ կնքվելիք պայմանագրին։ «Ծրագրին լավ ծանոթ չե՞ք» հարցին պատասխանեց. «Ես նախագծերը տեսել եմ, էն, ինչ որ ճարտարապետները պետք է անեն առաջին եւ երկրորդ հարկերում, ի՞նչ տեսք է ստանալու եւ տեխնիկական ինչպիսի հագեցվածություն է ունենալու դահլիճը։ Բայց գումարային խնդիրներին տեղյակ չեմ՝ ինչքան է մերը, ինչքան պետք է մեզ տան վարձակալության համար։ Գիտեմ, որ Կինոյի տան այս գարշելի ապակիները վերջապես պետք է փոխվեն, գեղեցիկ-նոր պատուհաններ դառնան, ու ավելի հաճելի տեղ կդառնա»։

«Շարմի» դերն այս գործում Ռուբեն Ջաղինյանն այսպես մեկնաբանեց. «Ատտան» է կնքելու պայմանագիրը, իսկ ծրագրի գեղարվեստական, շնորհանդեսային, ստեղծագործական, գովազդային մասով զբաղվելու է «Շարմը»։ Եվ Ռ. Ջաղինյանը նշեց, որ այս համատեղ գործունեությունից ստացված գումարներով ֆիլմեր կնկարահանվեն կամ նոր տեխնիկա կգնվի. «Ավելի լավ շնորհանդեսներ կկազմակերպվեն, ջազ-տրիոներ կաշխատեն, ի վերջո, Կինոյի տունը կշնչի»։ «Ատտայի» նախագահը շեշտեց, որ Կինոգործիչների միության անդամները մի շարք ծառայություններից անվճար կամ զեղչ գներով պետք է օգտվեն, իսկ պայմանագրի ավարտից հետո ամբողջ սարքավորումները մնալու են Կինոյի տանը։

Անդրադառնամ խնդրի մյուս կողմին։ Այսօր մեր պետությունը չունի կինոցանց եւ կինոպրոկատ։ Եվ, ինչ խոսք, Կինոյի տունը Կինոգործիչների միության սեփականությունն է, եւ իրավական տեսանկյունից միությունը որպես հասարակական կազմակերպություն, իրավունք ունի նման պայմանագիր կնքելու։ Սակայն այդ պայմանագիրը պետք է ճկուն լինի. ամեն ինչ կախված է պայմանագրի բովանդակությունից, որը պետք է նաեւ պայմանագրի երկարաձգման կամ դադարեցման համար համապատասխան կետ ունենա՝ թե որ պայմանի դեպքում է գործարքը դադարեցվում, կամ՝ երկարաձգվում։ Մանավանդ որ Ս. Իսրայելյանն ընտրված է հինգ տարի պաշտոնավարման ժամկետով եւ ոչ թե հավերժ։ Հասկանալի է, որ պրն Իսրայելյանն անկարող էր եւ ստեղծագործական իմաստով սպառված է նման լուրջ գործունեություն սկսելու համար։ Խրախուսելի է, որ հայ գործարարն այսօրվա խաթարված հայ կինոյի բնագավառում շահագրգռված է նման ծրագիր իրականացնելու։ Բայց եւ հարց է ծագում. արդյոք Կինոյի տան դահլիճը զուտ կոմերցիոն ֆիլմերի ցուցադրման վայրի չի՞ վերածվի, եւ ի վիճակի՞ է մեծ կինոշուկայի դռներ բացել մեր առջեւ։

Կինոգործիչների միությունը եկող սերնդի համար արդեն քանի տարի հեռանկարային ոչինչ չի նախաձեռնում (հույս էլ չկա)։ Հայաստանի կինոգործիչների միությունն այսօր էլ «Կինոկենտրոն» միջազգային փակ բաժնետիրական ընկերության կողմից որոշակի գումարներ է ստանում, եւ չի երեւում, թե ինչի վրա են ծախսվում այդ գումարները (բացառությամբ՝ լոբի, շաքարավազ եւ այլ «հումանիտար» օգնությունների)։ Ս. Իսրայելյանի աֆորիզմը, թե «Կինոգործիչների միությունը հասարակական կազմակերպություն է եւ կինոարտադրությամբ չի զբաղվում»՝ ձեռքերը ծալողին-վերմակն իր կողմ ձգողին բնորոշ խոսքեր են։ Ինչեւէ, Կինոգործիչների միության «սովորական» անդամներն անհանգիստ են, իսկ միության վարչական խորհրդի անդամներն ուրախանում են, որ լավ տեխնիկա են ունենալու եւ թշվառ ապակիները փոխարինվելու են գեղեցիկներով։

Գոնե պետք է խնդիրը, պայմանագրի բնույթը եւ էությունը այնպես մանրամասն ներկայացվի միության բոլոր անդամներին, որ խառնաշփոթ չստեղծվի եւ հայ գործարարը չհիասթափվի լավ գործ սկսելուց առաջ, որովհետեւ նա կինոն ընդունել է որպես լուրջ բիզնես՝ առայժմ պրոկատային մասով։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728