Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻՋԵՎ ՍԵՊ ՉԿԱ, ԶԻՆՎՈՐՆԵՐ ԵՆ

Փետրվար 20,1999 00:00
dataxazutyun

ՀՀ Գերագույն դատախազության շենքը երեկ ժամը 12-ի մոտերքում մահակներով («դուբինկա») զինված մի դասակ պահում- պահպանում էր։ Պատահական անցորդին կամ արտասահմանցի հյուրին հնարավոր է թվար, թե հերթական ՀՀ գլխավոր դատախազին է ինչ-որ բան պատահել։Ավելի ուշադիր անցորդը, որ նաեւ հայերեն կարդալ գիտի, կկարդար եւ կիմանար, որ դատախազության մոտ արտառոց ոչինչ չէր պատահել։

Օրեր առաջ սպանված Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի ծնողները, հարազատները, հարեւանները, նաեւ Գյումրիից եւ Վանաձորից նրանց միացած Արսեն Խաչատրյանի մարզական ընկերների հարազատները, պարզապես եկել էին դատախազի տեղակալի խոստացած դատաբժշկական փորձաքննության արդյունքներն իմանալու։ Հիշեցնեմ, որ երկու օր առաջ՝ փետրվարի 17-ին Արսեն Խաչատրյանի եւ Արմեն Խաչատրյանի ծնողները դիմել էին դատախազություն, իրենց որդիների առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար։ Նրանց խոստացել էին պատասխանել երկու օրից։ Երկու օրը լրացավ երեկ։ Գլխավոր դատախազի տեղակալ Ժ. Խառատյանը երեկ կրկին ընդունեց Արսեն Խաչատրյանի մորը եւ, մոր ասելով, մարդ ուղարկեց, որ բերեն դատաբժշկական փորձաքննության տվյալները։ Մի քանի տասնյակ մարդ սպասում էր որեւէ լուրի, իսկ լուրն ուշանում էր։

Զինվորների առկայությունն այս ամբողջ պատմության մեջ ոչ զինվորներն իրենք էին մտադիր մեկնաբանել, ոչ էլ հարազատները։ Այդտեղ էր նաեւ Արսենի մանկության բժիշկ, տեղամասային բժշկուհին, որն էլ ասաց, թե մարդու արտաքին տեսքը ոչինչ չի կարող ասել նրա հիվանդ լինելու մասին, եւ իրենք պահանջում են ոչ թե տղաների արտաքին տեսքի զննում, այլ՝ ներքին օրգանների լուրջ ուսումնասիրություն։ Դրսում, կանգնածների ասելով, դատախազության ներսում էին նաեւ «Կարմիր խաչի» ներկայացուցիչները (հայկակա՞ն, թե՝ այլ, մարդիկ չգիտեին)։

Ավելորդ չհամարելով ասեմ, որ ընդունելությունն անմիջապես չի կայացել։ Դատախազությունը խստորեն պահպանել է ընդմիջման ժամի սրբությունը եւ միայն երեք ժամ հետո է ընդունել Արսեն Խաչատրյանի մորը. «Էն երեխեքը սոված բանտերում նստած են, մենք էստեղ ենք սոված սպասում, բայց նրանք ընդմիջում են անում։ Եթե իրոք երեխաները ծեծված չեն, ինչո՞ւ նրանց մեզ ցույց չեն տալիս»։

Թեպետ վերոհիշյալ գործի հսկողությունը ոչ թե դատախազի տեղակալի, այլ գլխավոր դատախազի վրա է, սակայն արդեն երկրորդ անգամ Արմենի եւ Արսենի ծնողներին ընդունում է գլխավոր դատախազի տեղակալը։ Պատճառը՝ գլխավոր դատախազի գերզբաղված վիճակն է։

Դատախազության աշխատակիցների ասելով, իրենք էլ չգիտեն, թե ո՞վ է հրավիրել զինվորներին։ Այս հարցի պատասխանը զինվորներն իրենք էլ չգիտեին։ Ինչպիսի՜ նախանձելի չիմացություն։

Իսկ Արմեն Խաչատրյանի մայրիկը կրկին շեշտեց. «Ասում եմ դարձյալ, տասը կոկորդ ունենայի, տասով էլ կասեի, որ Արմեն եւ Արսեն Խաչատրյանները մարդ չէին կարող սպանել»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728