Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ն, խեցգետինը եւ գայլաձուկը

Փետրվար 19,1999 00:00
aram manukyan

1999 թ. փետրվարի 16-ին մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Արամ Մանուկյանը երեկոյան ժամը 19.30-ին վերադարձել է իր աշխատասենյակ եւ… սեղանի վրա դրված է եղել ՀՀ վարչապետի՝ Ա. Մանուկյանին փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանի պատճեն։

Ա. Մանուկյանը ՀՀ կառավարության կառուցվածքում ՀՀՇ վարչության վերջին անդամն էր։ Երեկ Ա. Մանուկյանը ասուլիս էր հրավիրել իր վրդովմունքն արտահայտելու վարչապետի չպատճառաբանված հրամանի դեմ։ Ըստ Ա. Մանուկյանի ստացած լուրերի իրեն զբաղեցրած պաշտոնից ազատելու 2 հրաման է եղել։ Առաջինը տրվել է ուրբաթ օրը, բայց նույն օրը վարչապետն իր իսկ հրամանը հետ է վերցրել՝ «… երեւի թե հիմնավորում կամ միջնորդություն ստանալու համար» (Ա. Մ.), իսկ երկրորդը՝ փետրվարի 16-ի հրամանը։

Ա. Մանուկյանը կարծես համոզված էր, որ Ռ. Շառոյանը միջնորդություն չի ներկայացրել, որովհետեւ ազատելու համար որեւէ հիմք չկար։ Մանավանդ, որ Ա. Մանուկյանը նախարարությունում իր կատարած աշխատանքը արդյունավետ է համարում. «… Ամենաշուտն եմ եկել նախարարություն եւ ամենաուշն եմ գնացել, հարյուրավոր միջոցառումների եւ կոլեկտիվների հետ եմ շփումներ ունեցել։ Պարծենալու բան չի, բայց ոչ մի փոխնախարար երբեւէ այդքան հանդիպումների եւ միջոցառումների չի մասնակցել եւ չի կազմակերպել, որքան ես»։ Ա. Մանուկյանը քաղաքական առումով հաջողված էր համարում իր եւ Ռ. Շառոյանի աշխատանքը։ Նա հիշեց Ռ. Շառոյանի նշանակման օրն իր, վարչապետի եւ Շառոյանի առանձնազրույցը, երբ վարչապետի եւ նախագահի անունից համատեղ աշխատանքի խնդրանք եղավ։

– Այդ խնդրանքի բովանդակությունը միայն պաշտոն վարելը չէր, գեղեցիկ առաքելություն կար այդ համատեղ աշխատանքի առաջարկի տակ։ Այն է՝ տարիներ շարունակ իրար չհանդուրժող 2 կուսակցությունների լիդերներ, ղեկավար մարմինների անդամներ փորձեն համատեղ աշխատել։ Իմ եւ Շառոյանի միջեւ որքան հնարավոր է այս հարցը լուծվել էր,- ասաց Ա. Մանուկյանը։

Ա. Մանուկյանի կարծիքով վարչապետը զուտ մարդկային էթիկայի խախտում էր կատարել եւ գոնե, որպես պատգամավոր, պետք է բացատրություն պահանջեր կամ մեղադրանք ներկայացներ։ Վարչապետի հրամանը նա մեկնաբանում է՝ վերջին շրջանում իր ունեցած ելույթներով եւ քվեարկություններով։

ՀՀՇ-ականներից ձերբազատվելու մի գործընթաց է արդեն վաղուց սկսվել։ Ա. Մանուկյանի ասելով մի շարք ՀՀՇ-ականներ դարձյալ առանց բացատրության ազատվել են պաշտոններից, մի մասը շարունակական ստուգումների են ենթարկվում, իսկ նրանք, ովքեր էլ դեռ մնում են՝ ընտրովի մարմիններ են, որոնց հանելու համար շատ լուրջ պատճառներ են պետք։ Ա. Մանուկյանն իր հետագա պլանների մասին ասաց, որ դիմում է գրել ԱԺ մշակույթի, կրթության մշտական հանձնաժողով մտնելու համար եւ վերադառնալու է պատգամավորական եւ հանձնաժողովային իր գործունեությանը։

Ռ. Շառոյան եւ Ա. Մանուկյան (ՀՅԴ եւ ՀՀՇ) համագործակցությունը դեռ առաջին օրից այսպիսի ավարտ էր ենթադրում. այնպես որ, չհանդուրժողի համար «համատեղ աշխատանքի» 8 ամիսն էլ է շատ։ Գոնե անուն-ազգանունը հարգեին…

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728