Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է «ԱՌԱՎՈՏԻՆ»

Փետրվար 19,1999 00:00
Aravot

Մենք անդրադարձել ենք անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին, որի արդյունքում կյանքից զրկվեց Ալբերտ Ոսկանյանը։ Ինչպես վերոնշյալ դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի դատաքննության լուսաբանմամբ, այնպես էլ Ալբերտի հոր՝ Ռեխնիկ Ոսկանյանի դիմում-բողոքների համար թերթը էջեր տրամադրել է։ Ձեզ ենք ներկայացնում նաեւ ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Սամվել Մանուկյանի հետ մեր հարցազրույցը.

-Մեր զրույցը սկսենք նրանից, որ Գյումրիում ավարտվեց վերոնշյալ քրեական գործի դատաքննությունը եւ մեր տպավորությամբ սպանությունը բացահայտելու համար արդյունավետ աշխատանքներ չկատարվեցին։

– Առաջին իսկ օրվանից գործը քննվել է Գյումրիի քաղաքային դատախազության քննչական խմբի կողմից, որում ընդգրկված են եղել մի շարք փորձառու քննիչներ։ Եթե խոսքը վերաբերում է դիտավորյալ սպանություններին, ծանր հանցագործություններին, որոնք քննվում են դատախազության մարմիններում, ոստիկանությունն իր հերթին օպերատիվ-հետախուզական գործունեություն է ծավալում հանցագործությունը բացահայտելու եւ այն կատարող անձանց հայտնաբերելու համար։

Ոչ հաճախ հանդիպող հանգամանքները հաշվի առնելով՝ այս գործը վերցրինք մեր հսկողության տակ։ Երիտասարդ է մահացել (Ալբերտ Ոսկանյանը), ծանր վիշտ է հասել նրա ընտանիքին։

Այս դեպքը լրացրեց վերջին տարիներին հանրապետությունում անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կատարված հանցագործությունների շարքը։

– Ի՞նչը նկատի ունեք։

– Հենց նույն Գյումրիում վերջերս (միանգամայն իրավացիորեն) կարճեցին մի մարդու նկատմամբ քրեական գործը, որը դանակահարել էր իր տան վրա զինված, ավազակային հարձակման մասնակիցներից մեկին։

Երեւանի Կենտրոն համայնքի դատախազությունում ունեինք նման մի քրեական գործ՝ մարդն իր ընտանիքին, իր կնոջը նույնպես պաշտպանել էր հանրորեն վտանգավոր ոտնձգությունից։ Բնականաբար, քրեական գործը կարճվեց։

Անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը, մեր զրույցից առաջ ասացի, քրեական իրավունքի-գիտության եւ պրակտիկայի-մեծագույն նվաճումներից մեկն է, որի նպատակն է հանցագործությունների դեմ պատշաճ պայքար մղելը եւ պաշտպանվող անձի քաղաքացիական բարձր գիտակցության վկայություն է։

– Այդ առումով փոփոխություննե՞ր են սպասվում։

– Այսուհետ կնկատվեն փոփոխություններ օրենքի պահանջը անվերապահորեն կատարելու իմաստով։ Բավական է, որ այս հարցում եղանք երկչոտ։

Մարդիկ պետք է իմանան, որ այդպիսի ոտնձգություններից իրենք պաշտպանվելու իրավունք ունեն։

Դուք, հավանաբար գիտեք, որ գործող քրեական օրենսգրքի 13 հոդվածը խոսում է անհրաժեշտ պաշտպանության մասին։ Այնտեղ արձանագրված է հետեւյալը, որ հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը թեեւ համընկնում է քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներին, սակայն կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պետության, հանրային շահերը, պաշտպանվողի կամ մեկ ուրիշի անձը կամ իրավունքները հանրորեն վտանգավոր ոտնձգությունից, ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելու ժամանակ։ Ընդ որում, եթե թույլ չեն տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում, որը պաշտպանության ակնհայտ անհամապատասխանությունն է ոտնձգության բնույթին եւ վտանգավորությանը։

Ռեխնիկ Ոսկանյանի որդու դեպքով, ինչպես դուք գիտեք, գործով անցնող Կարեն Սարգսյանի նկատմամբ հարձակումը կատարվել է խմբի կողմից։ Նրան տնից, ընդ որում խաբեությամբ՝ են դուրս բերել։ Երկուսը զինված են եղել, այդ թվում՝ Ալբերտ Ոսկանյանը՝ դանակով, որի մասին նախաքննության ժամանակ ասել են հենց իր ընկերները։ Չեմ թաքցնում, որ այդ փաստի մասին դատաքննության ժամանակ, ընդհանրապես ոչ ոք չի ասել (- Ռ. Մ)։

Գործում կա նաեւ դատական բժշկի եզրակացությունը, որի օբյեկտիվության վերաբերյալ կասկածներ չունեմ եւ համաձայն որի Կարեն Սարգսյանի մարմնի տարբեր մասերին եղել են մեկ տասնյակից ավելի ծակող-կտրող առարկայով հասցված եւ այլ բնույթի վնասվածքներ (ոտքի մասում՝ նաեւ հրազենային)։ Կարեն Սարգսյանը նման հարձակումից չպաշտպանվե՞ր (թեկուզեւ դանակով, դանակը դրված է եղել գուլպայի մեջ)։

Հացի փռի մոտ հարձակվում են Կարենի վրա, որոշ հաշվումներով շուրջ 10 մարդ է եղել (դատաքննության ժամանակ պատասխան էին տալիս 5 ամբաստանյալ): Կ. Սարգսյանի մարմնական վնասվածքների բնույթը վկայում է իր նկատմամբ ինտենսիվ հանցավոր ոտնձգության առկայության մասին։ Սա անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կատարված արարք էր։ Նման եզրահանգման համար պետք է հաշվի առնվի ոտնձգողների եւ պաշտպանվողների թիվը, զենքի առկայությունը, ուժերի հարաբերակցությունը, տեղը, ժամանակը եւ այլ հանգամանքներ։

– Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստին գլխավոր դատախազը, իմ կարծիքով, կոչ արեց դատախազներին՝ անվերապահորեն կիրառեն անհրաժեշտ պաշտպանության մասին օրենքի պահանջը։ Արդյոք անհրաժեշտ պաշտպանությունը չի՞ դառնա զանգվածային եւ առիթ չի՞ տա որակումներում անփույթ գտնվել։ Ամեն մի սպանություն քողարկե՞նք անհրաժեշտ պաշտպանության որակումի տակ։

– Ցանկացած դիտավորյալ սպանության վերաբերյալ քրեական գործ մեր տեսադաշտում է մնում մինչեւ գործը դատարան ուղարկելը կամ կարճելը կամ կասեցնելը։ Սխալ որակման դեպքերը ես բացառում եմ։ Ունենք շրջաբերական նամակ, թե որ դեպքերի մասին մարզերի եւ համայնքների դատախազները պետք է հաղորդեն ինչպես բանավոր (հեռախոսով), այնպես էլ գրավոր (օդային եւ երկաթուղային աղետներ, բանդիտիզմ, արտասահմանցիների կողմից կամ նրանց նկատմամբ կատարված ցանկացած հանցագործություն, մարդկային զոհերով ուղեկցված ավտովթար, դիտավորյալ սպանություններ եւ այլն)։

– Դուք, փաստորեն, արձագանքեցիք մեր մի հրապարակմանը։ Հետեւո՞ւմ եք ընդհանրապես ԶԼՄ-ների կողմից դատաքննությունների լուսաբանմանը։

– Առանձին գործերով դատաքննության ընթացքում երեւում է քննության թերությունները։ Շատ անհրաժեշտ է, որ այդ ամենը ընդհանրացնենք, անհրաժեշտության դեպքում քննարկման առարկա դարձնենք։

Դատաքննության օբյեկտիվ լուսաբանումը մամուլում միայն դրական եմ գնահատում։ Ամեն դեպքում դրանից մենք օգուտ ենք քաղում մեր գործերի քննության որակի բարելավման առումով։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728