Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռախոսահաշվեհարդար

Փետրվար 19,1999 00:00
heraxos

Հայ ժողովրդի գլխին փորձանք են դարձել ոչ միայն ավանդական պաշտոնյաները՝ ոստիկաններն ու հարկային տեսուչները, գործադիր ապարատի չինովնիկները, դատական մեծավորները։ Ժողովրդին նվաստացնող ու արհամարհողների այս հոծ բանակին միացել են նորերը, որոնց թվում են էլեկտրիկներն ու հեռախոսային ցանցի սպասարկուներն ու պաշտոնյաները։

Առաջներում «լույսի» մարդուն ու «հեռախոսի» մարդուն ո՞վ էր լուրջ նշանակություն տալիս, իսկ այսօր նրանք ժողովրդի համար ահուսարսափի խորհրդանիշ են դարձել։ Նրանցով, նրանց կամակորությամբ, չարաշահումներով, քմահաճույքներով բնակչությունը նույնքան մտահոգված է եւ անհանգստացած, որքան, ասենք, ՆԳ մարմինների աշխատողների գործողություններից։

«ԱրմենՏելի» խայտառակ գործարքի բացահայտումից հետո էլ ժողովրդի գլխին դեռեւս դամոկլյան սրի նման կախված է հերթական ահեղ սպառնալիքը՝ հեռախոսազրկում։

5-10 դոլար վաստակող ժողովուրդը չի՛ կարող րոպեավճար մուծել, ամսավճարն արդեն իսկ հասցրել են 900 դրամի։ Պարզ է, որ բնակիչների մեծ մասը «կամավոր» հրաժարվելու է կապի միջոցներից օգտվելուց։

Ալան-թալանի այս համընդհանուր մթնոլորտում, երբ բացակայում է իրական որեւէ պատասխանատվություն ու հսկողություն, իրենց շատ լավ են զգում այդ համակարգի նաեւ միջին ու փոքր պաշտոնյաները եւ նույնիսկ հասարակ աշխատողները։

Նրանք էլ աշխատում են իրենց «ջոջերից» շատ հետ չմնալ եւ առիթը բնավ բաց չեն թողնում ժողովրդին ճնշելու եւ նվաստացնելու համար։ Ընդամենը մեկ կամ երկու օր ուշացրի՞ր մուծումդ, անմիջապես անջատում են հեռախոսդ։ Ո՛չ մի պատճառաբանություն լսել անգամ չեն ցանկանում, միայն կարգադրություններ են անում։ Հավանաբար, ժողովրդին քիչ էին հրամայողները, ահա սրանք էլ ավելացան հրամայողների բանակին։ Սա իրենց մաշկի վրա ամեն օր զգում են հարյուրավոր քաղաքացիներ։

Մաշտոցի շրջանի հեռախոսացանցի անգամ շատ հասարակ աշխատակիցների հետ «մարդկայնորեն խոսել» անկարելի է։ Ամեն կերպ հասկացնում են, որ դու իրենց «ենթական» ես, ուրեմն՝ ամեն ինչում լուռումունջ պիտի ենթարկվես։ Չփորձես վեճի բռնվել, ավելի ես գործը բարդացնելու։ Իրենք «վերեւում» են, իրենք հրամայող են, կարգադրող, մենք՝ նրանց խղճուկ բաժանորդ-ենթակաները։

Միջքաղաքային խոսակցությունների դեպքում այնպիսի գումար են ներկայացնում, որ խիստ կասկածելի է… Իսկ իրենք ամեն ինչ «հիմնավորում» են համակարգիչով…

Դե ե՛կ ու նրանց հետ գլուխ դիր, հաստատ տանուլ ես տալու։ Ո՞վ է բռնելու այս կամակոր պաշտոնյաների ձեռքը։

Ո՞վ եւ ովքե՞ր են պաշտպան կանգնելու այս անհուսալի մթնոլորտում առավել խեղճացող, հլու-հնազանդ դարձող, հիասթափված ու հուսահատ մեր ժողովրդին։

Ի վերջո, «անզեն» աչքով անգամ տեսանելի է, որ բոլոր կողմերից են ժողովրդին «մշակման» ենթարկում։

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728