Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԴՐՈՂ

Փետրվար 19,1999 00:00

ՆԵՐԴՐՈՂ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՁԵՎ Նախորդ տարվա նոյեմբերի 13-ի «Առավոտում» տպագրված «Սրետենկա»-ին ուզում են խաբե՞լ» հոդվածում խոսքը գնում էր Վանաձորի քիմիական համալիրի վերականգնման եւ աշխատեցնելու հնարավորության մասին։ Հիշեցնենք. «Սրետենկա Պետրոլիում» ֆիրմայի գլխավոր տնօրեն Գասպար Պետրոսյանը, որը «Սրետենկա» ասոցիացիայում ղեկավարում է էներգետիկայի եւ քիմիայի բնագավառներին առնչվող հարցերը, իր անհանգստությունն էր հայտնում Վանաձորի քիմիական համալիրի սեփականաշնորհման մրցույթում հնարավոր անհավասար պայմանների ստեղծման առնչությամբ։ Ըստ երեւույթին, պրն Պետրոսյանի անհանգստությունը պատահական չէր։ Առաջիկա օրերին, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կառավարության նիստում քննարկվելու է եւ որոշում է կայացվելու հանրապետության երրորդ քաղաքի քիմիական համալիրի սեփականաշնորհման հարցի շուրջ։ Նախօրոք հայտարարվել էր, որ այս հարցով տեղի է ունենալու շահագրգիռ կողմերի մրցույթ եւ այդ մրցույթում հաղթողը սեփականաշնորհելու է Վանաձորի քիմիական գործարանը, Քիմիական մանրաթելերի գործարանը եւ Վանաձորի ՋԷԿ-ը, որը ժամանակին կառուցվել է վերոնշյալ քիմիական գործարաններին հոսանքով ապահովելու համար։ Հարցի պատմությունից Բոլորին է հայտնի, որ 1988 թ. երկրաշարժից հետո կանգնեցվեցին Կիրովականի քիմիական գործարանները։ Սկզբում դա զուտ երկրաշարժի հետ կապված միջոցառում դիտարկվեց, այնուհետեւ վերագործարկման նպատակահարմարությունը մոռացվեց շրջափակման, ԽՍՀՄ-ի մյուս հանրապետությունների հետ կապերը խզվելու հետեւանքով։ Ինչպես «Նաիրիտի» եւ «Պոլիվինիլացետատի», այնպես էլ Վանաձորի քիմիական համալիրի մասին սկսեցին խոսել որպես գրեթե չվերականգնվող հզորությունների մասին, չնայած, որ հանրապետության երրորդ քաղաքի հիմնական աշխատատեղն ու եկամուտը գոյանում էր հենց քիմիայի հաշվին։ Իրադրությունը սկսեց փոխվել անցած տարվա ամռան սկզբին։ Ինվեստիցիոն բումի ակնկալիքով հանրապետության նոր ղեկավարությունը սկսեց արտասահմանյան հայերին ներդրումներ անելու կոչեր հղել։ Արձագանքներ եղան։ Արձագանքողներից մեկն էլ մոսկովյան «Սրետենկա» բազմաճյուղ ասոցիացիան էր, որի ղեկավարությունը անցյալ տարվա գարնանը եղավ Հայաստանում, ընդունվեց հանրապետության ղեկավարության կողմից։ Հիմնականում հայերից կազմված հզոր ասոցիացիայի ղեկավարությանը առաջարկվեց խոշորածավալ ներդրումներ անել հանրապետության քիմիական համալիրում, առավել եւս, որ «Սրետենկան» քիմիայի բնագավառում աշխատելու բավականաչափ փորձ ուներ։ Դրանից հետո Հայաստան է այցելում «Սրետենկայի» փորձագետների խումբը, որն ուսումնասիրություններից հետո կանգ է առնում Վանաձորի ողջ քիմիական համալիրի վրա։ Ստեղծվում է «Մարկոս հայքիմարդինվեստ» ձեռնարկությունը, որտեղ սկսում են աշխատանքի ներգրավվել համալիրում աշխատած բանիմաց մասնագետներ։ Սկսվում են բանակցությունները ամերիկյան ֆինանսաարդյունաբերական խմբի գործընկերների հետ, որոնք «Սրետենկայի» հետ համատեղ լայնածավալ ծրագրի մասնակցելու պատրաստակամություն են հայտնում։ «Սրետենկայի» ղեկավարության հաջորդ այցելության ժամանակ նրանց արդեն ուղեկցում են ամերիկյան IVKA կոնցեռնի ներկայացուցիչները։ Հանրապետության ղեկավարության հետ բանակցությունները հաջող են ավարտվում։ Որոշվում է ներդրումներ կատարել ոչ միայն Վանաձորի քիմիական գործարանում, այլեւ մանրաթելերի գործարանում եւ Վանաձորի ՋԷԿ-ում, որպեսզի հնարավոր լինի հոսանքի սակագինն իջեցնելու գնով արտադրանքի միավորի գինը մրցունակ դարձնել միջազգային շուկաներում։ Որոշվում է, որ «Սրետենկան» հանրապետության կառավարությանը կներկայացնի մանրակրկիտ մշակված բիզնես-պլան եւ առաջարկությունների փաթեթ՝ առաջիկա տենդերին մասնակցելու համար։ Ասոցիացիայի մասնագետների խումբը 8 անգամ լինում է տեղում, կազմվում է բիզնես-պլան, ըստ որի, համալիրը վերականգնելու եւ աշխատեցնելու համար անհրաժեշտ է ներդնել 55 մլն ԱՄՆ դոլար։ Արդյունքում՝ պետք է ստեղծվեին 5500 աշխատատեղեր, արտադրանքը գրեթե ամբողջությամբ պետք է արտահանվեր Հայաստանից։ Շինարարական-վերականգնողական աշխատանքները որոշված էր սկսել անցյալ տարվա հոկտեմբերին։ Հարցազրույցում «Սրետենկա Պետրոլիումի» գլխավոր տնօրենը շտապողականությունը բացատրում է հետեւյալ կերպ. «Իրանը հսկայական գումարներ է հատկացրել՝ մոտ 6 մլրդ դոլար, նմանատիպ արտադրություն ստեղծելու համար։ Եվ եթե առաջիկա երկու տարում համալիրը չաշխատի, Հայաստանը կարող է հավերժ կորցնել շուկան, որ այսօր դեռ կա։ Դրանից բացի, մի շարք քիմիկատներ արտադրվում էին միջազգային լիցենզիաներով, որոնց մի մասի ժամկետներն արդեն լրացել են, մյուսներինը՝ շուտով կլրանան։ Հապաղման դեպքում Հայաստանը կարող է կանգնել հավելյալ հսկայական ծախսերի առջեւ եւ կորցնել լիցենզիան»։ Հարցի ընթացքը Թվում է, ամեն ինչ պարզ է, եւ «Սրետենկան», ինչպես եւ նախատեսել էր, հոկտեմբերի 1-ից սկսելու է շինարարական-վերականգնողական աշխատանքները։ Տանիքապատման եւ հաղորդակցական սարքավորումների վերականգնման համար «Սրետենկան» սկսում է շինանյութ եւ անհրաժեշտ այլ բաղադրիչներ պատվիրել։ Սակայն, օգոստոսի 13-ին ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Գառնիկ Նանագուլյանը պաշտոնական նամակ է հղում «Սրետենկա» ասոցիացիայի նախագահ Լեւոն Հովհաննիսյանին, որտեղ նշում է, որ նախ հանրապետության ողջ տարածքում էներգետիկ սակագները միացյալ են եւ արտոնյալ տարիֆով քիմիական համալիրին հոսանքի մատակարարումն այնքան էլ պատճառաբանված չէ։ (Ըստ «Սրետենկա Պետրոլիումի» գլխավոր տնօրենի, իրենք ոչ թե ցանկացել են արտոնյալ գնով հոսանք ստանալ հանրապետության էներգետիկ համակարգից, այլ Վանաձորի ՋԷԿ-ին էժան մազութ մատակարարելու գնով առանձին վերցված ուղղությամբ էժանացնել էլեկտրական հոսանքի որոշակի քանակություն, որն անհրաժեշտ է քիմիական արտադրանքի մրցունակությունն ապահովելու համար)։ Դրանից բացի, նախարարի նամակում նշվում է, որ Վանաձորի քիմիական համալիրի տնօրենին իրենք չեն կարող տալ փոխնախարարի կարգավիճակ, քանի որ դա չի համապատասխանում հանրապետության օրենսդրությանը։ (Նամակը ստանալուց հետո «Սրետենկան» չի պնդում այս հարցի վրա, այսինքն՝ հարցն ընդհանրապես հանվում է)։ Նամակի վերջին կետում նշվում է, որ Վանաձորի քիմիական գործարանները կսեփականաշնորհվեն միջազգային տենդերով, որին կմասնակցի նաեւ «Սրետենկան»։ Սրան, բնականաբար, հաջորդում է հանրապետության կառավարության պատրաստակամությունը «Սրետենկայի» հետ միասին քիմիական գործարանները վերականգնելու ուղղությամբ։ Այնուհետեւ սկսվում է անհասկանալին. գալիս ու անցնում է հոկտեմբերի 1-ը։ Հանրապետության կառավարությունը կարծես մոռացել էր հարցի մասին։ Միայն հոկտեմբերի 26-ին արդյունաբերության նույն նախարարը նոր նամակ է հղում Մոսկվա։ Այս անգամ նամակի բովանդակությունն արդեն, մեղմ ասած, տարակույս է հարուցում «Սրետենկայում»։ Այստեղ մասնավորապես նշվում է, որ Հայաստանի կառավարությունը «Սրետենկայից» բացի, շահագրգիռ այլ կողմերի հետ էլ է բանակցել համալիրի սեփականաշնորհման հարցով եւ որոշել է էքսկլյուզիվ բանակցություններ վարել այլ հիմնարկի հետ։ Էքսկլյուզիվության ժամկետը լրանում է դեկտեմբերի 15-ին, որից հետո, եթե չնշված ֆիրմայի հետ բանակցությունները վերջնական արդյունքի չհանգեցնեն, վերստին կսկսվեն բանակցությունները շահագրգիռ մյուս ձեռնարկությունների, այդ թվում՝ «Սրետենկայի» հետ։ Մերժման որեւէ պատճառաբանություն նամակում չկա։ Հարցի էությունը Այսօր փետրվարի 19-ն է, այսինքն՝ դեկտեմբերի 15-ից ավելի քան երկու ամիս է անցել։ Ինչպես նշել ենք հոդվածի սկզբում՝ առաջիկա օրերին կլուծվի Վանաձորի քիմիական համալիրի հարցը։ Երբ կապվեցինք մի շարք պաշտոնատար անձանց հետ, նրանք ոչ միայն հստակ չպարզաբանեցին հարցի լսման ամսաթվի կապակցությամբ, այնպես էլ նույնիսկ չկարողացան հստակ ասել, թե մոտավորապես ինչ որոշում կարելի է սպասել՝ արդեն սեփականաշնորհմա՞ն, թե՞ տենդերի հայտարարման։ Համենայնդեպս, նրանք բոլորն էլ պնդում են, որ այսօր մրցույթին մասնակցող ձեռնարկություններից մնացել է միայն մեկը՝ «Պրոմեթեւս» ընկերությունը։ Բնական է, կապվեցինք «Սրետենկա Պետրոլիումի» գլխավոր տնօրենի հետ՝ ճշտելու համար, թե ինչու այլեւս «Սրետենկան» չի մասնակցում մրցույթին։ Գասպար Պետրոսյանը նույնիսկ զարմացավ մեր հարցից եւ նշեց, որ իրենց առ այժմ որեւէ մեկը տեղյակ չի պահել մրցույթի շարունակման մասին։ Դեռ ավելին, Պետրոսյանի պնդմամբ, իրենք հենց այսօր էլ պատրաստ են մասնակցել մրցույթին, եթե լինի համապատասխան առաջարկություն։ Ի պատասխան «Սրետենկայի» հայտարարության, արդյունաբերության նախարարության քիմիայի վարչության պետ Ռուբեն Շահինյանը նշեց, որ «Սրետենկան» ոչինչ չի արել մրցույթին մասնակցելու համար։ Դրանից բացի, նրանք պայմաններին չեն բավարարում՝ մասնավորապես երկու շատ կարեւոր հարցերում կան տարաձայնություններ, եւ այդ կապակցությամբ «Սրետենկան» տեղյակ է պահվել։ Սակայն մեզ համար այդպես էլ հարցական մնաց, թե ինչու, այնուամենայնիվ, դեկտեմբերի 16-ին համապատասխան նամակով արդյունաբերության նախարարությունը տեղյակ չի պահել մոսկովյան ասոցիացիային տենդերի մասին։ Սրա փոխարեն պաշտոնատար որոշ անձինք պարզապես նետեցին. «Սրետենկան» թող իր շուկաներով զբաղվի։ Շուկաները Դեռեւս ամռանը, երբ նախնական բանակցություններ էին վարվում Վանաձորի քիմիական համալիրի սեփականաշնորհման կապակցությամբ, հանրապետության ղեկավարության կողմից «Սրետենկային» առաջարկվում է ավելի լայնածավալ գործունեություն ծավալել Հայաստանում։ Ծնվում է ապրանքային հզոր տերմինալների ստեղծման ծրագիր Հայաստանում շուկաների լայն ցանցի ներգրավմամբ։ «Սրետենկային» առաջարկվում է ձեռք բերել կենտրոնական երկու շուկաները (Մաշտոցի պողոտայի եւ ՊՀԽ-ի հարեւանությամբ գտնվող)՝ 5 մլն ԱՄՆ դոլարով։ Հանուն լայնածավալ գործունեության, «Սրետենկան» համաձայնվում է խիստ ուռճացրած այս գնով ձեռք բերել վերոնշյալ շուկաները՝ անմիջապես փոխանցելով գումարի կեսը։ Այսինքն, եթե խոսելու լինենք այն մասին, թե ինչ են նշանակում երեւանյան երկու շուկաները «Սրետենկայի» համար, միանշանակ կարելի է փաստել, որ դա ընդամենը կարագի հետ տրվող վերադիր մարգարինն է։ Արդյունքը Խոսքը ո՛չ «Սրետենկա» ասոցիացիայի, ոչ էլ «Պրոմեթեւսի» մասին է։ Խոսքն ընդամենը ինվեստորի նկատմամբ վերաբերմունքի մասին է։ Դրսում աշխատող հայերը սովոր են աշխատելով արդյունքների հասնել։ Տարբեր տիպի զարտուղի ճանապարհներ, որ նրանց է առաջարկվում հայ չինովնիկի կողմից, նրանք ոչ թե ի վիճակի չեն, այլ չեն ուզում հաղթահարել։ Մի քանի տարի հետո Վանաձորի քիմիական համալիրի սեփականաշնորհման գործընթացը կլրացնի ինվեստորներին Հայաստանից հեռու վանելու քրիստոմատիական սցենարների շարքը։ Համենայնդեպս, «Սրետենկայի» ղեկավարությունը, մեղմ ասած, «նեղացել» է Հայաստանից եւ չի բացառվում, որ նրանք ետ հանձնեն արդեն ձեռք բերված շուկաները եւ ընդհանրապես փակեն Հայաստանում իրենց ողջ գործունեությունը։ Եվ դա այն դեպքում, երբ բազմաճյուղ հզոր եւ հեղինակավոր ասոցիացիայի ետեւից մոսկովյան շատ հայ գործարարներ պատրաստակամությամբ իրենց ունեցած գումարներն ու հնարավորությունները կներդնեին Հայաստանում։ B

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել